Դրամատիկական թատրոնի դերասանուհի Լուիզա Ղամբարյանը, ով կերտել է տասնյակ դերեր թատրոնում և մի քանի սերիալներում, փորձեց անկեղծանալ' պատասխանելով իր անվան և ազգանվան առաջին տառերով կազմած հարցերին: Նշենք, որ հարցազրույցն անցկացվեց բավականին ճնշող միջավայրում' հիվանդանոցում, որտեղ Լուիզան մասնակցում էր սերիալի նկարահանումներին,-այս մասին փոխանցում է Tatron.info-ն:
-Լինում է ,չի լինում Լուիզա անունով աղջիկ է լինում: Էս Լուիզան շատ…
-Էս Լուիզան շատ տարբեր տեսակի մարդ է լինում, թե' հորոսկոպի իր նշանի ազդեցությունը կրելով ( ի դեպ, երկվորյակ եմ), թե' դաստիարակությամբ: Նա և' անսանձ է, և' կառավարելի, և' չենթակվող է, և' շատ հնազանդ, անգամ ինքնուրույն և շատ անպաշտպան. գունեղ անհատականություն: Թույլ տվեք անհամեստորեն ասել' ես փոքրուց անհատականություն էի: Հետո էս Լուիզան մեծանում է ու որոշում է փոխել աշխարհը, բայց երբ հասկանում է, որ Ձմեռ պապիկ իրականում չկա, կպնում է հողին… Այժմ միայն ցանակնում է իր մասնագիտությամբ ապահովել ու միջից հանել այն, ինչ կա…
-Ու՞ր կճափորդեիք, եթե գտնեիք ժամանակի մեքենա:
-Ապագա... Ինձ ավելի հետաքրքիր է իմանալ այն, ինչ սպասվում է, ոչ թե այն, ինչ եղել է… Կուզեի ապրել հարյուր տարի անց…
-Ի՞նչ դեր զբաղեցնում նորաձևությունը Ձեր կյանքում:
-Բավականին պասիվ: Ես երբեք չեմ հետևել ո'չ հագուստի, ո'չ ինտերիերի տենդենցներին. չի հետաքրքրում:
-Զարթուցիչի ձայնին ինչպե՞ս եք վերաբերում:
- Շատ վատ: Չեմ սիրում, երբ ժամանակը հիշեցնում է իր մասին:Բացի այդ սիրում եմ քնել…
-Ասում են, որ կյանքը բումերանգ է: Համամի՞տ եք:
-Իհարկե: Ափսոս, օրինակներս անձնական են… Ժամանակի ընթացքում ավելի եմ համոզվում, որ ինչ ցանես, այն էլ կհնձես… Սա չի վերաբերում միայն նյութականին, ավելի խորքային է հարցը' զգացմունքային…
-Ղեկին կին է: Արդյոք խախտումները շա՞տ են:
-Համոզված եմ, որ քսանմեկերորդ դարը կնոջ դարն է…Այժմ ընթերցում եմ Անգլիայի թագուհու մասին պատմող գիրք և համոզվում, թե համաշխարհային իրականության մեջ, որքան մեծ է նրա դերը…Համապատասխան վայրում, ժամին ու դեպքում կնոջ ճիշտ կառավարումն ավելի արդյունավետ է լինում, քան տղամարդունը (իհարկե, ոչ միշտ)… Միանշանակ, խախտումները շատ չեն… Կանայք հաճախ ավելի կառուցողական են ու տեղ-տեղ դոմինանտ, սակայն չեմ բացառում, որ տղամարդու միտքն ավելի ճկուն է….
-Անապատում միակ ուղեկիցը ո՞վ կլիներ, եթե հնարավորություն ունենայիք ընտրելու միայն մեկ մարդու:
-Կպատասխանեմ' որպես մայր' աղջիկս… Ես իրեն եմ պետք,ինքն' ինձ… Աշխարհում չկա մեկը,ով ինձ ավել ոգեշնչի ու գոտեպնդի, քան նա…
-Մոր կողմից ստացած ամենամեծ կյանքի խորհուրդը:
-Ցավոք, ես այդ խորհրդին չեմ հետևում:Մայրս ասում է,որ իմ ամենամեծ թերությունը անզսպությունն է…
-Բացահայտե՞լ եք երջանկության Ձեր բանաձևը:
- Չկա բանաձև: Երջանկությունն էլ մի բան չէ, որ գտնես ու կարողանաս պահպանել… Երբ այն ձեռքումդ է, չես զգում դրա իրական մեծությունը… Չկա մի մարդ, ով միշտ երջանիկ լինի… Երջանկություն ծնելու բանաձևը ես գտել եմ… Դա կյանքի դժվարություններին այլընտրանքային կերպով նայելն է: Երջանկության բանալիս է ամուր, չհորինված ընտանիքս… Երջանկությունն այնքան հարաբերական է: Ես ինձ երջանիկ եմ զգում անգամ այն ժամանակ, երբ աղջիկս թաքուն նկարում է պատերին ու երբ տեսնում է, որ նկատեցի, խուճապի մեջ է ընկնում, փորձում է արդարացնել իրեն…
-Ասում են' մարդ կյանքում պետք է փորձի ամեն բան: Ի՞նչ չէիք անի երբեք:
-Չեմ ասի: Արել եմ ու էլ երբեք չեմ անի:
-Րոպեն դար է թվում, երբ…
- Երկու դեպքում. երբ համբուրվում ես սիրածդ տղամարդու հետ ու քեզ րոպեն դար է թվում, կամ'դաժան սպասման ընթացքում…
-Յոթ ամենահիշարժան պահերը:
-Ի ուրախություն ինձ' հետաքրքիր ու երջանիկ պահերը շատ են եղել… Առաջինը կնշեմ, որ 2005թ. հունիսի 29-ին' 21:30-ին, ես մայր դարձա: Կառանձնացնեմ առաջին սերս, իմ ու ամուսնուս ոչ պաշտոնական պսակադրությունն Երուսաղեմում, շախմատի հավաքականի հաղթանակը…
-Ամենահիշվող ծննդյան տարեդարձը…
-Երբ ամուսինս ինձ նվիրեց երազանքներիս քաղաք' Իտալիա, ուղևորվելու երկու տոմս: Հիշարժան էր նաև այն տարեդարձս, երբ իմ երկրորդ սերը մեր տան շքամուտքից մինչ ցայտաղբյուր պատել էր վարդերով…
-Ներել կամ չներել, ի՞նչ պարագայում, ե՞րբ:
-Իսկ ո՞վ ենք մենք, որ ներենք կամ չներենք… Փորձում եմ պատվիրաններին հետևելով ապրել: Ես իմ մեջ չարություն չեմ պահում: Իսկ եթե որևէ մեկը դավաճանում է հոգեպես, ապա պետք է փնտրել պատճառները: Ես վստահ չեմ, որ նրա դեպքում ինքս էլ այդ քայլը չէի անի...