E! News պորտալը նախօրեին տարածել է Անջելինա Ջոլիի հայտարարությունը, որում դերասանուհին անդրադարձել է Սիրիայում քաղաքացիական պատերազմի հետևանքներին, գրում է buro247.ru-ն։
«Այն, ինչ այսօր տեղի է ունենում երեխաների հետ Սիրիայում, հակակրանք է առաջացնում։ Հազարավոր անմեղ տղաներ և աղջիկներ զոհվել են սարսափելի հանգամանքներում, իսկ ևս 1 մլն սիրիացի երեխաներ ամեն գնով փորձում են գոյատևել՝ լքելով իրենց երկիրը և ապրելով այլ տարածքներում անմարդկային պայմաններում։ Այդ փախստական երեխաներից յուրաքանչյուրը դարձել է անիմաստ հակամարտության անմեղ զոհը։ Նրանք կացարանի, սննդի և օգնության կարիք ունեն։ Սակայն, նախևառաջ, նրանք անվտանգության կարիք ունեն»,- գրել է Ջոլին։
Լինելով ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան՝ Ջոլին առաջին անգամ չէ, որ անհանգստություն է հայտնում սիրիացիների վիճակի վերաբերյալ։
Այս տարի հունիսին նա հերթական այցն է կատարել Հորդանան, որտեղ տեղակայված է սիրիացի փախստականների ամենամեծ ճամբարը, որից հետո դիմել է համաշխարհային առաջնորդներին. «Խնդրում եմ, մի կողմ դրեք ձեր տարաձայնությունները, միավորվեք՝ բռնությունը կանգնեցնելու համար։ Միլիոնավոր մարդկանց կյանքը ձեր ձեռքերում է»,- ասել է Ջոլին։