Apple-ը պատրաստվում է մինչև տարեվերջ թողարկել նոր ցանցաթաղանթային էկրանով iPad mini-ն (iPad mini Retina display) և ավելի բարակ iPad-ը, հայտնում է The Telegraph-ը:
Bloomberg –ի փոխանցմամբ՝ դեռևս հայտնի չէ արդյոք վերամոդելավորված 9,7 դյույմ անկյունագծով iPad-ը և Retina display iPad mini-ն կներկայացվեն միաժամանակ, թե ոչ:
Հաղորդվում է, որ iPad-ի հաջորդ տարբերակը նման կլինի ներկայիս iPad Mini-ին՝ շրջանաձև անկյուններով և ավելի բարակ կողմերով:
Ցանցաթաղանթային էկրանի շնորհիվ, որը Apple–ի ապրանքանշաններից մեկն է, նոր iPad Mini-ն կհամալրի ընկերության այլ նմանատիպ սարքավորումները, ինչպիսիք են iPhone-ը, iPod Touch-ը և MacBook Pro-ն: Retina display-ի կետայնությունը, որը ընկերությունը կիրառում է հեղուկաբյուրեղային էկրանների համար, անտեսանելի է մարդկային աչքի համար:
Կալիֆոռնիական ընկերությունը մտադիր է երկու նոր սարքավորումների շնորհիվ ավելացնել պլանշետների վաճառքը այն բանից հետո, երբ տարվա երկրորդ եռամսյակում վաճառքի անկում էր գրանցվել: