Դերասան Սոս Ջանիբեկյանը, ով տևական ժամանակ է, ինչ չի նկարահանվում նոր հեռուստասերիալներում, օրեր առաջ նկարահանվել է նոր ֆիլմում, որը պատմական է: Արնոլդ Աղաբաբովի ստեղծագործության հիման վրա նկարահանված «Թևանիկ» կոչվող ֆիլմի ռեժիսորը Ջիվան Ավետիսյանն է, սցենարը մշակել է Կարինե Խոդիկյանը: «Դերասանի' կերպար կերտելու և հաջողության ամենամեծ գրավականներից մեկը դրամատուրգիան է: Նույնիսկ եթե կերպարը բացասական է, սակայն լավ սցենար է գրված, դերասանի համար հեշտ է լինում, որովհետև միանգամից հասկանում է՝ իր բոլոր դրսևորումներով ինքն ով է»,- ասաց Սոսը՝ ընդգծելով, որ այս ֆիլմի սցենարն իսկապես լավն է:
Ֆիլմում ներկայացված է Ղարաբաղյան շարժման շրջանը. ընդ որում՝ շեշտը դրված է ոչ միայն պատերազմական գործողությունների, այլև մարդկային հարաբերությունների, ապրումների, հոգեվճակների, անձնական դրամաների վրա: «Այստեղ ներկայացված է երեք պատմություն, որոնք տեղի են ունենում միաժամանակ և վերջում միանում իրար: Հերոսները երեխաներ են, որոնց մասնակցությունը պատերազմին, ապրումներն ու դրա ընկալումը ևս արտացոլված է ֆիլմում,- esyes.am-ի հետ զրույցում ասաց Սոսը, ով տպավորված է իր կերպարով: -Այդ կերպարն ինձ համար ամենախորն է ֆիլմում, քանի որ նա տիեզերական մտածողություն ունի, ոչ թե տեղային ու կարծրատիպային, ամեն երևույթի անդրադառնում է առավել մարդկային՝ մենթալիտետից դուրս: Բացի այդ, նա մի արտահայտություն է անում, որի մոտավոր ձևակերպումն այսպիսին է. «Ավելի լավ է մի փոքրիկ սխալ անել դեպի անմահություն ու հետո, եթե ապրելու բախտ վիճակվի, ամբողջ կյանքում հանգիստ ապրենք, քան մի մեծ ճիշտ անենք դեպի վախ, նահանջ, կյանք ու հետո ամբողջ կյանքում չկարողանանք ապրել»: Միայն այդ արտահայտության համար ես կխաղայի այդ դերը»:
Սոսը նշեց, որ իր կերպարի հետ ընդհանրություններ շատ ունի. «Ինձ դեռ չի հանդիպել ու, կարծում եմ, չի էլ հանդիպի այնպիսի կերպար, որի հետ ընդհանրություններ չկարողանամ ստեղծել, գտնել ինչպես ցանկալի, այնպես էլ անցանկալի ընդհանրություններ, որովհետև բոլոր մարդիկ նմանություններ ունեն: Այս հերոսիս հետ ընդհանրությունները գաղափարական են' կարծրատիպերը կոտրելու, մեծ ու փոքր խնդիրները տարանջատել կարողանալու, ողջամտության, իրական և հորինված ճշմարտություններն ընկալելու, զգուշության առումով: Ես էլ շատ զգույշ եմ, սակայն երբ հարցը հասնում է ծայրահեղության' ինձ մոտ միանգամից վերանում են զգուշությունն ու վախը, առաջ է գալիս աստվածային խիզախություն: Մինչ այդ, ես ամենազգույշն եմ: Ես միշտ կարողացել եմ իրարից տարանջատել վախկոտությունն ու զգուշությունը: Հերոսիս մոտ ևս ոչ թե վախկոտություն է նկատվում, այլ զգուշություն: Ամենակարևոր պահին նա պատրաստ է անգամ դեպի մահ գնալ, որը ոչ թե մահ է, այլ անմահություն: Եթե սցենարը կարդալիս հուզվում ես ու զգում, որ այդ ժամանակ, այդ դրության մեջ, այդ տղայի փոխարեն կարող էիր դու լինել, ուրեմն ընդհանրությունները մեծ են»:
Սոսից տեղեկացանք, որ ֆիլմում խոսել է ղարաբաղյան բարբառով, որին մինչ այս չի տիրապետել: Չնայած բարդություններին՝ դերասանն անհնարինը հնարավոր է դարձրել. «Կարծես նոր լեզու սովորեի, որը ոչ մի կապ չունի երևանյան խոսակցական լեզվի հետ և շատ բարդ էր կարճ ժամանակում սերտել, սակայն ինձ համար անհնարին բաներ չկան»:
Դերասանն ընդգծեց նաև ֆիլմի ռեժիսորի՝ Ջիվան Ավետիսյանի էնտուզիազմը, մեծ նվիրումն իր գործին ու անշահախնդրությունը. «Շատ կարևոր է, երբ նկարահանման տաղավարում ռեժիսորն է դերասանի համար աշխատում, ոչ թե դերասանը՝ ռեժիսորի ու ռեժիսորը ռեժիսոր չի խաղում, այլ աշխատում է: Ջիվանը շնորհքով ու կարգին տղա է, ով փորձում է մի լավ բան անել և մեծ մասամբ իր մոտ ստացվում է: Նա առանց վախենալու առաջ է գնում՝ հասկանալով, որ Հայաստանում շատ դժվար է նկարահանել լուրջ ֆիլմեր, որովհետև չկան հովանավորներ ու աջակիցներ, ովքեր մեծ ներդրումներ կանեն ոչ կոմերցիոն ֆիլմերում: Նա դա անում է առանց ակնկալելու շահ, գումար, փառք՝ ընտրելով դժվար ճանապարհը, իսկ ես հարգում եմ դժվար ուղի ընտրած մարդկանց և միշտ պատրաստ եմ օգնել նրանց»:
Դերասանից ճշտեցինք, որ այս ընթացքում մի շարք սերիալների առաջարկներ է մերժել, քանի որ սպասում է լավ բազմասերիանոց ֆիլմի կամ շատ լավ սերիալի առաջարկի: Անդրադառնալով վերջին շրջանում տարածված խոսակցություններին՝ թե ինքը նկարահանվելու է նոր բազմասերիանոց ֆիլմում, որի ռեժիսորը լինելու է Լուսինե Մարտիրոսյանը, սցենարի հեղինակը՝ մայրը՝ Անահիտ Աղասարյանը, դերասանն ասաց. «Այդ ֆիլմը դեռ չի նկարահանվում և ես չգիտեմ՝ ինչ է լինելու: Մարդիկ միշտ ինձ հետ ինչ-որ ծրագրեր են կազմում: Դա ինձ համար ողջունելի է, նշանակում է՝ պահանջված եմ: Շատ շնորհակալ եմ նրանց, բայց չեմ ուզում իմ հանդիսատեսին խաբել կամ հուսահատեցնել: Սերիալների մեջ դեռ չկա մի նախագիծ, որում ես ընդգրկված եմ: Իսկ այն մարդիկ, ովքեր ինձ սպասում են և կցանկանան ինձ տեսնել էկրանին՝ ամենաստույգ տեղեկությունները միայն ինձնից կիմանան»: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ սցենարի հեղինակը լինելու է տկն Անահիտը, Սոսը նշեց, որ դա իր համար մեծ առավելություն է,սակայն միայն այդքանը բավարար չէ իր համաձայնությունը ստանալու համար. «Որպես սցենարիստ՝ օբյեկտիվորեն շատ եմ գնահատում մորս: Սակայն միանշանակ չէ, որ կխաղամ, թեև վստահ եմ, որ սցենարը հաստատ լավը կլինի ու մայրս կկարողանա ինձ համար լավ կերպար կերտել՝ օբյեկտիվորեն ինձ գնահատելով որպես դերասան ու որոշ չափով կայացած համարելով: Այնուամենայնիվ, ես չգիտեմ՝ ո՞վ է դա նկարահանելու, ովքե՞ր են խաղալու: Այս առումով ինձ հետ աշխատելը մի քիչ դժվար է, քանի որ ես մանրակրկիտ ուսումնասիրում եմ, թե սերիալի կայացման համար ինչ ուժեր են աշխատում՝ սցենարիստը, ռեժիսորը, օպերատորը, դերասանները: Կարևոր է, թե ինչ թիմ է հավաքվում, քանի որ հաջողության գրավականը թիմային աշխատանքն է: Ես պետք է մանրակրկիտ հետազոտեմ, որպեսզի չհայտնվեմ մի տեղ, որտեղ վատ մասնագետների պատճառով չեմ ցանկանա ստեղծագործել: Կինեմատոգրաֆիայի ցանկացած ճյուղը անսամբլային աշխատանք է: Տասնինը տարեկանից ես, գոնե իմ կարծիքով, խաղացել եմ լավագույն սերիալներում, որտեղ եղել են Արմեն Ջիգարխանյանը, Արտաշես Ալեքսանյանը, Ալեքսանդր Խաչատրյանը, Սամվել Սարգսյանը, Աբել Աբելյանը, գլխավոր օպերատորը, իսկ «Եղբայրներում» արդեն ռեժիսորը եղել է Գրիգոր Վահրամյանը, մոնտաժել է Մանվել Հովսեփյանը: Այս անձնակազմն արդեն իսկ որակ էր ներշնչում ինձ»:
Առաջիկայում Սոսը կնկարահանվի ևս մեկ ֆիլմում, որի ռեժիսորը Հովհաննես Գալստյանն է, ում նա իր կնքահայրն է համարում մեծ կինոյում, քանի որ Հովհաննեսը եղել է առաջին ռեժիսորը ում ֆիլմում՝ «Խճճված զուգահեռներում» Սոսն առաջին անգամ նկարահանվել է:
Ավելի վաղ esyes.am-ն իր ընթերցողներին պատմել էր, որ Սոս Ջանիբեկյանը նկարահանվել է ռուսական երեք ֆիլմում: Դերասանը ռուսական ֆիլմերում նկարահանվելու նոր առաջարկներ էլ ունի, որոնք առայժմ քննարկման փուլում են: Երբ ծրագրերը հստականան, դերասանն այդ մասին բացառիկ անդրադարձը ևս «Ես»-ին կվստահի:)
Միշտ հաճելի է զրուցել Սոսի հետ:) Ամալյա Հովհաննիսյան