Գիտնականներին հաջողվել է բջիջները հեռացնել մկան սրտից և դրանց փոխարեն մարդկային բջիջներ տեղադրել, ինչից հետո կենդանու սիրտը նորից աշխատել է: Ռեգեներացիայի (վերածնում) փորձի արդյունքները հրապարակվել են Փիթսբուրգի համալսարանի բժշկական կենտրոնի կայքում, գրում է Russia Today-ը:
Մկան սրտից բջիջների հեռացման համար շուրջ 10 ժամ է պահանջվել: Այնուհետև գիտնականները մարդու մաշկի մի հատվածից բիոպսիա են վերցրել (ախտորոշման և ուսումնասիրության նպատակով հյուսվածքը վերցնելը), որից արհեստական ցողունային բջիջներ են ստացել: Փորձի մասնակից գիտնականի խոսքով նախկինում ոչ ոք ռեգեներացիայի համար չի կիրառել բջիջի այս տեսակը:
Մի քանի շաբաթ անց մկան սիրտը ոչ միայն ընդունել է մարդկային բջիջները, այլև սկսել է նորմալ աշխատել՝ րոպեում 40-50 զարկով:
Ըստ գիտնականների՝ ներկա պահին այս փորձարկումը կարևորվում է նրանով, որ ամբողջ աշխարհում պակասում են սրտի դոնորները:
Ըստ վիճակագրության՝ ԱՄՆ-ում ամեն 34 վայրկյանը մեկ մարդ է մահանում սրտային հիվանդությունից: Ավելի քան 5 մլն մարդ տառապում է սրտի անբավարարությամբ, ինչը նշանակում է, որ սիրտը չի հասցնում բավարար քանակությամբ թթվածին և օգտակար նյութեր մատակարարել օրգանիզմին:
Ըստ աղբյուրի՝ ապագայում այս մեթոդը հնարավոր կլինի կիրառել փոխպատվաստման համար սրտի ռեգեներացիա կատարելու գործընթացում, նշում է աղբյուրը: