Նյու Յորքի Կուպեր-Հյուիթ դիզայնի ազգային թանգարանն իր հավաքածուի մեջ է ներառել iPad պլանշետների համար Planetary հավելվածը և դրա կոդը, գրում է lenta.ru-ն:

Թանգարանի ներկայացուցիչները հայտնել են, որ հավելվածը հետաքրքիր է որպես «21-րդ դարասկզբի գեներատիվ գրաֆիկական դիզայնի նմուշ»: Նրանք նշել են, որ արդիականությունը թանգարանների առջև խնդիր է դնում պահպանելու այն օբյեկտները, որոնք գոյություն ունեն ոչ միայն ֆիզիկական, այլև թվային ձևով:

Planetary-ն նախատեսված է iPad-ի օգտատիրոջ գրադարանից «երաժշտության վիզուալիզացիայի համար»: Ծրագիրը կատարողներին ներկայացնում է աստղերի տեսքով, ալբոմները՝ մոլորակների, իսկ առանձին երգերը՝ մոլորակների արբանյակների տեսքով: