Այսօր լուրեր տարածվեցին այն մասին, որ հայտնի «Ես եմ» ամսագրի վաճառքի և հրատարակչության վրա կալանք է դրվել: ԱՆի Քոչարին արգելելով հրատարակել իր «Ես Yes!» ամսագիրը՝ «ՊանԱրմենիան Փաբլիշինգ Հաուս» ընկերության (որի տնօրենը ՀՀ նախագահի նախկին մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանն է) աշխատակիցները փորձում են նրանից խլել իր թիմի կողմից ստեղծված նոր «Ես եմ» ամսագիրը և նույնանուն ինտերնետային կայքը: Պարզաբանումներ ստանալու համար դիմեցինք «Ես Yes!» -ի արդեն նախկին գլխավոր խմբագիր Անի Քոչարին:
Երբվանից եք զգացել, որ Ձեր դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում:
Նախ ասեմ, որ պատմությունը բավականին խճողված է և ունի փաստաթղթերի և մեր նկատմամբ ապօրինի գործողությունների բավական լայն շղթա, որի մասին ես կխոսեմ իմ վաղվա ասուլիսի ընթացքում: Նախկինում, երբ ես իմ ամսագիրը հրատարակում էի այդ նույն ընկերության հետ, որի բաժնետերերը Վահագն և Բագրատ Սարգսյաններն էին, մենք երբևէ խնդիրներ չենք ունեցել, որովհետև դա իմ հեղինակած և կայացրած ամսագիրն է, մենք համագործակցում էինք, հրատարակում էինք և երբևէ տարաձայնություններ չենք ունեցել՝ մինչև սեփականատերերի փոխվելը:
Իսկ որն է Ձեր ենթադրության պատճառը, որ սա հենց քաղաքական հետապնդում է:
Առաջին ցուցիչը, որ սա քաղաքական հետապնդում է, այն է, որ փոխանակ գրանցեն իրենց բոլոր հրատարակությունները, գրանցում են միայն Անի Քոչարի ամսագիրը, որպեսզի կարողանան ինձանից խլեն: Իրենք փորձում էին ստեղծել իրավիճակ, որի տակից ես չկարողանամ դուրս գալ:
Իսկ, ըստ Ձեզ, քաղաքական հետապնդումը իրականացվում է իշխանության բարձրագույն օղակների՞ հրահանգով, թե առավել նեղ շրջանակների պատվեր է:
Ես չգիտեմ, չեմ կարող ասել, որովհետև փաստ չունեմ, միայն կարող եմ ասել, որ սա հետապնդում է, փորձում են ընկճել ինձ, լռեցնել, բայց դա արվում է բարձր օղակների կողմից, թե նրանք փորձում են իշխանություններին ծառայություններ մատուցել՝ ես չեմ կարող ասել:
Նորմալ աշխատում էիք, ինչի՞ց սկսվեց ամեն ինչ:
Սեփականատերերի փոխվելուց անմիջապես հետո առաջացան բազմաթիվ խառը տեսարաններ, պատմություններ, որոնց մեծ մասը ընթերցողներին չի հետաքրքրի, պարզապես մի բան ասեմ, որ իրենք սկսեցին խաղի կանոններ թելադրել, որի իրավունքը չունեին, որովհետև հիմնականում ամսագիրը իրենց չէր պատկանում: Գաղտնի գնացել են մտավոր սեփականության գործակալություն և փորձել են իմ ամսագիրը գրանցել իրենց անունով, որպեսզի կարողանան ինձ վրա լիցենզիա վաճառել, և այնպես է ստացվում, որ հենց նույն գործակալությունից ինձ զանգում է մի ազնիվ աշխատակցուհի և ասում, որ շատ լավ գիտի, որ այդ ամսագիրը իմն է և մենք ենք հրատարակում, բայց հիմա մի ընկերություն եկել է և փորձում է ամսագիրը գրանցել իրենց անունով: Դա ինձ համար մեծ անակնկալ էր, որովհետև որևէ մեկը ինձ այդ մասին չէր էլ զգուշացրել, որ ցանկանում են ամսագիրը գրանցել իրենց անունով: Ես խորհրդակցեցի ամուսնուս՝ մեր ընկերության՝ «Անի Քոչար փրոդակշնի» համասեփականատերն Արման Մուշեղյանի հետ, ով այդ պահին նաև ԱԺ պատգամավորի թեկնածու էր, որն իմանալով իմ ըմբոստ բնավորությունը՝ խնդրեց աղմուկ չբարձրացնել, որպեսզի հարցը չքաղաքականացվի: Ես թույլ տվեցի հեղանակային իրավունքի գրանցումը այն պայմանով, որ մենք կաշխատենք լիցենզիայով, այսինքն իրենք ինձ հրատարակման լիցենզիա են տրամադրելու: Ինձ տրամադրեցին պարզունակ լիցենզիայի ձև, որով ես իրավունք էի ստանում ամսագիրը հրատարակելու՝ որոշակի գումարի դիմաց: Այս գործընթացը բազմաթիվ ապօրինություններով է կատարվել, որի մասին ես կխոսեմ վաղվա ասուլիսին: Պայմանագրում գրված էր մեկ թիվ, իսկ իրականում ինձանից բոլորովին այլ թիվ էին պահանջում: Սա արվում էր նրա համար, որ ժամանակի ընթացքում չկարողանայի վճարել գումարը և ամսագիրը ինձանից խլեին: Երբ որ արդեն լիցենզիայի ժամկետը լրացավ՝ իրենք ինձ հետ այլևս պայմանագիրը չերկարացրեցին՝ պատճառաբանելով, որ առավել շահավետ առաջարկ ունեն: Եթե կար ավելի շահավետ առաջարկ՝ ինչու՞ հիմա ամսագիրը չի տպագրվում:
Բայց դուք այլ ամսագիր սկսեցիք հրատարակել, որի հետ կապված ևս խնդիրներ կան: Ի՞նչ խնդիրներ են դրանք:
Հասկանալով, որ ամսագիրը իրենց անունով է գրանցված և իրենք իրենց ձեռքին ունեն փաստաթղթեր՝ ես համակերպվեցի և որոշեցի նոր ամսագիր հրատարակել՝ «Ես եմ» անվանումով: Իրենք արդեն որոշել են, որ ինձ թույլ չեն տալու տպագրել «Ես եմ» ամսագիրը, ավելին, փորձում են ինձանից խլել նաև իմ ընկերությանը պատկանող և վերջին մեկ տարում իմ կայացրած կայքը՝ պատճառաբանելով, որ քանի որ դու մեզ հետ աշխատելու ժամանակ ես այն ստեղծել՝ մեզ պետք է տաս՝ իր դոմեյնով, անունով և ամեն ինչով: Մոռանում են, որ օրենք գոյություն ունի, կայքերի վիրտուալ դաշտը լրիվ այլ օրենքներով է կարգավորվում: Այդ դոմենը իմ անունով է գրանցված, իմ սեփականությունն է, ինչպես կարող են այն իմ ձեռքից վերցնել: Անգամ «ախրանայով» եկել էին և մեր աշխատակիցներին ստիպում էին կամ լքել տարածքը, կամ նստել բազմոցին' չշարժվել դեպի մեր իսկ տեխնիկան, թույլ չէին տալիս շարունակելու անգամ մեր կայքի գործերը, որի հետ ոչ մի կապ չունեն, մինչև ես հասել եմ խմբագրություն և պահանջել եմ գույքի ընդունման-հանձնման ակտ, որից հետո անգամ թույլ չէին տալիս համակարգիչների մեջից հեռացնել իմ անձնական ինֆորմացիաները, հաշվապահությունը:
Իսկ այն քաղաքական ուժը, որին հարել եք՝ «Ժառանգությունը», փորձե՞լ է որևէ կերպ Ձեզ սատար կանգնել:
Ոչ, իրենք լռում են: Ես տիկին Արմինե Հովհաննիսյանի հետ եմ խոսել, որից հետո առայժմ ինձ օգնելուն ուղղված որևէ նախաձեռնություն չի արվել:
Իսկ ԶԼՄ-ներից որևէ աջակցություն ստացել եք:
Ինձ բազմաթիվ լրատվամիջոցներից են զանգահարել, ասել են, որ կողքիս են, վաղվա ասուլիսն էլ ըստ պատշաճի լուսաբանելու են: Տեսնենք՝ մինչև վերջ կգան, թե ոչ:
Վարուժան Բաբաջանյան