Միլիոնավոր մարդկանց նման ես նույնպես մեծացել եմ ոչ լիարժեք ընտանիքում. ծնողներս բաժանվել են, երբ դեռ փոքր էի: Դրանից հետո հորս երբեք չեմ տեսել, ոչ էլ շփվել եմ: Ընդհանրապես տեղեկություն չունեմ, թե որտեղ է և ինչով է զբաղվում, այսինքն այնպես է ստացվել, որ անհատ դառնալու ամենակարևոր պահերին իմ կյանքում հայր չի եղել:

Ոչ լիարժեք ընտանիքների վիճակագրությունը ստիպում է հավատալ, որ ոչ լիարժեք ընտանիքում մեծացած բոլոր տղաները վերջիվերջո դառնում են հարբեցող, թմրամոլ, հայտնվում են բանտում կամ պարզապես անհաջողակ են լինում, իսկ աղջիկները դառնում են մարմնավաճառ կամ թեթևաբարո, բայց դա այդքան էլ այդպես չէ: Շնորհիվ առանց հոր մանկության ես ինձ վրա չեմ զգացել նրա վատ ազդեցությունը, դարձել եմ բավականին հաջողակ մարդ և հավատում եմ, որ կարող եմ իմ լավատեսությամբ փոխել մյուսների կյանքը:

Ես շատ բան եմ սովորել: Ահա թե ինչ:

1. Այն, որ դու երեխա ունես, քեզ հայր չի դարձնում

Այսինքն բառիս բուն իմաստով դու կենսաբանական հայր ես. նպաստել ես նրա ծագմանը, բայց երեխայի աչքերում դրանով դու հայր չես դառնում: Այդ կոչմանը պետք է արժանանալ աջակցությամբ (բարոյական և ֆինանսական), նրանով, որ կողքին ես: Երեխայի համար դու հայր չես դառնա, եթե չաշխատես և նրան օգնության չգաս, երբ նա դրա կարիքն ունենա:

2. Տղամարդը պետք է ինքնուրույն լինի

Չի կարելի կախված լինել ինչ-որ մեկից կամ վստահել քո միջոցները մեկ ուրիշին: Ցանկացած պահի մարդիկ կարող են անհետանալ քո կյանքից: Բարեբախտաբար ես դա բավականին վաղ տարիքում հասկացա. կյանքը սովորեցրել է ինձ, որ ոչ ոք իմ փոխարեն չի իրականացնի իմ երազանքները, ոչ ոք չի ապահովի ինձ նրանով, ինչի կարիքն ունեմ և ոչ ոք ինձ ամեն ինչ պատրաստի չի մատուցի:

Ժամանակակից աշխարհում այլևս կարիք չկա զբաղվել որսով և հավաքչությամբ, որպեսզի գոյատևես, բայց ինքնուրույնությունը լցվել է նոր իմաստով. այսօր ավելի կարևոր է բարեկեցությունը, քան գոյատևումը: Մեր օրերում կարող ես ինքնուրույ դառնալ հետևյալ միջոցներով.

Լավ կրթություն ստացիր

Բաց եղիր տարբեր մշակույթների, թեմաների, տեսակետերի և մարդկանց համար: Որքան շատ բան իմանաս, որքան շատ թեմաների ծանոթ լինես, այնքան ավելի հեշտորեն կկարողանաս լուծել խնդիրներդ: Զարգացրու բազմազան ու բազմաթիվ կարողություններ, որոնք գնահատում են գործատուներն ու այլ մարդիկ:

Երբեք մի թող, որ վախը կանգնեցնի քեզ

Վախը, թերևս, մարդկանց մեծամասնության համար մեծագույն խոչընդոտն է: Այն թույլ չի տալիս հաջողության հասնել, չի տալիս ցանկալին և ստիպում է կախված լինել մյուս մարդկանցից:

3. Տարիքի հետ տղամարդ չեն դառնում

Օրենքով մարդ չափահաս է դառնում 18 տարեկանում. այդ տարիքում են տղաները սկսում իրենց տղամարդ զգալ, բայց դա միայն ձևականություն է: Տղամարդ են դառնում փորձի միջոցով: Մեկին չափահաս դառնալուց հետո դեռ տասնյակ տարիներ են պետք, որպեսզի տղամարդ դառնա, մյուսն էլ 10 տարեկանում արդեն տղամարդ է:

Այս բաները կօգնեն քեզ տղամարդ զգալ

-անհաջողության համար պատասխանատվություն կրել,

-դադարել համառել և սովորել սխալների վրա,

-սովորել գլուխ հանել տարբեր իրավիճակներից, դադարել անտեղի արձագանքել դրանց,

-ավելի շատ բան իմանալ ինքդ քո մասին:

4. Կյանքում պետք է գտնել սեփական ուղին, այլ ոչ հետևել ինչ-որ մեկին

Ես այդպես էլ չեմ հասկանում, թե ինչպես են բազմաթիվ երիտասարդներ որոշում զբաղվել նրանով, ինչ արել են իրենց հայրերը: Եթե իսկապես սիրում են իրենց հայրերի մասնագիտությունը, ապա հիանալի է, բայց մի՞թե նրանք չեն ուզում ընտրել այնպիսի բան, որով երբեք չեն զբաղվել իրենց ընտանիքում, փնտրել չբացահայտված արահետներ:

5. Երբեմն հոգևոր ուժն ավելի կարևոր է ֆիզիկականից

Տղամարդու մարզված մկաններն ուժ չունեն, եթե հոգու խորքում նա թուլամորթ է: Եթե ցանկանում ես իսկական տղամարդ ու խոսքի մարդ լինել, մարզասրահի աբոնեմենտով գործը գլուխ չես բերի: Իսկական տղամարդը պաշտպանում է թույլերին, հաստատակամ է մնում իր համոզմունքներին, չի խուսափում նայել վախի աչքերին, անհաջողություններին և քննադատությանը: Նա չի վախենում պատասխանատվությունից և գնում է մինչև վերջ:

6. Պարտադիր չէ, որ հայրդ լինի քո ընդօրինակման առարկան

Եթե հայրդ լքել է ընտանիքը, և դու չես ցանկանում նմանվել նրան, գտիր մեկին, ում հպարտությամբ հայր կկոչես: Ցանկացած մարդու կյանքում պետք է հոր կերպար, անգամ երբ ինքն արդեն բավականին մեծ է: Պարտադիր չէ այդ մարդուն անձամբ ճանաչել: Կարդա, նայիր, ուսումնասիրիր այդ մարդկանց, հետևիր նրանց խորհուրդներին: Թող նրանք լինեն քո ընդօրինակման առարկան:

Ի՞նչ է և ի՞նչ չէ տղամարդը

Տղամարդը նա չէ, ով…

փախչում է պատասխանատվությունից,

փնտրում է արդարացումներ,

ուժ է կիրառում կնոջ հանդեպ,

եսասեր է:

Տղամարդը նա է, ով…

հաստատակամ է իր համոզմունքներում, անգամ եթե ոչ ոք նրան չի աջակցում,

գնում է իր ճանապարհով,

բաց է ամեն նոր բանի համար,

ում երեխաները հպարտությամբ «հայր» են անվանում:

 

Հեղինակ` Mari Love