Այսօր տաղանդավոր շոումեն Մարկ Սաղաթելյանի ծննդյան օրն է, մի մարդու, ով վաղաժամ հեռացավ կյանքից, բայց նույնքան ուրախ և կենսախինդ հիշողություններով մնաց ընկերների հուշերում: Ռեժիսոր Խաչիկ Եղոյանը, ով Մարկի հետ երկու տարի նախագիծ է իրականացրել, և ում Մարկը «Ծյապո» էր անվանում, հիշեց, թե ինչպես էր ամեն սեպտեմբերի 1-ին ընկերն իրեն հիշեցնում սեփական ծննդյան օրը. «Մեր մտերմության երկու տարվա ընթացքում սեպտեմբերի մեկի առավոտյան ինքն էր զանգում, փոխանակ ես զանգեի ու շնորհավորեի իրեն, զանգում էր և ասում՝ ես այսօր «շկոլնիկ» եմ արդեն, պատրաստվում եմ դպրոց գնալ: Այդ օրերը շատ ուրախ էին անցնում, իսկ այսօր նույնքան տխուր է, շա՜տ տխուր»:
«Ինքը շատ չէր սիրում իր ծննդյան օրը, իր ծնունդը միշտ КВН-ի ընկերների հետ էր նշում: Երկու տարի մեր գործը մեզ կապել էր, և մենք ամենօրյա ընկերներ էինք դարձել»,- պատմեց Խաչիկ Եղոյանը՝ հիշելով նաև, թե ինչքան էր Մարկը սիրում ընկերների ծնունդներին հետաքրքիր անակնկալներ մատուցել. «Մեր ընկերներից մեկը մի շրջան կար, ամբողջ օրը հեռախոսով խոսում էր, որոշեցինք ծնունդին 15 000 դրամի 1000 դրամանոց լիցքավորման քարտեր նվիրել, որպեսզի մատերը հոգնեն անընդհատ լիցքավորելուց»:
Խաչիկ Եղոյանը նաև հիշեց, թե ինչպես են ինքն ու Մարկը գնել իր առաջին մեքենան. «Առաջին մեքենան, որ պետք է գնեի, Մարկի հետ գնացինք Վրաստան։ Մարկն այդ ժամանակ ձեռնարկել էր Արամոյի ու իր նախագիծը, «Կայծակ» անունով խումբ էին ստեղծել, նախագիծն արդեն որպես պրոդյուսերի հանձնել էր ինձ, որ իրար հետ որոշենք դրա ճակատագիրը: Այդ ընթացքն էր, և Մարկն առաջարկեց գնալ Վրաստան, իր մեքենայով գնացինք: Հասանք սահման, այնտեղ պարզեցինք, որ Մարկը մոռացել է մեքենայի տեխնիկական անձնագրի ռուսերեն թարգմանությունը, այդ ժամանակ էլ Վրաստանի և Ռուսաստանի միջև պատերազմական վիճակ էր և մեզ թույլ չտվեցին անցնել: Իր հումորային բնավորությանը հատուկ Մարկը կատակներ արեց, վիճեց սահմանային անցակետի աշխատակիցների հետ, նեղացավ, չէր ուզում մտնել Վրաստան, ասաց՝ «Ես էլ երբեք չեմ գա Վրաստան»։ Գիշերվա ժամը 3-ն էր, ուղեղումս մի միտք փայլատակեց, նոտարական կնիք էր մեզ պետք: Ասացի՝ «մինչև Նոյեմբերյան հետ քշի»։ Գնացինք, գտանք Նոյեմբերյանի նոտարին, թարգմանությունը կնքեցինք ու վերադարձանք սահման, այդ աղջիկ, երբ նորից տեսավ մեզ, ասաց՝ «Ну вы, армяне!», այսինքն՝ մենակ դուք կարող եք նման բան անել, Մարկն իր հետաքրքիր դեմքի արտահայտությամբ այդ աղջկան ասաց. «Էդ դուք երևի КВН չեք նայել, որ նայեիք, կհասկանայիք, որ հայերը հնարամիտ են»:
Եվ ինչպես իր խոսքը եզրափակեց Խաչիկ Եղոյանը՝ հենց այդպես էլ հպարտ ու հայավարի մնաց Մարկն իր ընկեր «Ծյապոյի» հուշերում: Ի դեպ, Խաչիկ Եղոյանը մեզ շատ հետաքրքիր տեսանյութեր տրամադրեց իր տեսադարանից, որոնք պատմում ենք Մարկի հետ անցկացրած նրա հետաքրքիր օրերի մասին։ Տեսանյութերը՝ ստորև։