MediaMall.am-ը անդրադարձել է Հայկ Մարությանի և Մկրտիչ Արզումանյանի դուետի փլուզմանը՝ հրապարակելով հարցազրույց Կարգին Հայկոյի հետ, ինչպես նաև լուսաբանելով Մկոյի և Հովհաննես Ազոյանի նոր համատեղ նախագծի մասին լուրը: Փորձերը՝ մեկնաբանություններ ստանալ սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանից՝ ձախողվեցին, որովհետև մեզ չհաջողվեց կապ հաստատել նրա հետ:
Եվ ահա «Հայկական ժամանակ» թերթը զրուցել է Մկրտիչ Արզումանյանի հետ։

- Մկրտիչ, ինչո՞ւ բաժանվեցին ձեր ճանապարհները։ Նախաձեռնությունը ձե՞րն էր։

- Արդեն այնքան տարբեր բաներ են ասում։ Երևի թերթերին ինչ-որ նոր թեմա է պետք գրելու։ Ես չեմ ուզում մեկնաբանել ընդհանրապես որևէ բան։ ժամանակը ցույց կտա՝ ով ինչով է զբաղվում, ով ինչով է զբաղվելու ու միասին անելո՞ւ ենք հետագա պրոյեկտներ, թե չէ։ Ես հիմա չեմ ուզում ոչ մի թեմայով մեկնաբանություններ տալ ու ընդհանրապես ոչ մեկին մեկնաբանություն չեմ տալիս։ Ով որ գտնում է՝ ճիշտ է, կամ ուզում է տալ, թող տա, ես զբաղվում եմ իմ գործերով։ Ճիշտն ասած՝ ուրիշ գործով չեմ ուզում զբաղվել։

- Դուք ինքներդ էլ գիտեք, որ հանրության կողմից շատ սիրված եք և մարդկանց հետաքրքրում է ձեր բաժանման պատճառը։ Դրա համար չե՞ք կարծում, որ ճիշտ կլինի՝ մեկնաբանել ստեղծված իրավիճակը։

- Չէ, ես չեմ ուզում մեկնաբանել ընդհանրապես ոչ մի բան։ Նորից եմ կրկնում, ժամանակը ցույց կտա, դրանից ելնելով մարդիկ կհասկանան՝ ով ինչ է անելու և դա օբյեկտի՞վ է, թե՞ ոչ։

- Ամեն դեպքում դո՞ւք եք ցանկացել որ բաժանվեք։ Հայկոյի հարցազրույցներից մեկում կարդացի... (նա ասել էր, որ կոնֆլիկտի համար երկու կողմ է հարկավոր, իսկ ինքը պատրաստ է Մկոյի հետ համագործակցել)։

- Այնպիսի հարցեր եք տալիս, ես չեմ ուզում ձեր հարցերին պատասխանել։ Չեմ ուզում ընդհանրապես որևէ թեմայով խոսել՝ ոչ այդ, ոչ ուրիշ։ Ընդհանրապես ոչ մի հարցազրույց չեմ ուզում տալ։

- Նեղացա՞ծ եք ինչ-որ մեկից։

- Ոչ մեկից չեմ նեղացած։ Կարծում եմ իմ իրավունքն է դա՝ ես չեմ ուզում ոչ մեկին հարցազրույց տալ։ Ինձ համար որոշել եմ դա անել ու այդպես էլ անում եմ։ Ես զբաղված եմ իմ գործով, իսկ իմ գործերը շատ են, ես ծանրաբեռնված եմ։