Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ ամուրի է' ամեն դեպքում՝ իրավաբանական առումով. այսպես է սկսվում El Mundo իսպանալեզու թերթում հրապարակված հոդվածը, որը թարգմանաբար ներկայացրել է inopressa.ru կայքը։

«Ամուսնալուծությունից երեք ամիս անց խոսակցությունները պետության ղեկավարի և օլիմպիական չեմպիոնուհի, այժմ ռուս խորհրդարանական Ալինա Կաբաևայի ամուսնության մասին ամեն շաբաթ նոր ուժով են վերադառնում»,- պնդում է լրագրող Խավիեր Կոլասը։

Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դարձյալ և դարձյալ հայտարարում է, որ նախագահի անձնական կյանքի մասին տեղեկությունները սուտ են։

Կոլասը նշում է, որ այդ բամբասանքներն ավելի հեշտ կլիներ լռեցնել, եթե կինը, որին ուղղված են բոլորի հայացքները՝ «ճկուն Կաբաևան», սովորություն չունենար խոսակցությունների ամեն ալիքին զուգահեռ հարցազրույց տալու, որում նա ասում է, որ սիրահարված է առեղծվածային մի տղամարդու, որի անունը չի կարող նշել։

Սակայն Կոլասը գտնում է նաև այդ հարաբերությունները թաքուն պահելու մեկ այլ պատճառ՝ Պուտինի գրավչությունը ռուս կանանց շրջանում։ Համաձայն 2012թ.-ի հոկտեմբերին հրապարակված հարցման՝ յուրաքանչյուր 6-րդ կին ուրախ կլիներ ամուսնանալ նրա հետ։

Կանանց տպավորում է նախագահի կերպարը՝ որպես առողջ ապրելակերպ վարող մարդու։ Եվ հիմա, քանի որ նախագահը պաշտոնապես ամուսնացած չէ, որոշ կանայք հավատում են, որ «հախճապակե կոշիկն» իրենց համապատասխան կլինի։

Պուտինը հանդես է գալիս որպես կենդանիներ փրկող, դելտապլանի օդաչու, մերկ իրանով հեծյալ։
«Դա ամրապնդում է գործի մարդու մասին լեգենդը, որը շարունակվում է այն պահից, երբ 1999թ.-ին, նախագահի պաշտոնը ստանձնելուց մի քանի ամիս առաջ, նա մարտահրավեր նետեց չեչեն ապստամբներին»,- նշվում է հոդվածում։

Վերջին ժամանակներում՝ Սիրիայի իրադարձությունների հետ կապված, Պուտինի աուրայում նոր կերպար հայտնվեց՝ խաղաղապահի կերպարը։
Կոլասի խոսքով՝ Պուտինը կանխեց Սիրիային հարված հասցնելու հավանականությունը, ինչն աջակցության արժանացավ Մոսկվայի ամենահայտնի ակումբներից մեկի՝ Golden Girls-ի մերկապարուհիների կողմից։ Նրանք էրոտիկ օրացույց ստեղծեցին, որով կոչ արեցին՝ «Զբաղվեք սիրով, այլ ոչ պատերազմով»։

«Սա առաջին դեպքը չէ, երբ աղջիկների խումբը մերկանում է հանուն նախագահի»,-նկատում է հեղինակը՝ հիշեցնելով Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներին, որոնք նման օրացույց ստեղծել էին դեռևս 2010թ.-ին։