esyes.am-ն իր ընթերցողներին արդեն պատմել է, որ Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Գտնված երազ» հաղորդաշարը, որը վարում էր Գոհար Գասպարյանը, փակվել է: Արդեն երկու ամսից ավելի է, ինչ Գոհարը եթերում չէ, սակայն խոսակցությունները, թե հաղորդավարուհին այլևս Հանրայինում չի աշխատելու, չեն համապատասխանում իրականությանը: Գոհարն արդեն նոր նախագծի վրա է աշխատում:
«Նորմալ հունով աշխատում ենք, որպեսզի նոր եթերաշրջանից կամ հոկտեմբերից կարողանանք ներկայացնել նոր նախագիծը: Առայժմ մեկ նախագծի վրա ենք աշխատում,- esyes.am-ի հետ զրույցում ասաց հաղորդավարուհին և նշեց, որ այս նախագծի շրջանակներում ամեն օր էկրանին չի լինի: -Նախ' ֆիզիկապես դա շատ ծանր աշխատանք է, երկրորդ' սպառվելու վտանգ կա: Բացի այդ, ես նաև «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության պատասխանատուն եմ և այդպիսի գրաֆիկն ուղևորությունների հետ համատեղելը մի քիչ բարդ է»:
Հաղորդավարուհուց հետաքրքրվեցինք նաև, թե հանգստի այս շրջանում ինչո՞վ է զբաղվում: «Իսկապես հանգստի կարիք ունեի, քանի որ մի քանի «Եվրատեսիլ» իրար հաջորդեցին, իսկ դա բավականին մեծ աշխատանք է ենթադրում: Այժմ հանգստի փուլում եմ, փորձում եմ ամբողջովին ինձնով զբաղվել, մարզվել ու վերականգնել սպառված ուժերս,- ասաց Գոհարն ու հավելեց, որ այս տարի հավանաբար չի հասցնի Հայաստանից դուրս հանգստանալ, սակայն առաջիկայում կփորձի գնալ Ղարաբաղ: -Այս տարի այնտեղ չեմ եղել ու շատ եմ կարոտել: Իմ սիրելի վայրերից մեկն է»:
Հաղորդավարուհին խոստացավ հանգստի լուսանկարներն ու մանրամասները վստահել esyes.am-ին, այնպես որ, շարունակի՛ր հետևել մեզ:)
Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը