Տխրահռչակ «Տիտանիկ» նավում (խորտակվել է 1912թ.) եղել են շատ իրեր, այդ թվում նաև խոզի պատկերով երաժշտական զարդատուփ։ Այն չի խորտակվել. փրկարարական նավակներից մեկում հայտնվելով՝ այն հասել է Նավարկության ազգային թանգարան։ Ցավոք, զարդատուփի մեխանիզմը կոտրվել է և մինչ վերջերս ոչ ոք չի իմացել, որ այն նվագում է, գրում է newsru.com-ը։
Սակայն այժմ մեղեդին վերականգնվել է՝ առանց զարդատուփը քանդելու, ինչի համար կիրառվել է ռենտգենային ճառագայթում։
Զարդատուփը պատկանել է Էդիթ Ռոզենբաումին, որը ճանապարհորդել է նավի առաջին դասով։ 1970թ. նա պատմել է, որ բոլորովին չի ցանկացել լքել նավը, մինչ այն պահը, երբ նրան է մոտեցել նավաստին և ասել. «Չես ուզում փրկվել, մենք քո երեխային կփրկենք»։
Նավաստին նրա ձեռքից վերցրել է զարդատուփը և նետել նավակի մեջ։ Թիվ 11 նավակում նա մի քանի ժամ շարունակ միացրել է խաղալիքն այդտեղ գտնվող երեխաների համար։
Զարդատուփի մեղեդին կոչվում է «La Sorella», իսկ գրել է այն ֆրանսիացի կոմպոզիտոր Շարլ Բորել Կլերկը։