Երիտասարդ դերասան, ռեժիսոր Արմեն Դալլաքյանն այս օրերին պատրաստվում է իր նոր ներկայացման առաջնախաղին, որը կկայանա սեպտեմբերի 14-ին «Մետրո» թատրոնում: Մեզ հետ զրույցում դերասանը պատմեց, որ «Դատապարտվածներ» կոչվող ներկայացման բեմադրողն ու սցենարի հեղինակն ինքն է: «Ե՛վ լուսային, և՛ գունային ձևավորումը, և՛ հագուստը ես եմ ընտրել: Ներկայացումն իր ձևաչափով աննախադեպ է լինելու, քանի որ լինելու է “3D” ֆորմատով: Ուզում ենք, որ հանդիսատեսը զգա անձրևը, կայծակը, քամին»,- ասաց դերասանը:

Ներկայացման հիմքում սերն է. սերը ոչ միայն հակառակ սեռի ներկայացուցչի հանդեպ. «Սիրել կարելի է մորը, եղբորը, ընկերոջը: Ընտրեցի «Դատապարտված» վերնագիրը, որովհետև կյանքում մարդիկ շահի են ձգտում, նույնիսկ «սիրում» են հանուն շահի: Կան զույգեր, որոնք ամուսնանում են գումարի համար…»:
Ներկայացնման մեջ խաղալու են «Էլ-Մար» թատերախմբի դերասանները, ովքեր, ըստ Արմենի, երիտասարդ և անփորձ են. «Խաղում են ոչ պրոֆեսիոնալ դերասաններ, ովքեր դեռ ուսանողներ են, սակայն շատ ավելի լավ են խաղում: Կարծում եմ՝ մարդիկ հոգնել են նույն դեմքերից և կերպարներից: Երիտասարդ դերասանները, ովքեր ունեն ցանկություն և շնորհք, ցավոք, այսօր չեն կարողանում բեմ բարձրանալ: Ես նրանց օգնում եմ բեմ բարձրանալ, որովհետև բոլորս էլ գիտենք, որ թատրոնում խաղալը բարդ է: Ֆիլմում կարող ես փչացնել «դուբլերը», թատրոնում չկա այդ հնարավորությունը: Եթե տեքստդ մոռացար, պետք է իմպրովիզ անես»:

Արմենի փոխանցմամբ՝ այս ներկայացմամբ հանդես կգան Հայաստանի տարբեր քաղաքներում՝ Սևանում, Վանաձորում և այլուր: Թատերախումբն առաջարկ ունի խաղալու նաև Վրաստանում: Հոկտեմբերին էլ դերասանը կմեկնի Չինաստան, որտեղ կնկարահանվի գովազդային հոլովակում. «Առաջարկը ստացել եմ հայկական ընկերության կողմից, որն աշխատում է չինական այն ընկերության հետ, որի գովազդում նկարահանվելու եմ»:
Դերասանից տեղեկացանք, որ այս ընթացքում սերիալներում չի նկարահանվի Հայաստանից բացակայելու պատճառով: «Նոր առաջարկներ ունեմ, սակայն այժմ չեմ կարող ընդունել, քանի որ մեկնելու եմ: Բացի այդ, այս շրջանում ինձ թատրոնին եմ նվիրել:)»,- ասաց Արմենն ու հավելեց, որ վերադառնալուց հետո կրկին հեռուստաէկրաններին կլինի:

Ի դեպ, դու էլ կարող ես ներկա գտնվել Արմեն Դալլաքյանի ներկայացման պրեմիերային, եթե ճիշտ պատասխանես Արմենի առաջադրած հարցին.
Հարց. Ո՞րն է եղել առաջին հեռուստասերիալը, որում Արմենը խաղացել է:
Եթե գիտես ճիշտ պատասխանը, միացի՛ր մեր ֆեյսբուքյան նոր էջին և ուղարկիր պատասխանի քո տարբերակը:

Հաջողություն եմ մաղթում:) Ամալյա Հովհաննիսյան