«Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը չի կարող հերքել այն կարծիքը, որ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի հեղինակությունն ընկել է ձայների գնման հետ կապված վերջին սկանդալի պատճառով, միաժամանակ նա նշում է, որ իրականում այդ մրցույթին մասնակցելն էլ մեծ ռիսկ է։
Այս ամենին զուգահեռ՝ հայաստանյան պատվիրակության ղեկավարը դեռևս չի կարող ասել, թե Հայաստանը նույնպես կհետևի 5 երկրների օրինակին՝ հրաժարվելով 2014թ. մայիսին Դանիայում կայանալիք մրցույթի մասնակցությունից:
«Մենք դեռ չենք կարող հաստատել այս պահի դրությամբ մեր մասնակցությունը, որովհետև ամբողջությամբ զբաղված ենք մանկական «Եվրատեսիլով»: Մեծերի «Եվրատեսիլի» հետ աշխատանքներն արդեն կսկսվեն, երբ մանկական «Եվրատեսիլին» մեր մասնակցությունն ունենանք»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։
Գոհար Գասպարյանը պարզաբանեց, թե ինչու են որոշ երկրներ հրաժարվում մասնակցել երգի մրցույթին։ «Բնականաբար ցանկացած հանգամանք ազդում է վարկանիշի վրա, այն, որ նախորդ տարի «Եվրատեսիլը» լի էր սկանդալներով՝ կապված ձայների գնման հետ, շատ ազդեց մրցույթի վրա։ Վստահ եմ, որ որոշ երկրների համար հենց դա է խնդիրը եղել, որ իրենք կորցրել են վստահությունը և հետ են կանգնել մասնակցությունից»,-ասաց նա։
Միաժամանակ նշեց, թե քիչ չէ նաև մասնակցության գումարի խնդիրը։ «Իսկապես ֆինանսը մեծ խնդիր է «Եվրատեսիլի» համար, պարզապես կարող է գումարներ տրամադրես և չգիտես՝ լավ արդյունք կլինի՞, թե ոչ. ռիսկը մեծ է: Իսկ գիտենք, որ հիմա Եվրոպական երկրներ կան, որտեղ իսկապես տնտեսական ճգնաժամ է, այդ երկրները չեն կարողանում իրենց բյուջեի մեջ տեղավորվել։ Այլ հարց է, որ դու քո առաջ այլ նպատակ ես դնում, ուղղակի լավ ելույթ ունենալու, տպավորություն թողնելու և քո երկրի անունը ևս մեկ անգամ հնչեցնելու»,-նշեց նա։
Հարցին, թե Հայաստանի դեպքում հենց ա՞յդ տարբերակն է, Գոհար Գասպարյանը պատասխանեց, որ իրենց նպատակը միշտ էլ եղել է պատշաճ ելույթ ունենալը, ինչպես նաև ևս մեկ անգամ երկիրը ներկայացնելը։
«Իսկ արդյունքները, գիտենք, որ «Եվրատեսիլում» անկանխատեսելի են, իսկ եթե դու գնում ես մի պայքարի, որին կանխատեսումներ չես կարող անել, ուրեմն պարզապես պետք է առաջնորդվես վերջին շրջանի տենդենցներով, կամ պրոֆեսիոնալ մարդկանց կարծիքը հաշվի առնես։ Այսինքն՝ սա առաջին հերթին լավ հեռուստաշոու է հեռուստադիտողի համար։ Կարծում եմ՝ պակաս կարևոր չէ, որ լավ ժամանակ ապահովես հեռուստադիտողի համար, միաժամանակ երկրիդ անունը հնչեցնես և ինչու՞ չէ, նաև եթե լավ տեղ զբաղեցնես, ավելի լավ վարկանիշ կբերես երկրիդ համար»,-ասաց նա։
Թե ինչքա՞ն է մասնակցության վճարը, Գոհար Գասպարյանը նշել չէր կարող: «Ամեն երկրում տարբեր է մասնակցության վճարը, դա կախված է երկրի բնակչության քանակից, տարածքից, այսինքն՝ որքան մեծ է երկիրը, որքան բնակչությունը շատ է, այնքան մասնակցության գումարը նրանց մոտ շատ է սովորաբար լինում։ Այսինքն՝ երկրներ կան, որոնք ռեալ կարող են ունենալ ֆինանսական խնդիր, որովհետև դա ահռելի գումար է կազմում, երկրներ կան, դրանք սովորական մասնակցության գումար են, որոնք իրենց տարվա բյուջեի մեջ տեղավորում են, և այդ երկրներն ամեն տարի էլ մասնակցում են։ Կոնկրետ գումար նշել չեմ կարող, քանի որ մենք այդ գումարները չգիտենք, որովհետև Եվրոպական հեռարձակողների միությունն ամեն երկրի համար սահմանած ունի իր գինը, որոնք հրապարակման ենթակա չեն»,-ասաց նա։
Խոսելով արդեն իսկ շրջանառվող այն տեղեկությունից, թե հնարավոր է 2014 թ-ի միջազգային երգի մրցույթին մասնակցի Սիրուշոն՝ Գոհար Գասպարյանը պատասխանեց. «Նման ասեկոսեներ, նման տարբերակներ առհասարակ երկրպագուներն են առաջ քաշում, որովհետև ցանակնում են տեսնել տվյալ երկրի առաջատարներին նմանատիպ միջոցառումներին: Դա նորմալ է, և մենք բնականաբար այս ամեն ինչին հետևում ենք և հաշվի առնում՝ հանդիսատեսի կարծիքը, համակրանքը, սակայն դեռ աշխատանքներ չեն տարվում այդ ուղղությամբ, հենց լինի մեր հաստատումը և պատրաստակամությունը, այդ ժամանակ էլ կասենք»,-եզրափակեց նա։
Հիշեցնենք, որ Խորվաթիայի, Չեխիայի, Սլովակիայի, Լյուքսեմբուրգի և Անդորայի ներկայացուցիչները հայտնել են, որ չեն մասնակցի մրցույթին: Խորվաթիան չի ցանկանում մասնակցել տնտեսական պատճառներով, երկրում ճգնաժամ է և պատրաստվելու ու ելույթի համար գումար չկա: Նույն պատճառաբանությունն են ներկայացրել նաև Լյուքսեմբուրգը, Անդորան և Չեխիան, ովքեր նշել են, որ բնակչությունն այդ երկրներում կորցրել է հետաքրքրությունը «Եվրատեսիլ»-ի նկատմամբ:
Իսկ սլովակները կարծում են, որ «Եվրատեսիլ»-ն իրենց հնարավորության սահմաններից դուրս է, քանի որ երկիրը երբեք չի հաղթել մրցույթում: