«Սիրելիս, ես քեզ ուզում եմ ներկայացնել ընկերներիս. սիրելի՞ս, ու՞ր ես». իսկ այդ պահին նկատում ես նրան ակումբի մյուս ծայրում՝ գեղեցիկ կանանց շրջապատում կատակելիս ու ժպտալիս: «Ես հիմա նրան կսպանե՛մ»,- զայրանում ես դու, ինչը բոլորովին տեղին չէ:
Պատրաստեց Գայանե Գալստյանը
Փոխարենը թուլացրու նյարդերդ ու մեկը մյուսի հետևից հիշիր նրան «հետ նվաճելու» զենքերը:
1. Անսպասելիորեն անհայտանալ
«Ընկերոջս հետ գնացել էի կորպորատիվ երեկույթի, որտեղ բոլորը նրա աշխատակիցներն էին ու մեծամասամբ՝ կանայք ու աղջիկներ: Ընկերս նրանց բոլորի հետ էլ լավ հարաբերությունների մեջ էր, ժպտում էր, ծիծաղում: Աշխատակցուհիներից մեկը երեկույթի կեսին մոտեցավ մեզ և խնդրեց ընկերոջս մի քանի րոպեով: Բավականին նյարդայնացա՝ տեսնելով, որ նրան, իրոք, հաճելի է այդ կանանց շրջապատը:
Նրան ինձ մոտ «վերադարձնելու» համար կորա տեսադաշտից, որպեսզի ստիպված լինի փնտրել ինձ: Մի քանի րոպե անց նա սկսեց զանգել ինձ, իսկ ես հրեշտակի ձայնով ասացի, որ պատուհանի մոտ եմ ու վայելում եմ գիշերային զով օդը»:
Մարինա, 26 տ.
2. Հայելու էֆեկտ
«Մի փորձված մեթոդ կա, որը գործում է բոլոր տղամարդկանց հետ: Մի անգամ, երբ երեկույթի ժամանակ զգացի, որ նա տարվել է այլ կանանց հետ զրուցելով, ուղղակի մոտեցա ֆուրշետի սեղանին ու կողքիս կանգնած երիտասարդի հետ խոսակցության բռնվեցի'ասելով. «Այս գինին շա՜տ դառն է, փորձե՞լ եք»: Երկու րոպե չանցած՝ ընկերս հայտնվեց կողքիս՝ աչքերում տագնապի նշան, իսկ ես, սիրալիր ժպտալով, ծանոթացրի նրանց. ասես ոչինչ էլ չի պատահել:
Նոնա, 27 տ.
3. Համբույր՝ բոլորի աչքի առաջ
«Երբ նա տարվում է այլ կանանց հետ զրուցելով և ես նկատում եմ՝ այդ կանայք այնքան էլ անտարբեր չեն ընկերոջս նկատմամբ, ապա համարձակորեն ու ժպիտով ուղղվում եմ դեպի նրանց ու «սիրելիս, սա քո ամենասիրելի շամպայնից է» խոսքերից հետո մեկնում եմ բաժակն ու համբուրում նրան: Կարևոր է այդ պահին ուշադրություն չդարձնել նրա կողքին կանգնած կանանց (գրազ կգամ՝ մի լավ զարմանում են) ու միայն հետո «հանկարծակի նկատել», որ ընկերդ մենակ չի կանգնած ու սկսել ծանոթանալ նրա զրուցակիցների հետ»:
Արմինե, 22 տ.
Իսկ ի՞նչ են մտածում տղամարդիկ: «Այլ կանանց շրջապատում ինձ չթողնելու համար կուզենայի, որ ընկերուհիս ուղղակի մոտենար և միանար խոսակցությանը: Ուրիշ ոչինչ հարկավոր չէ»:
Արթուրը, 26տ.
Իհարկե, տղամարդիկ , ինչպես միշտ, արագ դիտարկում են իրավիճակն ու տալիս կարճ ու կոնկրետ լուծումներ,մինչդեռ մենք՝ կանայք, խորապես վերլուծություն ենք անում: Առաջին մեկ-երկու անգամը սխալվում ենք, սակայն արդյունքում մշակում այնպիսի ազդեցիկ հոգեբանական միջոցներ, որ նույնիսկ մեր խելացի տղամարդիկ գլխի չեն ընկնում մեր դիտավորության մասին: