Հասարակության վերաբերմունքի, կնոջ և տղամարդու փոխհարաբերությունների, ինչպես նաև երեխայի խնամքի ու դաստիարակության հարցում հայրիկի և մայրիկի դերերի մասին... կարճ և դիպուկ պատասխաններով... Այս անգամ զրուցել ենք լուսանկարիչ Արմեն Աղայանի հետ, ով նույնպես միացել է մեր արշավին:

 

Զրուցեց Աստղիկ Բաղդասարյանը

 

Նկատ՞ում եք արդյոք կանանց դերի և նրանց հաջողությունների հանդեպ հասարակության վերաբերմունքի փոփոխություն:

Այո, դրական փոփոխություն կա: Այսօր կանայք ձգտում են ավելի անկախ լինել, ձգտում են ինքնուրույն լինել, ձգտում են բացի ընտանիքից նաև կարերա ունենալ, իսկ դա, կարծում եմ, լավ է: Բացասաբար վերաբերվողներ էլ կլինեն իհարկե, բայց նրանց թիվն արդեն քիչ է, ինձ թվում է դա արդեն նորմալ է ընդունվում, և հենց այդպես էլ պետք է լինի:

Ի՞նչ դեր ունի հասարակական կարծիքը զույգերի հարաբերությունների հարցում: Արդյ՞ոք զույգերը կարող են խուսափել վերջինիս ազդեցությունից:

Կախված է զույգից: Մի զույգի վրա կարող է շատ ազդել հասարակական կարծիք կոչվածը, մյուս զույգն էլ կարող է պարզապես թքած ունենալ այդ կարծիքի վրա:

Ո՞րն է, ըստ ձեզ, զույգերի համար հավասար հարաբերություններ ստեղծելու գլխավոր նախապայմանը:

Ուղղակի զույգերը պետք է փոխզիջող լինեն:

Հնարավորության դեպքում ի՞նչը կփոխեիք «ավանդական հայկական ընտանիք» հասկացության մեջ:

Ոչինչ էլ չէի փոխի, քանի որ այն ինքնուրույն մշակված և ձևավորված է, պետք չէ այն փոխել: Թող մնան, նրանք էլ են պետք ;)

Ո՞րն է ըստ ձեզ այն ոլորտը, որտեղ կանայք «անփոխարինելի» են կամ գոնե անգերազանցելի:

Կարծում եմ կանանց մոտ ամենալավը ստացվում է մայր լինելը, երեխային խնամելը:

Այս թեմայով հաճախ կատակերգություններ են նկարահանվում: Ի՞նչ եք կարծում, կկարողանա արդյոք տղամարդը գլուխ հանել կնոջ բոլոր ընտանեկան պարտականություններից եթե մեկ օր նրանք դերերով փոխվեն:

Եթե տղամարդը ստիպված լինի անել բոլոր այդ պարտականությունները, ապա անպայման կկարողանա, հնարավոր է նույնիսկ ավելի լավ :)

Որքանո՞վ եք կարևորում հայրիկի դերը երեխայի դաստիարակության և խնամքի հարցում:

Հայրիկի դերը երեխայի կյանքում անփոխարինելի է ու պարտադիր:

Նշել եք, որ պատրաստ եք ամեն գիշեր արթնանալ և խնամել ձեր երեխային: Իսկ ի՞նչ կասեք այն մարդկանց, ովքեր գտնում են' երեխայի խնամքով զբաղվելը միայն մայրիկի պարտականությունն է:

Ես երեխայի հանդեպ հոգ տանելը չեմ համարում պարտականություն: Ինձ համար նաև հաճելի է իմ երեխայի հետ զբաղվել թե՛ ցերեկը, թե՛ գիշերը, և, ինչու չէ, ուզում եմ օգնել կնոջս, որ ամբողջ հոգսը նրա վրա չմնա:

 

Լուսանկարը ըստ Դավիթ Գալստյանի