Սերիալային դերասան Ալեքսանդր Բաբասյանին esyes.am-ն քանիցս անդրադառնալու առիթ ունեցել է: Ամռան այս շոգ օրերին նա կնոջ' Լիլիթի և նրա ծնողների հետ հանգիստն է վայելում Բուլղարիայում, որտեղ էլ ամիսներ առաջ զույգը բնակարան էր գնել:
Ալեքսանդրը esyes.am-ին պատմեց տպավորությունների մասին: «Արդեն տասն օր է, ինչ այստեղ ենք, բավականին շատ բան ենք հասցրել անել ու տեսնել: Եղել ենք Բուլղարիայի պատմական քաղաքներից մի քանիսում' Սոզոպոլ ամրոց քաղաքում, Նեստորում, որտեղ պահպանվել են մի շարք պատմական հուշարձաններ, հին տներ: Ծնողներիցս շատ եմ լսել «золотые пески» ափի մասին, ու այս տարի լավ հնարավորություն ընձեռնվեց, կարողացա վերջապես Վառնա գնալ ու տեսնել այդ ափը »,- ասաց դերասանը:
Ալեքսանդրի խոսքերով' երկու վայր դեռ կա, որտեղ ինքը պետք է անպայման լինի. «Մոտակայքում մի հին գյուղ կա, որտեղ գինիների մեծ հավաքածու և շատ հին ժամանակների ազգային տարազներ կան: Ասում են' այնտեղ նաև շատ հետաքրքիր ավանդույթներ են պահպանվել' կապված ազգային երգերի և պարերի հետ: Իսկ հետո մայրաքաղաք Սոֆիա եմ գնալու: Այնտեղ էլ դեռ չեմ հասցրել լինել»:
Դերասանը նշեց նաև, որ արձակուրդն իր համար շատ հետաքրքիր է անցնում: Թեև նա առաջին անգամ չէ Բուլղարիայում, նախորդ անգամ կարճ ժամանակով է այնտեղ եղել և չի հասցրել վայելել ու այնտեղ ամեն ինչ' թե՛ մարդիկ, թե՛ տեսարժան վայրերը, թե՛ մշակույթը նոր են իր համար. «Ես սիրում եմ ճանապարհորդել ու ծանոթանալ աշխարհի տարբեր երկրների, տարբեր ազգերի կենսակերպին, ավանդույթներին, այստեղ ամեն ինչ ուղղակի հրաշալի է: Բնությունն էլ է լավը, սնունդն էլ, օդն էլ: Ճիշտ է' աղքատ պետություն է, բայց այն, որ ծով կա, արդեն իսկ մեծ բան է»:
Սերիալային դերասանը մեզ հետ զրույցում նշեց նաև, որ այս տարի հանգստի համար մոտ 10.000 եվրո է ծախսել: «Մի քիչ դժվարանում եմ ասել, թե հստակ ինչքան եմ ծախսել: Գալու ժամանակ մոտ 10.000 եվրո ունեի, կարծում եմ' քսան օրվա համար այդքանը կբավականացնի: Արդեն իսկ հասցրել ենք շատ տեղերում լինել ու մի շարք հաճույքներից օգտվել»,- նշեց Ալեքսանդրը, ով տասն օրից նոր կվերադառնա հայրենիք: