Նա քեզ հրավիրել է առաջին ժամադրության: Վերջապես դուք երկուսով կլինեք: Միգուցե մինչև այժմ շփվում էիք միայն հեռախոսով կամ ինտերնետով, և սա առաջին հնարավորությունն է, երբ չեն լինի անցանկալի ներկաներ, և դուք կփորձեք հասկանալ միմյանց, ճանաչել ավելի մոտիկից… Եթե ամեն ինչ հաջող ընթանա, գեղեցիկ սիրավեպ կսկսվի… Ուրեմն վճռորոշ է ամեն մի պահը, ձեր դիմախաղն ու ամեն մի ժեստը:

Գայթակղման արվեստը յուրահատուկ խաղ է, առանց որի կին տղամարդ հարաբերությունները ձանձրալի կլինեին…

Դեռ հնուց գեղեցկուհիները գործածում էին դիմափոշի ու զանազան բույրեր, ներկում վարսերն ու եղունգները, սեղմիրան էին հագնում և հազար ու մի խորամանկ հնարքներ բանեցնում' ցանկալի տղամարդու սիրտը նվաճելու համար: Իսկ ի՞նչ է ձգում, հմայում ժամանակակից տղամարդուն: Ի՞նչ հնարքներով կինը կարող է արժանանալ նրա ուշադրությանն ու շարունակական դարձնել հանդիպումները…

ՀԱԳՆՎԻ՛Ր
Ժողովրդական իմաստությունը' «դիմավորում են հագուստով…», այսօր էլ հնացած չէ: Տղամարդկանց դուր են գալիս կիսաշրջազգեստներով ու շրջազգեստներով կանայք: Հագուստը պետք է ընդգծի կնոջ բարեմասնություններն ու թաքցնի թերությունները, չպետք է «ճչացողե լինի: Ճիշտ չէ հագնվել' մտածելով. «Ինչքան բաց լինի, այնքան' լավ»: Չափազանց բացված թևերն ու ոտքերը հաճախ գռեհիկ կարող են թվալ և կգրավեն տղամարդու ուշադրությունը ամենևին ոչ ցանկալի ուղղությամբ: Մինի կիսաշրջազգեստից շատ ավելի խորհրդավոր կթվա մինչև ծնկները հասնող ճեղքվածքով կիսաշրջազգեստը, որը տղամարդու հիացած հայացքի առջև ի ցույց կդնի ոտքերդ' բարակ զուգագուլպաների մեջ... Ազդեցությունը հատկապես ուժեղ կլինի, եթե գտնվում ես «ոտքը ոտքին» գայթակղիչ դիրքով:

ԲԱՑՎԻ՛Ր
Տղամարդկանց մեծամասնության համար սեքսուալ են կանանց մարմնի այն մասերը, որոնք սովորաբար փակ են: Ցույց տուր գեղեցիկ պարանոցիդ երկարությունը' հավաքելով մազերդ: Պարանոցը փակող բլուզի հետ կարելի է հագնել կարճ կիսաշրջազգեստ, իսկ եթե ցանկանում ես բացել ուսերդ, ուրեմն հոգա՛, որ կիսաշրջազգեստը հասնի ծնկներիդ կամ ավելի երկար լինի:

ԲՈՒՐԻ՛Ր
Օծանելիքը քո կերպարը կամբողջացնի: Ընտրածդ բուրմունքը պետք է արտաքինիդ ներդաշնակ լինի: Ընտրի՛ր այնպիսի բուրմունք, որն ավելի մոտ է քո կենսակերպին և բնավորությանը: Տարբերակները շատ են, բայց ցանկալի է, որ բուրմունքը լինի թեթև, նուրբ ու ռոմանտիկ:

ԽՈՍԻ՛Ր
Գայթակղման հիմքում ինտրիգն է: Ձայնդ, ժեստերդ, պահվածքդ պետք է առեղծվածային դարձնեն քեզ: Կանացի ցածր ձայնը տղամարդուն տրամադրում է շփվելու և խթանում է նրա երևակայությունը: Հիշի՛ր, որ տղամարդիկ ոչ միայն «սիրում եմ աչքերով», այլ նաև «սիրում են ականջներով»: Հաճելի, նուրբ ձայնով արված հաճոյախոսությունը ևս մեկ քայլ է քո օգտին: Ցանկալի տղամարդուն գայթակղելու համար օգտագործի՛ր «մագնիսացնող հայացքը» սկզբում տղամարդու ուսերի վրայով թեք նայի՛ր անորոշ ուղղությամբ, ապա հայացքդ կանգնեցրու՛ նրա աչքերի վրա: Նայի՛ր արտահայտիչ, բազմանշանակ հայացքով: Սիրախաղի սկզբում կարող ես հոգեբանական մեթոդներ կիրառել' ներդաշնակ շփում ստեղծելու համար: Օրինակ' զրույցի ժամանակ նրանց աննկատ կրկնօրինակի՛ր նրա շարժումներն ու ժեստերը. դա կոչվում է «հայելային արտացոլման» մեթոդ: Տղամարդը քո մեջ կտեսնի ինքն իրեն և ավելի հեշտ կսկսի վստահել քեզ:

ՀՊՎԻ՛Ր
Տղամարդիկ սիրում են բարի և ուրախ կանանց: Անկեղծ ժպիտը, ծիծաղն ու կատակները յուրաքանչյուրին կտրամադրեն անկեղծ զրույցի: Չարժե առաջին հանդիպման ժամանակ պատմել սեփական խնդիրների մասին ու բողոքել ճակատագրից. դու տղամարդու համար պետք է լինես տոն ու հանգիստ, այլ ոչ թե գլխացավ: Հիշի՛ր, սեքսուալությունը չի վերաբերում միայն մարմնի մասերին. Այն արտահայտվում է մի շարք մանրուքներով. Ինչպես ես բռնում գինու բաժակը, ինչպես ես ուղղում մազերդ և այլն... Հպվի՛ր նրա ձեռքին նրբորեն, բայց իբր պատահաբար: Այդ ժեստն ասում է, որ դու սպասում ես պատասխան վերաբերմունքի:
Անմիջակա՛ն եղիր, բայց ոչ անպարկեշտ: Նկատե՛լ տուր, որ քեզ հաճելի է նրա ընկերակցությունը: Հաճոյախոսություններին պատասխանի՛ր շնորհակալությամբ, բայց առանց ամաչելու. Թող տեսնի, որ գիտես քո արժեքը:

ԻՄԱՑԻ՛Ր ՉԱՓԸ
Դիմափոշով «գաջված» դեմքը դեռ ոչ մի տղամարդու չի հիացրել, իսկ բնականին մոտ ստվերաներկը գեղեցիկ է, վառ կարմիր շրթներկն էլ կարելի է փոխարինել մրգային ախորժելի համ ունեցող որևէ փայլով: Մի՛ շփոթվիր գայթակղումը այլասերման հետ, եղի՛ր անբռնազբոս և ուրախ, բայց ոչ կպչուն ու համառ: Եվ, ամենակարևորը, եղի՛ր բնական: