ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակից երգիչ Արմենչիկը հայրենիքում լինելու առիթներ հաճախ է ունենում: Ստեղծագործական բուռն գործունեության մեջ մշտապես գտնվող երգիչը վերջերս հատուկ նպատակով էր այստեղ: Օգոստոսի 25-ին նա բարեգործական համերգ ունեցավ՝ նվիրված «Նվիրիր կյանք» հիմնադրամին: Երգչի հետ ունեցած հարցազրույցը՝ ստորև:
- Հայաստանում ամեն բան քեզ գոհացնո՞ւմ է. ի՞նչը կփոխեիր մեր երկրում, եթե հնարավորություն ունենայիր:
- Ինձ համար ամեն ինչ լավ է: Տեսել եմ ժողովրդի սերը. ինձ «ջան» են ասում, ես էլ եմ «ջան» ասում: Բնականաբար, շտկելու բաներ կան, բայց, կարևորն այն է, որ ամեն բան գնալով լավանա: Կուզենամ՝ մեր երկրում բոլորը լավ լինեն, լավ ապրեն, առողջ լինեն ու աշխատանք ունենան: Ես լավատես եմ և համոզված եմ, որ ամեն ինչ լավ կլինի:
- Տղադ առաջին անգամ էր Հայաստանում: Հասցրե՞լ եք երեխայի հետ զբոսանքի գնալ:
- Ես քիչ եմ հասցրել զբոսնել, որովհետև ժամանակս չի ներում, բայց ինքը գրեթե ամեն օր զբոսնում էր կնոջս' Լուսինեի կամ մեր հարազատներից որևէ մեկի հետ Հյուսիսային պողոտայում, Կարապի լճում: Ես նրա հետ ուշ ժամերին եմ զբոսնել, որովհետև այդ ժամերին էր հարմար լինում:
- Մենք անդրադարձել էինք և՛ ձեր հարսանյաց հանդեսին, և՛ երեխայի ծննդին, իսկ այժմ ինչպիսի՞ն է ձեր փոքրիկը. կպատմե՞ք՝ ի՞նչ նախասիրություններ ունի:
- Ինքը շատ է սիրում դրսում լինել. դրսի «գիժ» է: Սիրում է մարդկանց հետ շփվել, իսկ տանն իր խաղալիքներով է զբաղվում: Բնականաբար, սիրում է երաժշտություն լսել. ոչ միայն իմ երգերն է լսում, այլև ամերիկյան երաժշտություն: Այն լսելուն պես սթափվում է, ոտքն է շարժում. երեխայիս մեջ նկատում եմ սերը երաժշտության հանդեպ (Մայքլ-Արմենին դեկտեմբերի 8-ին երկու տարեկան կլինի-հեղ.): Շատ ժպտերես է… Փոքրիկ գործիք' դաշնամուր ունի, որով տարբեր ձայներ է հանում: Դեռ չի խոսում, բայց արդեն զգում է այդ ամենը: Միայն «պապա», «մամա», «տատի» և «պապի» է ասում: Շատ հաճախ դասական երաժշտություն' Բոչելի ենք միացնում, իսկ նա լսելու ընթացքում լարվում է: Ժամանակին «Մաշան և արջը» մուլտֆիլմն էր դիտում, բայց այժմ կինս այլ մուլտֆիլմ է միացնում, որովհետև ասում են՝ այն երեխաներին ագրեսիվ է դարձնում: Շատ բաներով ինձ է նման. նույն շարժումներն է անում, քնելու նույն ձևն ունի: Նույնիսկ կինս մի անգամ նկարել էր մեզ, կարծես նույն մարդը մեծ ու փոքր տարիքում նկարված լիներ :) Մայրիկիս խոսքերով' ինձ շատ նման է, խելոք է, բայց ես ավելի խելոք եմ եղել: Մամաս ասում է՝ դու էնպես մեծացար, որ չիմացա էլ՝ տանը երեխա կա… Այսպես էլի, ոնց որ հիմա եմ :)
- Երևանում որտե՞ղ եք մնում և օրվա ընթացքում ինչո՞վ է զբաղվում կինդ:
- Կենտրոնի մեր բնակարանում ենք ապրում: Լուսինեն Հայաստանում հիմնականում հանգստանում էր, երեխայի հետ էր շփվում: Նրա պապիկն ու այլ բարեկամներ ևս այստեղ են ապրում, նրանց հետ էր շփվում: Լուսինեի համար շատ լավ է Հայաստանում լինելը, որովհետև նրա մայրը, եղբայրը Մոսկվայից կարողանում են գալ-գնալ:
- Իսկ ԱՄՆ-ում, բացի բալիկին խնամելուց, ինչո՞վ է զբաղվում Լուսինեն:
- Քոլեջում է սովորում. ապագա դեղագործ է: Դեռ սովորում է, տեսնենք՝ ինչ կլինի:
- Ձեր կինը՝ Լուսինեն, շփվո՞ւմ է ընկերներիդ կանանց հետ:
- Իհարկե, շփվում է իմ երաժիշտ ընկերների կանանց հետ: Ամեն օր միասին զբոսնում էին:
- Տեղյակ եմ, որ այս ընթացքում էլ Հայաստանից այլ երկրներ ես մեկնում. ինչպե՞ս է այդ ամենին վերաբերվում կինդ, ընտանիքդ, երբ անընդհատ համերգային ճամփորդությունների մեջ ես, իսկ նրանք հաճախ քեզ հետ չեն:
-Հայաստանում լինելու ընթացքում Լոս Անջելես, Մոսկվա, Կանադա գնացի՝ գործերով: Իմ բացակայություններին Լուսինեն շատ լավ է վերաբերում ու հասկանում է, ինչի համար շատ շնորհակալ եմ նրան: Բնական է, իմ աշխատանքն է, կյանքը և չեմ կարող չերգել կամ համերգներով այստեղ-այնտեղ չգնալ: Նա միշտ կողքիս է, օգնում է, նույնիսկ պահեր են լինում, որ ես նեղվում եմ, ասում՝ հոգնել եմ, բայց ինքն ասում է՝ պետք է գնաս, քանի որ սպասում են քեզ:
- Գիտեմ, որ Լուսինեն ոչ բոլոր շրջագայություններին է քեզ ուղեկցում, իսկ ո՞ր առիթներին եք թևանցուկ ներկայանում:
- Վերջերս Մարտին Մկրտչյանի և Հռիփսիմե Հակոբյանի հարսանիքին Լուսինեն ինձ հետ չէր, քանի որ հենց այդ օրն էր Հայաստան եկել: Իմ ընկերների առիթներին' հարսանիքներին, կնունք-ծնունդներին միշտ էլ կնոջս հետ եմ գնում:
- Ասում են՝ բիզնեսներ ունես և Հայաստանում էլ շատ բիզնեսների բաժնետեր ես:
- Ո՞վ է ասում նման բան: Կարող եմ ասել, որ Երևանում բիզնեսով չեմ զբաղվում և դա սխալ ինֆորմացիա է:
- Իսկ ԱՄՆ-ո՞ւմ:
- ԱՄՆ-ում սեփական բիզնես չունեմ: Այնտեղ հիմնականում զբաղված եմ նոր երգերի գործիքավորմամբ, ձայնագրմամբ, տեսահոլովակների նկարահանմամբ:
Հարցազրույցը' Արևիկ Իսաջանյանի