«Երկնքից երեք խնձոր ընկավ» հեքիաթասացության և բարբառի փառատոնն այս տարի կնշի իր 5-րդ հոբելյանը:
Արդեն 5-րդ անգամ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում անցկացվող այս փառատոնը Երևանի, մարզերի և Սփյուռքի հեքիաթասացներին հնարավորություն է տալիս Անդերսենի, Գրիմ եղբայրների, Լինդգրենի, Մարշակի, Պերոյի, Բաումի հեքիաթները հնչեցնել հայկական տարատեսակ բարբառներով:
Իր հնգամյա պատմության ընթացքում փառատոնը կրել է բազմաթիվ փոփոխություններ: Իբրև հեքիաթագիրների «ներկայացուցիչներ»' ծրագրվում է փառատոնին մասնակից դարձնել օտարերկրյա դիվանագիտական կորպուսի անդամներին: Որոշակի փոփոխություն կկատարվի նաև Հայաստանում բնակվող ազգային համայնքների մասնակցության կարգի մեջ: Եթե մինչև հիմա ազգությունները պատմում էին իրենց ազգային հեքիաթները իրենց իսկ մայրենի լեզվով, ապա այս անգամ իրենց մայրենիով նրանք կպատմեն հայկական որևէ հեքիաթ:
Փառատոնի ընթացքն ինքնին նման է լինելու եռօրյա բեմադրված մի հեքիաթի: Այս «բեմադրության» թերևս ամենահետաքրքիր դրվագներից մեկն է թագավորի «Պուճուր տղի» և «Պուճուր աղջկա» տիտղոսի շնորհումը: Այս տարի նախորդ 4 տարիներին «Պուճուր տղի» և «Պուճուր աղջկա» տիտղոսին արժանացած հեքիաթասացների յուրատեսակ հավաք կանցկացվի, որտեղ նրանք միմյանց հետ պետք է մրցեն' այդ տիտղոսը պահելու համար: Նրանք ստիպված կլինեն հանդիսականին և ժյուրիի անդամներին «մի էն տեսակ սուտ ասել», որ վերջիններս չհավատան: Ամենից ամենա «ստի» հեղինակները ցկյանս կօծվեն արքայազն կամ արքայադուստր:
Փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 20-22-ը Հովհ. Թումանյանի տուն-թանգարանում: