Ցանցային անվտանգության գծով հետազոտող Արուլ Կումարը Facebook սոցիալական ցանցի ծրագրում այսպես կոչված bug է հայտնաբերել (ծրագրային սխալ, թերություն), որի շնորհիվ նա կարողացել է ջնջել ցանկացած օգտատիրոջ ցանկացած նկար, գրում է techcrunch.com կայքը:
Այս թերության բացահայտման համար սոցկայքի ղեկավարությունը նրան ԱՄՆ 12500 դոլար է վճարել՝ համաձայն գործող bounty ծրագրի, ըստ որի ցանկացած թերության մասին Facebook-ի կանոնների համաձայն տեղեկացնելու դեպքում ընկերությունը նվազագույնը ԱՄՆ 500 դոլար պարգևավճար է խոստանում:
Աղբյուրը գրում է, որ մինչ այժմ տրված պարգևավճարները առավելագույնը եղել են 1500 դոլարի սահմաններում, իսկ այս դեպքում նվազագույնից մոտ 25 անգամ ավելի վճարելը բացատրվում է նրանով, որ հայտնաբերված թերությունը բավականին լուրջ է եղել. փաստացի հնարավոր է եղել ջնջել նույնիսկ անձամբ Մարկ Ցուկերբերգի նկարները: