esyes.am-ն անդրադարձել է դերասաններ Արթուր Գեղամյանի և Նազիկ Բաղդասարյանի առաջնեկի լույս աշխարհ գալուն: Փոքրիկը, ում ծնողները Դանիել են անվանել, շուտով երկու ամսական կդառնա:
Երիտասարդ մայրիկի փոխանցմամբ' արդեն հասցրել են նշել Դանիելի քառասունքը և նրան եկեղեցական կարգով հանել են քառասունքից: Ծնողները նշել են նաև փոքրիկի մեկ ամսական դառնալը և այդ օրը տոնական ու շնորհավորական գլխարկներով «ողջունել» են փոքրիկին: Նորաթուխ մայրիկը esyes.am-ին պատմեց, որ Դանիելը բավականին խելոք տղա է, շատ է սիրում ծիծաղել, հատկապես այն ժամանակ, երբ իրեն է տեսնում: «Կերակրելիս, տակաշորերը փոխելիս, նույնիսկ լողացնելիս անպայման ծիծաղում է: Իր ժպիտով ողջունում է մեր բոլոր հյուրերին: Պատահում է նաև, որ լողացնելու ընթացքում քնում է»,-նշեց Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհին, ում փոխանցմամբ' շատերը երեխային իրեն են նմանեցնում:
Երիտասարդ ծնողները Դանիելին ամեն առավոտ և երեկո զբոսանքի են տանում, ինչը շատ է ուրախացնում փոքրիկին:. «Էլի ծիծաղում է զբոսանքի ժամանակ և ուտել է ուզում. դե, շատ գոնչո է:)»,-ասաց Նազիկը, ով փոքրիկի խնամքով գրեթե միայնակ է զբաղվում, թեև լողացնելու հարցում նրան սկեսուրն է օգնում:
Նազիկի խոսքերով' ամուսինը ևս իրեն շատ է օգնում երեխայի խնամքի հարցում. «Երբ գիշերները Դանիելն արթնանում է և չի ցանկանում քնել, Արթուրն է նրան քնացնում կամ զբաղեցնում, որպեսզի ես կարողանամ հանգստանալ»,-եզրափակեց զրուցակիցս: