Պետք չէ չարաշահել մրգային հյութերը, քանի որ այնտեղ չափազանց շատ է շաքարի պարունակությունը: Քաղցր ըմպելիքներն ավելի լավ է փոխարինել չորացրած մրգերով (չրերով):
Բենգոր համալսարանի գիտնականները ցույց են տվել, որ մեկ բաժակ հյութի մեջ կարող է պարունակվել մինչև հինգ թեյի գդալ շաքար: Իսկ շաքարի մեծ քանակը կարող է նպաստել գիրացմանը և խախտել օրգանիզմի նյութափոխանակությունը: Քանի որ քաղցր հյութը արագ ներծծվելու հատկություն ունի, ուստի շաքարի քանակը արյան մեջ կարող է կտրուկ բարձրանալ: Մասնագետները խորհուրդ են տալիս ավելի շատ օգտագործել մրգեր և բանջարեղեն, որտեղ օգտակար նյութերն ավելի շատ են:
Բժիշկ Հանս-Պիտեր Կուբիսի կարծիքով, հյութերը կարող են փոխել մարդու համային նախընտրությունները: Որքան շատ քաղցր է մարդն օգտագործում, այնքան մեծանում է օրգանիզմի պահանջը քաղցրի նկատմամբ: «Ցավոք, մարդիկ հաճախ գերադասում են հյութը, քան թարմ միրգը» - ասում է գիտնականը: Հյութերի սիրահարներին նա խորհուրդ է տալիս այն բացել ջրով 1:4 հարաբերությամբ:
Լիդսի համալսարանում անցկացված ուսումնասիրություններից պարզվել է, որ չոր մրգերի մեջ շատ են վիտամինները, հակաօքսիդանտները և բջջանյութը, որոնք նպաստում են օրգանիզմի նյութափոխանակության վերականգնմանը: Չիրը կարող է օգնել սիրտ-անոթային և նույնիսկ քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարում:
Գիտնական Հերի Ուիլյամսոնը խորհուրդ է տալիս ամեն օր չիր ուտել:
Պարունակելով պոլիֆենոլներ, չրերն ուժեղացնում են օրգանիզմի դիմադրողականությունը, իսկ բջիջները պաշտպանում են քայքայումից: Բարենպաստ են նաև մաշկի և մկանների համար, կարող են օգնել տարբեր տեսակի վարակների դեմ պայքարում: