Կարեն Բաբաջանյանը հայկական հեռուստաեթերի հնաբնակներից է: Նրա աշխատասենյակում պարզապես ասեղ գցելու տեղ չկար՝ ամենուր սցենարներ, նոր նախագծերի մասին գրառումներ, դեկորացիաների նախագծեր, հիսունից ավել գրքեր, որոնք այնպես էին փակում գրասենյակի տեսանելիությունը, որ Կարենին թերևս չնկատեի, եթե ներս մտնելու պահին աղմուկով «գոլ» չգոռար՝ Հենրիկ Մխիթարյանի՝ «Այնտրախտի» հետ խաղի ժամանակ խփած գոլից հետո: Պարզվեց, որ բազմազբաղ ռեժիսոր - պրոդյուսեր - հումորիստ - դերասանն այդքան զբաղվածության հետ ժամանակ է գտնում այլ հետաքրքրությունների համար: Իմ այս դիտարկմանը Կարեն Բաբաջանյանը պատասխանեց. «Ժամանակս իսկապես սուղ է, սակայն այն մարզական և հնչեղ միջազգային միջոցառումներին, որոնք որևէ կապ ունեն հայ խաղացողների հետ, անպայման փորձում եմ հետևել: Ես ամեն հայկականին հետևելու թուլություն ունեմ»:

 

Այսօր Կարեն Բաբաջանյանը դառնում է 32 տարեկան: Հետաքրքիր է՝ ինչ խորհուրդ ունի 32 թիվը իր աշխատանքների շնորհիվ բրենդ դարձրած հումորիստի համար՝ «32 ատամ», «32 ակումբ», «32 թատրոն», «32 պրոդակշն» և… 32 տարեկան:

 

Այս և այլ հարցերի շուրջ MediaMall.am-ը զրուցեց Կարեն Բաբաջանյանի հետ:


- «32 ատամ», «32 ակումբ», «32 թատրոն», «32 պրոդակշն» և… 32 տարեկան: Ինչպես ես պատրաստվում նշել այդ խորհրդանշական ծննդյան օրը:


- Անկեղծ լինեմ, ես ոչ մի անգամ իմ ծննդյան օրը մեծ շուքով չեմ նշել… Նախ՝ այդ օրը մի տեսակ տարօրինակ զգացողություն եմ ունենում՝ սովորականից տխուր (ասում են՝ էլի կան նման մարդիկ), և երկրորդ՝ իմ ծննդյան օրը ստացվել է այնպես, որ մարդիկ հիմնականում լինում են ծանրաբեռնված գրաֆիկով. հասկանալի է' արձակուրդներից անմիջապես հետո, սեպտեմբերյան աժիոտաժ…Նույնիսկ ստացվել է այնպես, որ սեպտեմբերի 3-ը եղել է երկուշաբթի, ու ես էլ, բոլորի նման, շռնդալից նշել եմ ուսումնական առաջին օրը (ժպտում է...): Բայց քանի որ այս անգամ 32-ամյակս է, կնշեմ ընտանիքիս և նեղ ընկերական շրջապատիս հետ:


- Իսկ ի՞նչ նվեր ես ակնկալում ծննդյանդ օրը:


- Ամենամեծ նմերը, որին սպասում եմ՝ անփոխարինելի է՝ նոյեմբերին կծնվի երրորդ զավակս:


- Երբևէ կլքե՞ք Հայաստանը:


- Չնայած որ այսօր նման քայլի մասին մտածելու բազմաթիվ պատճառներ կան, չեմ ուզում, դա ինձ համար վատ երազի պես մի բան կլինի: Շատ անելու բան ունենք դեռ… Բազմաթիվ գաղափարներ կան իրականացնելու…


- «32 ատամ»-ը նոր եթերաշրջանում հանդես կգա՞, թե՞ ոչ:


- «32 ատամ»-ի հետ կապված շատ հետաքրքիր մտահղացում ունենք, դրա մասին երևի կիմանաք այս ամսվա վերջում…

 

- Ի՞նչ նոր ծրագրեր ունեք:


- Եթե խոսքը վերաբերում է հեռուստատեսային ծրագրերին, ունենք: Այս պահին ավարտական փուլում են գտնվում մի հրաշալի հեռուստաշարքի աշխատանքները. դրանք իրականացրինք ամբողջ ամառվա ընթացքում՝ գրեթե չհանգստանալով, իսկ թե ինչ հաղորդում է, շուտով կիմանաք հեռուստատեսային անոնսներից:


- 32 տարեկանում ստեղծեցիք ձեր թատրոնը. մի բան, որ շատ քչերին է հաջողվել նման երիտասարդ տարիքում: Ինչպե՞ս արձագանքեց հասարակությունը սևակյան թեմայով բեմադրված թատերական ներկայացմանը: Արդյոք հե՞շտ էր անցումը հումորային ժանրից առավել լուրջ ձևաչափի:


- Թատրոն ունենալը, հավատացե´ք, յուրաքանչյուր ստեղծագործողի մեծագույն երազանքներից մեկն է: Փա´ռք աստծո, մենք հասանք դրան: Հասանք մեր սեփական ուժերով և սեփական միջոցներով: Ափսոս, որ դա եղավ մեր ստեղծագործական ընթացքի ծաղկման և համաշխարհային տնտեսական ճգնաժամի փուլում (ծիծաղում է...): Պարույր Սևակին նվիրված ներկայացումը եղավ մեր թատրոնի առաջին ներկայացումը: Եվ շատ ուրախ ենք, որ ունեցավ մեծ արձագանք. կարծում եմ' դեռ երկար ժամանակ դահլիճը լեփ լեցուն կլինի… Ի դեպ, օգոստոսյան դադարից հետո՝ սեպտեմբերի 14-ին, հրավիրում ենք դիտելու: Իսկ մոտակա ամիսներին կունենանք երկու նոր ներկայացման պրեմիերա:


- Ստեղծագործական բաժանումների թեման ներկայումս խիստ ակտուալ է: Հայկո-Մկո դուետի առանձին հանդես գալը կաղճատի՞ այն հեռուստաընկերության դեմքը, որտեղ նաև դուք եք հանդես գալիս:


- Չնայած հեռուստադիտողը նման դեպքերն ափսոսանքով է ընդունում, ես այդ երևույթին նորմալ եմ նայում: Եթե հիշում եք (ժպտում է...), ես ինքս' որպես նույն ոլորտի ներկայացուցիչ, ավելի քան հասկանում եմ տղաներին: Եթե նման որոշման են եկել, կարծում եմ' հասունացել էր առանձին ստեղծագործելու և ներկայանալու պահը: Նոր շրջան է սկսելու նրանց համար, իսկ ինչքանով դա կլինի հեշտ կամ դժվար, ժամանակը ցույց կտա:


- Ժամանակին հայկական մամուլում բավական աղմկահարույց թեմա դարձավ «32 ատամ» ակումբի տրոհումը, որի արդյունքում առաջացավ «Վիտամին» ակումբը: Ի վերջո, կմեկնաբանե՞ք, թե ձեր ակումբներն ինչու առանձնացան:


- Հաա՜… Փաստորեն, հիշում եք (ծիծաղում է)… Կարծում եմ՝ նախորդ պատասխանում կա ձեր այս հարցի պատասխանը…


- Ձեր նկարահանած «Ես եմ» ֆիլմը սիրվեց հանդիսատեսի կողմից: Ինչո՞ւ ֆիլմարտադրության հաջողությունը չեք շարունակում:


- «Ե'ս եմ» ֆիլմից հետո մենք վարակվեցինք այդ հրաշալի հիվանդությամբ: Ովքեր կյանքում նկարահանել են գոնե մեկ ֆիլմ, ասածս կհասկանան խորությամբ: Այո, կարծում եմ՝ մենք մեր ստեղծագործական կյանքում կունենանք ֆիլմերի ցանկ: Այս պահին կա մի քանի ֆիլմի գաղափար, կան նաև ֆիլմեր, որոնք սցենարային աշխատանքի փուլում են: Թե երբ կսկսենք նկարահանումները՝ այս պահին հայտնի չէ: Սեփական միջոցներով այսօր չենք կարող այն իրականացնել… Ի դեպ, այս պահին կա կոմերցիոն, հումորային ֆիլմի գաղափար, և եթե կլինեն ներդրողներ՝ պատրաստ ենք համագործակցել:

 

Զրուցեց Վարուժան Բաբաջանյանը