LADYNEWS.am-ի «Քո հարցը» հարցազրույցների շարքն այս անգամ ներկայացնում է աշխարհահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանին:

Կարինա - Երբ համեմատում եք Ձեր ստեղծագործական և անձնական կյանքը, բացթողումները որտե՞ղ են ավելի շատ:

- Ապրել եմ այնպես, ինչպես պահն է թելադրել, չեմ կարող առանձնացնել որևէ բացթողում. ամեն ինչ համեմատության մեջ է, կարևորը խղճիդ դեմ չգնալն է:

Նարե - Երևի իմաստ էլ չկա ասելու' մարդիկ ոնց են գնահատում ու սիրում Ձեզ և Ձեր արվեստը, հիացական խոսքերը, ուղղված Ձեր անձին և Ձեր գործունեությանն, անընդհատ են հնչում, Ձեզ համար այդ ամենն արդեն սովորակա՞ն է դարձել, թե՞ յուրաքանչյուր նոր ասված խոսքի հետ հուզվում եք այնպես, ինչպես կհուզվեիք, ասենք, տարիներ առաջ:

-Ամեն մի ասված հիացական խոսք պարտավորեցնող է:

 

Գեղեցիկ - Ըստ Ձեզ' կյանքում պատահականություններ լինո՞ւմ են:

-Ո´չ, ամեն ինչ նախապես ծրագրավորված է:

Նինա - Ինչի՞ց եք կյանքում ամենաշատ վախենում:

– Պատերազմներից, որովհետև չեմ կարողանա ինքս որոշումներ կայացնել:

Անահիտ - Երբ Հայաստան եք գալիս, կա՞ մի բան, որ ամեն գալուց պետք է պարտադիր անեք:

– Պետք է անպայման այցելեմ հայրիկիս. նա արդեն 11 տարի է, ինչ մեզ հետ չէ…

 

Աննա - Մի անգամ նշել եք' ստեղծագործական կյանքը Ձեզ խանգարել է' լիարժեք ապրել որպես մայր, որպես կին, իսկ Ձեր դուստրից ու ամուսնուց այս առումով բողոքներ հաճա՞խ եք լսում:

– Երբեք բողոքներ չեմ լսել. այդ կյանքը նաև օգնել է ինձ' ապրելու: Կարևորը միասին անցկացրած ժամանակի որակն է եղել, ոչ թե քանակը:

Սիրուն – Կյանքում Ձեզ տրված ամենամեծ նվերը ո՞րն է եղել:

–Ամենամեծ նվերը բնությունից տրված շնորհն է' երգել կարողանալը:

Լուսինե - Ձեր հարցազրույցնեից մեկում նշել եք, որ Ձեր մայրը Ձեզ ասել է. «Եթե մայր չդառնաս, կտխրեմ», իսկ եթե Ձեր աղջիկն ապագայում որոշի չամուսնանալ և իրեն նվիրել կարիերային, ի՞նչ կանեք Դուք, ո՞րը կլինի Ձեր խորհուրդը նրան:

– Կվարվեմ այնպես, ինչպես մայրս: Մայրությունն այնպիսի բան է, որը հնարավոր չէ համեմատել մի այլ բանի հետ. իմ ամենամեծ դերակատարումն է ու ձեռքբերումը:

 

Մարինե - Նշել եք, որ զգացմունքային եք, իսկ զգացմունքները Ձեզ ավելի շատ օգնո՞ւմ, թե՞ խանգարում են:

– Հարկավոր է ճիշտ և տեղին օգտագործել զգացմունքայնությունն ու էմոցիանները:

Լիլիթ - Ձեր մեջ եղած կանացիությունն ու նրբությունը չնկատել պարզապես անհնար է, ըստ Ձեզ' կինն այդպիսին ծնվո՞ւմ է, թե՞ դառնում:

– Տգեղ կանայք չկան, իհարկե, հենք պետք է լինի, որի վրա յուրաքանչյուրը կկառուցի իր պատկերացումների և կարելիությունների չափով:

Մարիամ - Երբ համերգներով հանդես եք գալիս Հայաստանում, ի՞նչ ապրումներ ու զգացողություններ եք ունենում, նույնն ինչ արտասահմանյան բեմերո՞ւմ:

– Հայաստանում ինձ գրեթե բոլորը ճանաչում են, ուստի այստեղ սպասելքիներն ինձնից ավելի շատ են:

 

Անի - Որպես երգչուիհ' Ձեզ բավարարված զգո՞ւմ եք, թե՞դրա համար դեռ անելիքներ ունեք:

– Անելիքներ միշտ էլ կան, սա իմ անհատակ օվկիանոսն է…Այսօր էլ կարող եմ հանգիստ թողնել բեմը:

Հարցազրույցը' Շողիկ Գալստյանի