Newsbook.am-ը զանգահարել էր երգչուհի, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանին՝ իմանալու նրա կարծիքը քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի նկատմամբ կայացրած վճռի և խափանման միջոցը անփոփոխ թողնելու մասին վճռի վերաբերյալ:

Մեզ հետաքրքրում էր նաև, թե կմիանա արդյո՞ք Շուշան Պետրոսյանը այն հասարակական, մշակութային և քաղաքական գործիչներին, ովքեր դատապարտում են Տիգրան Առաքելյանին կալանքի տակ պահելը:

Ի պատասխանան մեր հարցադրումներին՝ վաստակավոր երգչուհին արձագանքեց. «Ներողություն, ես չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը , և ով է Տիգրան Առաքելյանը»:

Մենք փորձեցինք բացատրել, թե ով է քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը, սակայն նա արագ անջատեց հեռախոսը:

Հիշեցնենք, որ 2011թ. օգոստոսի 9-ին Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստների և ոստիկանության աշխատակիցների միջև տեղի ունեցած միջադեպից հետո մինչ օրս քաղաքական հետապնդումը Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստների նկատմամբ շարունակվում է: Վերջիններս դատապարտվել են 2-6 տարվա ազատազրկման, իսկ Տիգրան Առաքելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Օրերս էլ Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը դիմել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Եվա Դարբինյանին' խնդրելով կոնգրեսական ակտիվիստ Տիգրան Առաքելյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել անձնական երաշխավորությունը: Ինչից հետո նրան են միացել նաև ռեժիսոր, արվետսագետ Աշոտ Ադամյանը, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը, դերասան Հովհաննես Ազոյանը և այլ անձինք:

Խափանման միջոցը փոխելու պահանջով հանդես են եկել ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» և ԲՀԿ խորհրդարանական ոչ կոալիցիոն խմբակցություններն ու այդ քաղաքական ուժերի երիտթևերը: