Մենչը՝ նույն ինքը Արմեն Պետրոսյանը, հայկական հեռուստաեթերի ամենավարկանիշային հաղորդումներից շատերի պրոդյուսերն է: Նրա ղեկավարած նախագծերը միշտ մեծ լսարան են ունենում: Սեպտեմբերից արդեն հայկական եթերում կլինեն անակնկալներ Մենչի կողմից՝ եթեր կվերադառնան սիրված կերպարներ, ինչպես նաև՝ սիրված հաղորդումներից մեկը:

Բացի ճանաչված դերասան և պրոդյուսեր լինելուց՝ հայտնի շոումենը նաև բազմազավակ հայր է: Արմենը և կինը՝ Քրիստինեն, ունեն 3 երեխա՝ Էլինան, Մարիան և Աշոտը:

Այս եթերաշրջանի անակնկալների, իր քաղաքացիական հայացքների և բազմաթիվ այլ հետաքրքիր թեմաների մասին MediaMall.am-ը զրուցեց Արմեն Պետրոսյանի հետ:

 

Նոր եթերաշրջանում «Yere1» նախագիծը լինելու՞ է եթերում:


Այո, սեպտեմբերի 23-ից ծրագիրը կսկսի եթեր հեռարձակվել:

 

Իսկ նոր կերպարներ լինելու՞ են, թե՞ նախագիծը կշարունակվի արդեն մեզ ծանոթ հերոսներով:


Իհարկե, բազմաթիվ փոփոխություններ են լինելու: Անցած եթերաշրջանի կերպարներից մնալու են միայն Վիպոյանները և Խափլանյանները, իսկ հին կերպարներից եթեր կվերադառնան Լացկանյանները: Ունենք նաև անակնկալ՝ ամբողջովին նոր սյուժե՝ նոր կերպարներով:

 

Նոր դերասաններ հրավիրվա՞ծ են ծրագրում:


Այո, նախագծում ընդգրկվել են նոր դերասաններ, որոնց անունները դեռ չեմ հրապարակի:

 

Ինչո՞ւ այլեւս չկա «Բլեֆը»։ Հնարավո՞ր է՝ նախագիծը կրկին վերադառնա եթեր:


Արդեն սկսել ենք նկարահանումները, տաղավարը պատրաստ է: «Բլեֆը» եթերում կլինի սեպտեմբերի 27-ից:

 

Ձեր գործընկերներից շատերն այս օրերին ակտիվ մասնակցություն են ունենում քաղաքացիական ակցիաներին: Ինքներդ երբևէ մասնակցե՞լ եք նմանատիպ ակցիաների: Ի՞նչ կարծիքի եք ընդհանրապես նմանատիպ միջոցառումների մասին:


Շատ լավ կարծիքի եմ, բայց անձամբ դեռ չեմ մասնակցել:

 

Բայց հնարավո՞ր է, որ երբևիցէ Արմեն Պետրոսյանին տեսնենք նմանատիպ ակցիաների մասնակցելիս:


Ամեն ինչ այս կյանքում հնարավոր է: Եթե նույնիսկ տեսնեք՝ ամեն ինչ կանեմ, որ դա չլուսաբանվի, այդ ամենը ես կանեմ իմ հոգու հանգստության համար:

 

Դուք ևս ժամանակին հանդես էիք գալիս դուետով Ձեր ընկերոջ՝ Գրիգորի հետ: Ինչու՞ դուետը այլևս չկա:


Գրիգորը որոշեց իր գործունեությունը շարունակել Մոսկվայում, և մինչև այժմ շարունակում է: Իսկ հիմա ես ունեմ իմ բազմամարդ թիմը, որոնց հետ փորձում եմ շարժվել առաջ:

 

Որպես արհեստավարժ պրոդյուսեր՝ ի՞նչ կարծիքի եք՝ Հայկոյի և Մկոյի դուետի լուծարումից հետո նրանց անհատական կարիերան հաջողակ կլինի՞: Հասարակությունը կընկալի՞ նրանց առանձին-առանձին:


Իրենք այնքան տաղանդավոր մարդիկ են, որ կարծում եմ՝ ամեն ինչ նրանց մոտ շատ լավ կստացվի:

 

Բացի հումորային նախագծերից՝ ձեր ուժերը որպես դերասան այլ ժանրում երբևէ փորձե՞լ եք:


Ոչ, բայց շատ եմ ուզում փորձել:

 

Գիտեմ, որ բացի հումորային նախագծերից՝ հայկական եթերում իրականացնում եք բազմաթիվ ծրագրեր՝ այլ ձևաչափերով: Կպատմե՞ք մյուս նախագծերի մասին:


Իհարկե, ես որպես պրոդյուսեր իրականացնում եմ բավականին շատ ծրագրեր, որոնք կապ չունեն հումորի հետ, օրինակ՝ «Սուպեր դուետ», «Նոստալժի», «Ընտանեկան ալբոմ», «Բարի լույս, հայեր» հաղորդումները, ինչպես նաև նկարահանել եմ «Եռաչափ սեր» հեռուստասերիալը:

 

Ձեր սերնդակիցները՝ ՈՒՀԱ-ի տղաները, շատ հաջողակ գործունեություն են ծավալում շոու բիզնեսում: Ձեզ փոխարինողներ տեսնու՞մ եք նոր սերնդի մեջ:


Այո, մեր ամբողջ թիմը բավականին երիտասարդ է:

 

Ի՞նչ մասնագիտություն ունի ձեր կինը: Արդյոք ձեր ծանրաբեռնվածությունը հաշվի առնելով՝ բավարար ժամանակ տրամադրում եք ընտանիքին:


Իմ կինը կրթությամբ մանկավարժ է, բայց այժմ զբաղված է իր սիրելի գործով: Նա make up արտիստ է, դիմահարդար: Իսկ գործից դուրս ամբողջ ժամանակս աշխատում եմ տրամադրել միայն իմ ընտանիքին:

 

Վարուժան Բաբաջանյան