«Երեք կյանք» սերիալի ավարտից հետո դերասանուհի Մարջան Ավետիսյանը, ում ծննդյան տոնի մասին պատմել ենք, ստեղծագործական նոր փուլում է: «Գուցե մտովի, բայց ստեղծագործական նոր փուլ եմ կանխատեսել ինձ համար, թեև չունեմ մատնանշելու հստակ աշխատանքներ,-ասաց Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհին և նշեց, որ թատրոնում նոր աշխատանքներ են սպասվում: -Մի քանի օր ինձ մոտ թատերային խրախճանք էր' կապված Երևանում Վանաձորի թատրոնի հյուրախաղերի հետ: Վաղուց նման հոգեվիճակում չէի եղել: Հանդիսասրահում նստած կրկին ու կրկին հպարտանում էի իմ վարպետի' Վահե Շահվերդյանի էսթետիկայով, ռեժիսորական խորը լուծումներով և դերասանների բարձր կատարողական արվեստով: Դեռ երկու ներկայացում էլ առջևում են: Մեծ խանդավառությամբ եմ սպասում դրանց»:

Դերասանուհուց պարզեցինք, որ պարբերաբար սերիալներում նկարահանվելուց հետո դադարի կարիք ուներ: Նրա խոսքերով' եթե սերիալը չփակվեր, ինքը պետք է հեռանար. «Դա կփաստեն նաև գործընկերներս: Ինձ համար դժվարացել էր այդ աշխատանքը: Գուցե, որովհետև ասելիք չունեի, թատրոնի ու ստեղծագործական պրոցեսի պակաս կար: Նաև չէի ուզում խաբել առաջին հերթին ինձ, ապա' հեռուստադիտողին. չէ՞ որ արվեստից հեռու յուրաքանչյուր աչք էկրանից կեղծիք է տեսնում»:

Մարջանն այժմ սերիալային նոր առաջարկներ չունի, ինչի պատճառը, ըստ դերասանուհու իր ներքին մերժողականությունն է. «Շատերը կասեն' առաջարկներ չունի, դրա համար է նման պատասխան տվել: Սակայն համոզված եմ, որ այն դերասանները, ովքեր անընդմեջ այդ աշխատանքով են զբաղվել, ինձ կհասկանան: Դա նման է գերության, որը սահմանափակում և ճնշում է դերասանի այն կարևոր հատկանիշները, որոնք կարող են ճիշտ ստեղծագործական պտուղներ տալ»: Այնուամենայնիվ, դերասանուհու համար անժխտելի է այն փաստը, որ սերիալն իրեն շատ բան է տվել. բազմաթիվ դերասան ընկերներ, որոնցից Մարջանը շատ բան է սովորել. «Բացի այդ, քեզ կողքից տեսնելու հնարավորություն ունես, ինչից թատրոնի դերասանը զրկված է: Ի վերջո, հասկացել եմ, թե ինչ է տեսախցիկն ու ինչպես պետք է աշխատել դրա հետ»:
Դերասանուհին դժվարացավ նշել, թե ինչպիսին պետք է լինի հաջորդ դերը, որով նա կներկայանա հեռուստադիտողներին: «Չեմ պատկերացնում ինչպիսին կլինի սերիալային հաջորդ դերս, որովհետև մտքով հեռու եմ այդ ոլորտից: Այնպես որ, կարծում եմ, հեռախոսազանգերն առայժմ կլռեն: Մարդիկ պետք է պատրաստ լինեն լավ գործ անելուն այնպես, ինչպես ես եմ պատրաստվում»,-ասաց նա:
Մարջանի փոխանցմամբ' այժմ իրեն մենությունն է ձգում, և նա քիչ է շփվում մարդկանց հետ, փոխարենը, կարդում է ու ֆիլմեր դիտում, ինչպես նաև մտածում է ապագա անելիքների մասին. «Դրանք շատ են ու իրականանալի: Ավելի շատ բեմում լինելու մասին եմ մտածում»:

Զրույցի ընթացքում դերասանուհին խոսեց նաև երկրի վիճակի մասին և մեր պետությունը համեմատեց թատերախմբի հետ: «Երբեմն մեր պետությունը նմանեցնում եմ մի մեծ թատրոնի, որտեղ բոլորն օժտված են կատարողական բարձր արվեստով: Առաջին պլանում գտնվողները ճնշում են իրենցից կրտսերներին' իրարից խլելով այն դերերը, որոնք իրենց դիրքերում մնալու հնարավորություն կտան: Այս ամենն իմ թատերական երևակայության տեսանկյունից,-նշեց Մարջանը' ավելացնելով,-Մեր պետությանն անհապաղ կառուցողական փոփոխություններ են պետք, որովհետև յուրաքանչյուր խնդիր ծայր է առնում դրանից ու տարածվում մյուս ոլորտների վրա. դա կլինի հեռուստատեսություն, թե թատրոն»:
Այս բոլոր խնդիրները հաշվի առնելով, դերասանուհին, այնուաամենայնիվ, հավատում է մեր վաղվա օրվան:

 

Զրուցեց Արևիկ Իսաջանյանը