Երգիչ Դավիթ Ամալյանը տեղյակ չէ, թե ով է քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը: Newsbook.am-ի հետ զրույցում Ամալյանն ասաց, որ վերջերս ընդհանրապես նման բաներով չի հետաքրքրվում։ Մենք նրան տեղեկացրինք, որ Առաքելյանը բանտում է գտնվում քաղաքական հայացքների համար, Ամալյանը հետաքրքրվեց՝ ո՞ր հայացքների։ Հետևաբար, Ամալյանը տեղյակ չէր նաև Տիգրան Առաքելյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու նախաձեռնությանը։

«Ամեն դեպքում, եթե ազատազրկված է, ես կողմ եմ ազատվելուն, այսինքն՝ միանում եմ, բայց տեղյակ չեմ քաղաքական որ հատվածին է պատկանում, համենայն դեպս, ինձ քաղաքական գործիչները չեն հետաքրքրում, բայց եթե բանտարկյալ կա, կուզեմ, որ ազատվի ։ Նախաձեռնությանը միանում եմ , ես ինքս ուզում եմ, որ որևէ քաղբանտարկյալ չլինի»,- նշեց նա։ Մեր հարցին, թե իշխանության ներկայացուցչի՝ ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու համար վեց տարի ազատազրկման դատապարտելը համարժեք պատիժ է համարում, Ամալյանը պատասխանեց՝ ոչ, որովհետև «ավելի վատ հանցանքներ կան, որ ընդհանրապես չեն պատժվում, կամ ավելի մատչելի են պատժում, բոլորս տեղյակ ենք»։

Ամալյանի կարծիքով՝ նման օրինակներ պետք չէ փնտրել, որովհետև շրջապատում անընդհատ դրա օրինակները կան։ Նրանից հետաքրքրվեցինք նաև, թե ինչ կարծիքի է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու ազատման մասին։ «Ո՞նց կարամ արդար համարեմ»,- եզրափակեց երգիչը։

Ավելի վաղ երգչուհի, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը ևս մեր թղթակցի հետ զրույցում ասել էր, որ չի ճանաչում Տիգրան Առաքելյանին ու անջատել էր հեռախոսը։

Հիշեցնենք, որ 2011թ. օգոստոսի 9-ին Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստների և ոստիկանության աշխատակիցների միջև տեղի ունեցած միջադեպից հետո մինչ օրս քաղաքական հետապնդումը Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստների նկատմամբ շարունակվում է: Վերջիններս դատապարտվել են 2-6 տարվա ազատազրկման, իսկ Տիգրան Առաքելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Օրերս էլ Ազգային ժողովի «Հայ Ազգային Կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը դիմել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Եվա Դարբինյանին' խնդրելով կոնգրեսական ակտիվիստ Տիգրան Առաքելյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել անձնական երաշխավորությունը: Ինչից հետո նրան են միացել նաև ռեժիսոր, արվետասագետ Աշոտ Ադամյանը, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը, դերասան Հովհաննես Ազոյանը և այլ անձինք: