Բրիտանական SaleLand.co.uk կայքի անցկացրած հարցման արդյունքները կարող են աղջիկներին ստիպել զգուշանալ։ Հարցմանը մասնակցած 550 տղամարդկանցից յուրաքանչյուր 8-րդը պատրաստ է միայնակ մնալ, եթե դրա դիմաց ստանա iPhone 5S սմարթֆոն։ Հարցվածների 3%-ն էլ պատրաստ է նույն պարգևատրման դիմաց լքել ընկերուհուն, գրում է newsru.com-ը։
«Մենք հանդիպում ենք 3 տարի, սակայն եթե անհրաժեշտ լինի ընտրություն կատարել նրա ու iPhone 5S-ի միջև, ես կլքեմ նրան առանց մտածելու»,- ասել է հարցման մասնակիցներից մեկը։
Սակայն միայն Apple-ի նոր արտադրանքը չէ, որ կարող է կործանել սերը։
«Իհարկե, ես ոչ մի դեպքում չեմ փոխի իմ ընկերուհուն iPhone-ի հետ։ Սակայն նոր Samsung Galaxy-ն ինձ համար գայթակղիչ կլիներ»,- կարծում է մեկ այլ մասնակից։ Եվ 5%-ը նրա հետ համաձայն է՝ պատրաստակամություն հայտնելով խզել հարաբերությունները հանուն սմարթֆոնի։
«Մեզ համար, իհարկե, անսպասելի էր, որ յուրաքանչյուր 8-րդ տղամարդը պատրաստ է հրաժարվել սիրուց հօգուտ հեռախոսի։ Նոր iPhone-ն ունի շատ տարբեր գործառույթներ, սակայն նույնիսկ այն չի կարող փոխարինել ռոմանտիկան և հարաբերությունները»,- նշել է հարցման կազմակերպիչներից մեկը։
Սակայն տեխնիկայի սիրահարներին խորհուրդ չի տրվում շուտափույթ խզել իրական հարաբերությունները, չէ՞ որ մեկ տարի անց, հնարավոր է, թողարկվի հաջորդ մոդելը, գրում է աղբյուրը։