Խաղաղ օվկիանոսի արևադարձային հատվածի ջրերի սառչելը գլոբալ տաքացման գործընթացին խոչընդոտող հիմնական գործոններից մեկն է, գրում է Газета-ն՝ հղում անելով The Guardian-ին։

Գիտնականներին հաջողվել է գտնել այն հարցի պատասխանը, թե ինչու է անցած տասնամյակի ընթացքում մակերևույթի գլոբալ միջին ջերմաստիճանը համեմատաբար ավելի դանդաղ աճել, քան նախկինում՝ չնայած ընդհանուր միտմանը։ Պարզվում է՝ Խաղաղ օվկիանոսի արևելյան արևադարձային հատվածի ջրերը բավական ինտենսիվ կերպով սկսել են սառչել, ինչը կապված է այսպես կոչված՝ Խաղաղօվկիանոսյան տասնամյա տատանման հետ։

Մասնագետները գտնում են, որ սառեցման այս փուլը կարող է տարիներ տևել։ Ի դեպ, վերջին նմանատիպ փուլը տևել է 1940-ականներից մինչև 1970-ականները։ Գիտնականների խոսքերով՝ օվկիանոսը մեծ դերակատարում ունի մոլորակի ջերմաստիճանի կարգավորման հարցում։