Ռուսական «Pussy Riot» փանք խմբի անդամ Նադեժդա Տոլոկոննիկովան, ով ազատազրկման մեջ է երկու տարի ժամկետով, այսօրվանից հացադուլ է հայտարարել: Նա իր ամուսնուն փոխանցած նամակում գրել է, թե իր հացադուլն ուղղված է գաղութում առկա անթույլատրելի պայմանների դեմ, և գաղութի վարչակազմը սպառնում է իրեն սպանել: Նադեժդայի ներկայացմամբ' Մորդովայում գտնվող գաղութում անմարդկային պայմաններ են, բանտարկյալները աշխատում են օրական 16 ժամ' գրեթե բոլոր կիրակիներին, բանտարկյալներին հանգստի օր տրվում է մեկուկես ամիսը մեկ անգամ, նրանք հաճախ ենթարկվում են բռնության, նրանց ծեծում են, վախեցնում: Եվ այդ ամենը կատարվում է այլ բանտարկյալների միջոցով, ովքեր ջոկատների ավագներ են կամ բրիգադի վարպետներ' գաղութի ղեկավարության հրահանգով:
Հիշեցնենք, որ Նադեժդան և ևս խմբի երկու անդամ անցյալ տարի ազատազրկվեցին Քրիստոս Փրկչի տաճարում «Տիրամայր, հեռացրու Պուտինին» երգ-աղոթքը կատարելու համար: Նադեժդան պուտինյան ռեժիմի զոհերից մեկն է, ով երկու տարով Մորդովայի ուղղիչ աշխատանքային գաղութում համալրում է Ռուսաստանում խոսքի և խղճի ազատության համար դատապարտվածների շարքը:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ