Երգչուհի Լանա Խաչատրյանն այսօր ամուսնանում է: Esem.am-ն իր ընթերցողներին պատմել էր, որ Լանայի ընտրյալը Տիգրան Մարտիրոսյանն է, ում հետ նրանք ավելի քան երկու տարի է՝ ընկերություն են անում, իսկ այս տարվա փետրվարին նշանվեցին:

Հարսանիքից ժամեր առաջ Esem.am-ի հետ բացառիկ զրույցում Լանան ասաց, որ իրենք պսակադրվելու են Լևոն Քոչարյանի և Սիրուշոյի քավորությամբ, իսկ խաչեղբայր և հարսնաքույր չեն ունենալու: «Քանի որ ես հարազատ քույր չունեմ, Տիգրանը՝ հարազատ եղբայր, խաչեղբորն ու հարսնաքրոջը պետք է ընտրեինք մեր ընկերներից, սակայն որոշեցինք նրանց համար ավելորդ լարվածություն չստեղծել: Ուզում ենք, որ մեր բոլոր հյուրերն այսօր լիարժեք ուրախանան՝ առանց հատուկ պարտավորվածությունների»,- ասաց Լանան և հավելեց, որ սա միակ շեղումն է եղել հայկական ավանդական հարսանիքից:


Զույգը պահպանել է հարսանեկան ավանդական երթուղին՝ քավորի տուն, հարսի տուն, եկեղեցի, փեսայի տուն, վերջում՝ ռեստորան:) Տիգրանն ու Լանան գերադասել են հարսանեկան պարզ արարողություն ունենալ, քանի որ առաջնային են համարում փոխադարձ վստահությունն ու սերը, ոչ թե ճոխ արարողությունը: Ինչպես ավելի վաղ նշել էինք, հարսանեկան զգեստի ընտրության հարցում Լանան բծախնդիր չի եղել. «Ես շատ հեշտ եմ ընտրել հարսանեկան զգեստս: Ընտրել եմ փորձածս երկրորդ զգեստը: Հայտնի ոճաբանների հետ էլ չեմ համագործակցել»:
Պսակադրության հաջորդ օրը՝ վաղը, զույգը կմեկնի մեղրամսի: