Դերասան Հայկ Աֆրիկյանի և սիրելիի՝ Ստելլա Քոչարյանի, սիրո պատմությանն ու նշանադրությանը esyes.am-ն արդեն անդրադարձել է:
Դեռ այն ժամանակ Հայկը նշել էր, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում կամուսնանան: Սակայն զույգի պսակադրությունը հետաձգվում է: Պարզվում է' Հայկն այժմ քրտնաջան աշխատում է ճոխ հարսանիք կազմակերպելու և սիրելիին բարեկեցիկ կյանքով ապահովելու համար:
«Դեռևս մեր նշանադրության օրը՝ անցյալ տարվի օգոստոսի 4-ին, մենք որոշեցինք, որ մեկ տարի հետո նույն օրն ամուսնանալու ենք, բայց այժմ, երբ օրը մոտեցավ, հասկացանք, որ մինչ այդ լուրջ քայլին դիմելը, շատ ավելի կարևոր գործեր ունենք, որոնք պետք է ավարտին հասցնենք»,- esyes.am-ի հետ զրույցում ասաց Հայկը՝ նկատելով,- ամեն պահի էլ կարող ենք ամուսնանալ, բայց կան բաներ, որոնք պետք է անել մինչ ամուսնությունը»:
Հայկն այժմ աշխատանքային բուռն գործունեության մեջ է. բացի հեռուստասերիալներից, նա նաև աշխատում է իր հիմնադրած դերասանական ստուդիոյում՝ «Level 1»-ում' դասավանդելով դերասանի վարպետություն և բեմական խոսք: Նույն դպրոցում է աշխատում նաև Ստելլան. վերջինս պարի դասեր է տալիս:
Դերասանի խոսքերով' իրենք դեռ նախորդ տարվանից պատրաստվում էին հարսանիքին. «Անցյալ տարվանից նախապատրաստական աշխատանքները սկսել էինք, շատ բաներ կան, որ արդեն պատրաստ են, հարսի զգեստն էլ ունենք, մնում է հարսանիք անենք:) Չնայած նշանակված օրվա փոփոխվելուն' մեր հարսանքիքը սարերի հետևում չէ: Առաջիկայում անպայման կամուսնանանք, բայց թե երբ, այս պահին հստակ չեմ կարող ասել. ուշ լինի նուշ լինի»:
Սերիալային դերասանի հետ զրուցեցինք նաև այն մասին, թե սիրելին առարկություն չի՞ ունեցել կապված օրվա փոփոխման հետ. «Իմ ու Ստելլայի միջև նման հարաբերություններ չեն: Մենք շատ մտերիմ ընկերներ ենք, ամեն հարց միասին ենք քննարկում ու փորձում հասկանալ իրար, այս անգամ էլ ընդհանուր հայտարարի եկանք»:
Հայկը քիչ հավանական է համարում, որ հնարավոր է' ի վերջո մտափոխվեն և անաղմուկ ամուսնանան. «Չեմ կարծում: Եթե նման բան լինի, ուրեմն իմացեք, մի օր ուղղակի որոշել ենք ու գնացել իրար հետ ապրելու»:
Ի դեպ, զույգը հարսանիքից հետո պատրաստվում է առանձին ապրել:
Դերասանը խոստացավ, որ հարսանիքի օրը հստակեցնելուն պես esyes.am-ին տեղեկացնել այդ մասին: «Կարծում եմ' շուտով ամեն ինչ պարզ կլինի: Օրը որեշելուն պես կզանգահարեմ ձեզ ու կհրավիրեմ»,- եզրափակեց Հայկը:
Հայկի հետ զրուցեց Մերի Պողոսյանը