Հավանաբար ձեր շրջապատում կա մեկը, ում մարդիկ ձգտում են ինչպես մագնիսի: Բավական է նա հայտնվի հասարակության մեջ' ամենքն սկսում են ժպտալ: Եթե բանակցություններ է վարում, գործընկերները պատրաստ են վաղօրոք ընդունել նրա պայմանները: Հակառակ սեռը երազում է սիրավեպ ունենալ նրա հետ:
Հնարավոր է' բնությունից է մարդուն տրված այդպիսի տաղանդ: Բայցևայնպես, հոգեբաններին այսօր հայտնի են հնարքներ, որոնք ենթագիտակցաբար կիրառում են այդ «փոխշփման հանճարները»:
Սա նշանակում է, որ ընկերական միջավայրի հոգին դառնալու համար պարտադիր չէ բնածին տաղանդ ունենալ. դա կարելի է և ձեռք բերել: Պարզապես պետք է կարողանալ տիրապետել մի քանի հնարքների. նախ'

Դառնալ հայելի
Մենք սիրում ենք նրանց, ովքեր նման են մեզ: Պարտադիր չէ' արտաքուստ: Դա կարող է լինել շարժուձևը, խոսելու եղանակը և այլն: Այդ իսկ պատճառով մարդու համակրանքը շահելու գլխավոր պայմանը նրան նմանվելն է: Դա կոչվում է «հայելացում»: Առաջինը, ինչ հարկավոր է անել' զրուցակցի դիրքը նմանակելն է. նա թիկնում է բազկաթոռին, դու անում ես նույնը. նա ոտքը ոտքին է գցում, դու կրկնում ես շարժումը: Սակայն այդ ամենը պետք է շատ նրբանկատորեն անել, քանի որ դա բավականին հայտնի հնարք է, և քո զրուցակիցը, հնարավոր է, նույնպես իրազեկ է դրան: Նրա մեջ կարող է այնպիսի զգացողություն առաջանալ, թե իրեն ծաղրում են, հոգու հետ խաղում: Ավելի արդյունավետ է կիրառել մի նրբին հնարք' որսալ զրուցակցիդ շնչառության ռիթմը և շնչել ճիշտ նույն կերպ, կամ էլ խոսել նրա տեմպով' նույն արագությամբ:
Ինչպես հայտնի է, մարդը բազում ներքին ռիթմեր ունի: Գլխավորները սրտայինն ու շնչառականն են: Եթե քեզ հաջողվի հարմարվել դրանցից որևէ մեկին, զրուցակիցդ կունենա այնպիսի զգացողություն, թե ձեր սրտերը համահունչ են զարկում: Դա նրան հաճելիորեն կտրամադրի քո հանդեպ:

Միևնույն լեզվով

Առհասարակ ընկալման տեսակետից մարդիկ բաժանվում են երեք հիմնական խմբերի:
Երևույթների ընկալման հիմնական աղբյուրը տեսողականն է: Այս մարդիկ հաճախ են օգտագործում «տեսանելի» բառեր' «պայծառ», «աղոտ», «լույս» և այլն: Ինչ-որ մեկին դիմելիս հիմնականում ասում են. «Տեսեք, թե…»:
Ունկնդրականները աշխարհն ընկալում են հիմնականում լսողությամբ: Նրանց խոսքում բավականին հաճախ են հնչում ' «աղմկոտ», «ցածր», «ճիչ», «գոռգոռոց» և նմանատիպ այլ բառեր: Խոսակցի ուշադրությունը գրավելու համար ասում են. «Լսիր…»:
Զգայականների համար կարևոր են շոշափելի զգացողությունները: Նրանց խոսքին հատուկ են որակական նշանակության բառեր' «ճռճռան», «փափուկ», «թեթև» և այլն: Եվ եթե նա ուզում է գրավել զրուցակցի ուշադրությունը, դիպչում է նրա ուսերին կամ ձեռքերին:
Այս երեք տեսակները տարբերակելն այնքան էլ բարդ չէ, պետք է պարզապես ուշադիր լսել զրուցակցին և խոսել նրա հետ իր իսկ լեզվով:

Լռելու տաղանդը

Բոլորս էլ սիրում ենք, երբ մեզ լսում են, և գաղտնիք չէ, որ ավելի հաճելի է շփվել ոչ թե նրա հետ, ով կարողանում է լավ խոսել, այլ նրա' ով ունակ է լսելու: Ուսումնասիրությունները ցույց ենՇփման պարզ հնարքներ... և դու ավելի սիրված կդառնաս տվել, որ այդ տաղանդն ունի մարդկանց միայն 10 տոկոսը: Ճիշտ է, լուռ լսելն այնքան էլ հեշտ չէ, սակայն եթե դու զրույցի ես բռնվել, աշխատիր ուշադրությունդ չշեղել որևէ այլ բանով: Պետք չէ ինքդ քեզ Բոնապարտ երևակայել, ով կարողանում էր միաժամանակ մի քանի բան անել:
Սակայն բացարձակ լռությունն էլ, անշուշտ, խրախուսելի չէ: Եթե դու որևէ կերպ չարձագանքես զրուցակցիդ, նրա մեջ կասկած կառաջանա' արդյո՞ք մտքերով իրենից հեռու չես, գուցե չես էլ լսու՞մ իրեն: Դրա համար անպայման պետք է պահել հետադարձ կապը. ասենք, գլխով անել կամ ասել' «ըհը», «այո»' ի պատասխան զրուցակցիդ պնդումների: Բայցևայնպես, դա ևս չպետք է հաճախ անել, քանի որ նրան կթվա, թե դու շտապեցնում ես իրեն:
Պետք է նկատի ունենալ նաև' արական սեռի զրուցակիցներն առհասարակ չեն սիրում «ըհը», «այո»-ները: Տղամարդկանց թվում է, թե այդպիսով կանայք նրանց ուզում ենք ընհատել կամ հերքել:
Եթե այնքան էլ համաձայն չես զրուցակցիդ հետ, մի շտապիր նախադասությունդ սկսել «ոչ» բառով: Դա նրան զգուշավոր կդարձնի, և նա քեզ ընդհանրապես չի լսի, ուղղակի կպատասխանի' չկենտրոնանալով ասածներիդ վրա: Նախ փորձիր համաձայնել նրա հետ «այո», «իհարկե» կան նման բառերով, և հետո միայն ավելացրու' «բայց…» ու ասա այն ամենի մասին, ինչը քեզ համար անընդունելի էր:
Այսպիսով, միջավայրում սպասված և ցանկալի անձ լինելն այնքան էլ դժվար չէ, եթե միայն չպակասի համբերությունն ու ինքնավերահսկումը: