Խոյ /հուր, հիմնական կամ շարժուն/. նշանի կարգախոսն է' «Ես կամ»: Ուժեղ արտահայտված Խոյ նշանը անհատին դարձնում է քաջարի, խիզախ, եռանդուն, աշխույժ, գործունյա, իմպուլսիվ, համառ, տոկուն, ուղղամիտ, իրատես, կրքոտ, ղեկավարող և առաջնորդ: Բնորոշ բացասական գծերից են չզսպվածքությունը, ագրեսիվությունը, անհատապաշտությունը, անկանխատեսելիությունը, անհանդուրժողականությունը, անհամբերությունը, մեծամտությունը, ժամանակավրեպ քայլերը, կամակորությունը, ծայրահեղականությունը: Խոյը աստղագուշակության մեջ համարվում է ռազմաշունչ Մարս մոլորակի իշխանության տակ գտնվող նշան, Արեգակը գահակալում է այստեղ: Բժշկական աստղագուշակության մեջ Խոյը ղեկավարում է մարդու մարմնի մասերից գլուխն ու գանգը, հիվանդություններից' բոլոր սուր և բորբոքային իրավիճակները, արյան հիվանդությունները և այլն: Բնության մեջ Խոյ նշանին համապատասխանում են խարույկն ու անկառավարելի բոցը' հրդեհը, արևի փայլը ու բնության զարթոնքը:
Ցուլ /հող, կայուն կամ սևեռուն/. նշանի կարգախոսն է' «Ես ունեմ»: Ուժեղ արտահայտված Ցուլ նշանի դեպքում մարդը հնարամիտ է, վստահելի, պատասխանատու, համբերատար, հանգիստ, հանդուրժող, կայուն, զգայուն, ուժեղ, զգուշավոր, իրատես, գործունյա, բեղուն, երաժշտասեր և արտիստիկ: Բացասական գծերից են' կամակորությունը, ժլատությունը, ֆորմալիզմը, անվստահությունը սոփական ուժերի նկատմամբ, թուլակամությունը, դանդաղաշարժությունն ու կարծրամտությունը: Ցուլն աստղագուշակության մեջ իշխում է Վեներա մոլորակը, որն արվեստի, գեղեցկության ու տռփանքի հովանավորն է, գահակալում է այստեղ Լուսինը: Բժշկական աստղագուշակության մեջ Ցուլը տիրապետում է վզին ու կոկորդին ու նրանց հետ կապված հիվանդություններին: Բնության մեջ Ցլին համապատասխանում են ծաղկող այգիներն ու մարգագետինները, կանաչ դաշտերն ու պտղաբեր վարելահողը:
Երկվորյակներ/օդ, փոփոխական կամ հասարակ/. նշանի կարգախոսն է' «Ես մտածում եմ»: Ուժեղ արտահայտված Երկվորյակների դեպքում մարդը արագախոս է, բազնակողմանի, հետաքրքրասեր է, կենսունակ, ակտիվ, շփվող, աշխույժ, արագաշարժ և կենսախինդ: Բացասական գծերից են անհանգստությունը, ցրվածությունը, երկերեսանիությունը, մակերեսայնությունը, անկայունությունը, դյուրահավատությունն ու շատախոսությունը/բանբասանք/: Երկվորյակներին աստղագուշակության մեջ իշխում է Մերկուրի մոլորակը, որը գիտելիքի, կապի և առևտրի հովանավորն է: Գահակալում է Երկվորյակներում Վիշապի գլուխը / տես Լուսնային հանգույցներ /: Բժշկական աստղագուշակության մեջ Երկվորյակները ղեկավարում են ձեռքերը և ուսերն ու թոքերը, հիվանդություններից' ձեռքերի և ուսերի ու արյունատար անոթների հետ կապված խնդիրները, հիստերիաներ և հիվանդագին երևակայություն: Բնության մեջ Երկվորյակներին համապատասխանում են փոփոխական քամիները, թռչունների ու միջատների թռիչքը և բնության աճը:
Խեցգետին/ջուր, հիմնական կամ շարժուն/. նշանի կարգախոսն է' «Ես զգում եմ»: Ուժեղ արտահայտված Խեցգետնի դեպքում անհատը լինում է զգայուն, պահպանող և պահպանողական, հնարամիտ, խնամող, ընտանիքին և հայրենիքին նվիրված, զգացմունքային, ջերմ, կարեկցող, էմոցիոնալ և սիրառատ: Կարող է լինել սակայն ծայրահեղ կպչուն, կասկածամիտ, դյուրագրգիռ, պերճասեր, քմահաճ և դաժան: Աստղագուշակության մեջ Խեցգետնին իշխում է խորհրդավոր Լուսինը, որը արգասաբերության և մայրության խորհրդաանիշն է: Խեցգետնում գահակալում է Յուպիտեր բարերար մոլորակը: Բժշկական աստղագուշակության մեջ Խեցգետինը ղեկավարում է կուրծքն ու ստամոքսը, հիվանդություններից'ստամոքսի և մարսողության խանգարումները, կրծքի քաղցկեղը և այլն: Բնության մեջ Խեցգետնին համապատասխանում են ջրհորները, անտառային առուները, աղբյուրները, անձրևն ու խոնավ տերևները, սաղմնավորման և հասունացման ընթացքը:
Առյուծ/հուր, կայուն կամ սևեռուն/. նշանի կարգախոսն է' «Ես հրամայում և իշխում եմ»: Ուժեղ արտահայտված Առյուծ նշանի դեպքում անձն օժտված է ստեղծագործելու տադանդով, այն առատաձեռն , հպարտ, զվարճասեր, թատերասեր, կրքոտ, ջերմ, նրբազգաց, պատվասեր, մեծահոգի, ազնիվ, վառ, գերող և ուժեղ անհատականություն է: Նաև լինում է իշխանասեր, եսասեր, մեծամիտ, ամաչկոտ, պարծենկոտ և ծայրահեղ սեփականատեր: Աստղագուշակության մեջ Առյուծին իշխում է կենսագործ ու հրաշափայլ Արեգակը, որն իրենից բացի գահակալներ չի հանդուրժում: Բժշկական աստղագուշակության մեջ Առյուծը ղեկավարում է սիրտն ու մեջքը, հիվանդություններից' սաստիկ ջերմային տենդերը, սրտի և մեջքի թուլությունները, աչքի բորբոքումներ և այլն: Բնության մեջ Առյուծին համապատասխանում է ամառային շոգն ու տապը, հասունությունը և կառավարվող կրակը:
Կույս/հող, փոփոխական կամ հասարակ/. նշանի կարգախոսն է' «Ես վերլուծում են»: Ուժեղ արտահայտված Կույս նշանի դեպքում մարդը սովորաբար իրատես է, աշխատասեր, պահանջկոտ, ճշտապահ, բծախնդիր, համեստ, զգուշավոր, հանգիստ, մաքրասեր, սրամիտ, մտավորական և պրագմատիկ: Սակայն նա կարող է լինել նաև անհեռատես, մանրունքների հետևից ընկնող, կարծրամիտ, դյուրագրգիռ և ծայրահեղ քննադատող ու պահպանողական: Աստղագուշակության մեջ Կույս նշանն իշխում է Մերկուրի մոլորակը, որը նաև իր գահակալությունն ունի նրա մեջ: Բժշկական աստղագուշակության մեջ Կույս նշանը ղեկավարում է աղիներն ու մարսողությունը, հիվանդություններից' մարսողության խախտումներն ու քարագոյացումը: Բնության մեջ Կույս նշանին համապատասխանում են հասունացած ցորենի արտերը, հասկերն ու հունձքը և պտղաբերությունից ուժասպառ հողը:
Կշեռք/օդ, հիմնական կամ շարժուն/. նշանի կարգախոսն է ' «Ես հավասարակշռում եմ»: Ուժեղ արտահայտված Կշեռք նշանի դեպքում մարդը ընկերասեր է և հանրային, դիվանագետ, անկողմնակալ, հարգալից, արդարամիտ, նրբանկատ, շփվող, խաղաղասեր, հմայիչ, հավասարակշռված և դյութիչ: Բացասական գծերից են թուլակամությունը, անվստահությունը սեփական ուժերի նկատմամբ, անվճռական լինելը, որոշումներ կայացնելու անկարողությունը, մշտական տատանումները, անհանգստությունը, հեշտասիրությունը, պերճասիրությունն ու ծուլությունը: Աստղագուշակության մեջ Կշեռք նշանն իշխում է հմայիչ Վեներա մոլորակը, իսկ գահակալում է Կշեռքում մռայլ ու արդար Սատուրն մոլորակը: Բժշկական աստղագուշակության մեջ Կշեռքը կառավարում է երիկամներն ու գոտկատեղը, հիվանդություններից' երիկամների և միզապարկի գործունեության խախտումներ, գոտկատեղի թուլություն: Բնության մեջ Կշեռքին համապատասխանում են ոսկե աշունը, մեղմ, հանգիստ քամին և ծաղիկների բուրմունքը:
Կարիճ/ջուր, կայուն կամ սևեռուն/. նշանի կարգախոսն է' «Ես ցանկանում եմ»: Ուժեղ արտահայտված Կարիճ նշանի դեպքում մարդը լինում է կրքոտ, գաղտնամիտ, ուժեղ, նպատակասլաց, խորաթափանց, զգացմունքային, հետաքրքրասեր, հնարամիտ, մտավորական, պատվասեր, համառ, խորհրդավոր և ստեղծագործող: Բացասական գծերից են ծայրահեղ խանդն ու կասկածամտությունը, եսակենտրոնությունն ու կպչունությունը: Աստղագուշակության մեջ Կարիճին իշխում է ռազմատենչ Մարս մոլորակը: Բժշկական աստղագուշակության մեջ Կարիճը ղեկավարում է մարդու մեզա-սեռական համակարգն ու հետանցքը, հիվանդություններից' քարագոյացումը միզուղիներում և երիկամներում, թութքը, սեռական օրգանների հիվանդությունները: Բնության մեջ Կարիճին համապատասխանում են հանգիստ կանգնած ջուրը' լճակներն ու ճահիճները, գեյզերներն ու քնած հրաբուխները:
Աղեղնավոր/հուր, փոփոխական կամ հասարակ/. նշանի կարգախոսն է' «Ես գիտեմ»: Ուժեղ արտահայտված Աղեղնավորի նշանը անհատին դարձնում է ազատասեր, էքստրավերտ, իմաստասեր, ուղղամիտ, բարյացակամ, անկեղծ, մտավորական, լայնախոհ, բազմակողմանի, նախաձեռնող, էքսպանսիվ, արկածախնդիր և լավատես: Բացասական գծերից են անտակտությունը, չափազանցնելու հակումը, թափթփվածությունը, պերճասիրությունն ու պարծենկոտությունը: Աստղագուշակության մեջ Աղեղնավորին իշխում է բարերար Յուպիտեր մոլորակը, գահակալում է այստեղ Վիշապի պոչը / տես Լուսնային հանգույցներ /: Բժշկական աստղագուշակության մեջ Աղեղնավորը ղեկավարում է կոնքերն ու հետույքը, հիվանդություններից' լյարդի և արյան հիվանդությունները, խոցերն ու վարակիչ տենդերը: Բնության մեջ Աղեղնավորին համապատասխանում է ճամփորդական խարույկը, բոցի կայծերը, կայծակի փայլը, աստղազարդ երկինքն ու դեպի անհայտ հեռուների ձգտումը:
Այծեղջյուր/հող, հիմնական կամ շարժուն/. նշանի կարգախոսն է' «Ես օգտագործում եմ»: Ուժեղ Այծեղջյուր ունենալու դեպքում անհատը սովորաբար խելամիտ է, իրատես, պատասխանատու, համբերատար, կարգապահ, ավանդապաշտ, զգուշավոր, աշխատասեր, համառ, նպատակասլաց, ինքնավստահ, իրազեկ, պատվասեր, բարեխիղճ և հեղինակավոր: Բացասական գծերից են կարծրամտությունը, պահպանողականությունը, շահամոլությունը, կասկածամտությունը, անզգամությունը, մռայլությունը, ծայրահեղ պահանջկոտությունն ու սառնասրտությունը: Այծեղջյուրին իշխում է մռայլ ու արդար Սատուրն մոլորակը, գահակալում է այստեղ Մարսը: Բժշկական աստղագուշակության մեջ Այծեղջյուրը ղեկավարում է ծնկներն ու կմախքը, հիվանդություններից' ոսկորների, ջլերի և մաշկի խնդիրներ, կոտրվածքներ, ոլորումներ և այլն: Բնության մեջ Այծեղջյուրին համապատասխանում են ձմեռային սառնությունը և սառույցը, քարացած կամ քարքարոտ հողը, ինչպես նաև մերկ ժայռերն ու լեռնագագաթները:
Ջրհոս/օդ, կայուն կամ սևեռուն/. նշանի կարգախոսն է' «Ես իմանում եմ»: Ուժեղ Ջրհոսի դեպքում անհատը ազատասեր է և ոչ ավանդապաշտ, ինտելեկտուալ, հանդուրժող, անհնազանդ, անհատապաշտ, խաղաղասեր, բարեգործ, ընկերասեր, առանձնահատուկ, հայտնագործող, նորարար և առաջադեմ: Բացասական գծերից են անկանխատեսելիությունը, քմահաճությունը, եսակենտրոնությունը, անտարբերությունը ու էքսցենտրիկությունը: Աստղագուշակության մեջ Ջրհոսին իշխում է Սատուրն մոլորակը: Բժշկական աստղագուշակության մեջ Ջրհոսը ղեկավարում է սրունքներն ու նյարդային համակարգը, հիվանդություններից' ոտքերի և անոթաշարժ նյարդերի թուլությունը: Բնության մեջ Ջրհոսին համապատասխանում են պայծառ երկինքը, ամպերը, բուքն ու ձյունածածկ բնապատկերը, ազատագրումն ու ներշնչանքը:
Ձկներ/ջուր, փոփոխական կամ հասարակ/. նշանի կարգախոսն է' «Ես հավատում եմ»: Ուժեղ արտահայտված Ձկներ նշանը անհատին դարձնում է կարեկից, զգայուն, զգացմունքային, միստիկ, հոգևոր, երազկոտ, պասսիվ, հանգիստ, ներշնչվող, զահաբերող, վառ երևակայություն ունեսող, երաժշտասեր և թատերասեր: Բացասական գծերից են թուլակամությունը, թուլությունը, պերճասիրությունը, երկերեսանիությունը, անփութությունը, հեշտասիրությունն ու իրականությունից փախուստի ձգտումը: Ձկներին իշխում է բարերար Յուպիտեր մոլորակը, գահակալում է այստեղ հմայիչ Վեներա մոլորակը: Բժշկական աստղագուշակության մեջ Ձկները ղեկավարում են ոտնաթաթն ու լիմֆատիկ և իմունային համակարգերը, հիվանդություններից' ոտնաթաթերի հիվանդություններ, գեղձերի գործունեության խախտումներ և իմունային համակարգի թուլություն: Բնության մեջ խորհրդավոր Ձկներին համապատասխանում են ծովերի և օվկիանոսների անհունը, ալիքները, մշուշը, ձնհալը, միաձուլումն ու լուծույթը: