Mars One կազմակերպությունը օգոստոսի 31-ին կավարտի առցանց հայտերի ընդունումը անվերադարձ Մարս մեկնելու ծրագրի շրջանակներում, որից հետո կընտրի երկրորդ փուլ անցնող մասնակիցներին, հայտնում է РИА Новости-ն:
2012-ի հունիսին Mars One ոչ առևտրային կազմակերպությունը հայտարարել էր, որ մտադիր է 2023-ին 4 հոգուց բաղկացած խումբ ուղարկել Կարմիր մոլորակ, որտեղ նրանք կբնակվեն ռոբոտների միջոցով կառուցված բնակավայրում:
Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր ծրագրի կայքում, Մարս մեկ ուղությամբ տոմս ստանալու համար հայտ էր ներկայացրել 165 000 մարդ: Մարսում բնակություն հաստատելու ցանկություն ունեցողների մեծամասնությունը ամերիկացիներ են (ընդհանուր թվի 23 տոկոսը): Հայտեր են ընդունվել նաև Չինաստանից, Հնդկաստանից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից և այլ երկրներից:
Նախագծի կանոնների համաձայն՝ մասնակիցները պետք է 18 տարեկանից փոքր չլինեն, ունենան ամուր առողջություն և հարմարվելու կարողություն: Չնայած, որ շփման լեզուն անգլերենն է, ազգային սահմանափակումներ չկան:
2015-ի հուլիսին կազմակերպիչները կընտրեն 24 թեկնածուների, ովքեր հաջորդ 7 տարիների ընթացքում միասին վերապատրաստում կանցնեն, իսկ հաջորդ տարի առաջին խումբը կմեկնի Մարս: