Վիրավորանքը մարդու բնական և հասկանալի զգացումներից է: Մենք բոլորս էլ երբեմն վիրավորվում կամ վիրավորում ենք որևէ մեկի: Շատ հարաբերություններ են փլուզվել վիրավորանքի պատճառով: Վիրավորանքն ագրեսիա է, որը ցավ է պատճառում ոչ այնքան վիրավորողին, որքան նրան, ում վիրավորել են: Չէ՞ որ չարտահայտված, չներված վիրավորանքը կրծում է հոգին և անգամ կարող է վնաս հասցնել առողջությանը: Հոգեբանների կարծիքով' վիրավորվելու ունակությունը մարդու մոտ ի հայտ է գալիս մանկուց և ուղեկցում նրան ողջ կյանքի ընթացքում: Ընդ որում, վիրավորանքը բնական, նորմալ հույզ է: Այն արտահայտվում է, երբ տեղի է ունենում մեզ համար տհաճ ինչ-որ մի բան, երբ կյանքը չի ընթանում այնպես, ինչպես նախատեսված էր: Եթե մենք պատրաստ չենք իրողությունների անսպասելի փոփոխմանը և չգիտենք, թե ինչպես հաղթահարել անցանկալի իրավիճակը, առաջանում է վիրավորանք՝ հոգեկանի պաշտպանական ռեակցիա չնախատեսված դժվարությունների հանդեպ:
Ինչո՞ւ է որոշ մարդկանց վիրավորելը դժվար, իսկ մյուսներին՝ հեշտ
Ինչպես ցույց է տալիս ստատիստիկան՝ վիրավորվածության զգացում պարբերաբար ունենում են բոլորը, պարզապես ոմանք առավել, մյուսներն՝ ավելի քիչ նեղացկոտ են: Ինչո՞ւ է այդպես: Տարբեր մարդկանց մոտ “ցավոտ տեղերի” քանակը տարբեր է. ոմանց մոտ դրանք շատ են և վառ արտահայտված, ոմանց մոտ դրանք ավելի քիչ են և մանրակրկտորեն թաքնված: Մարդուն կարելի է շատ հեշտորեն վիրավորել՝ անգիտակցաբար դիպչելով նրա ցավոտ տեղին: Մյուս կողմից, նա, ով թվում է, թե նեղացկոտ չէ, իրականում կարող է և այդպիսին չլինել, ուղղակի նա սովոր է ողջ վիրավորանքը կուտակել հոգու խորքում՝ երբեմն անգամ ինքն իրեն այդ մասին չխոստովանելով:
Վիրավորանքների հիմնական պատճառները
Գոյություն ունի շրջապատի հանդեպ վիրավորանք առաջացնող երեք հիմնական պատճառ: Վիրավորանքի առաջին պատճառը մանիպուլյացիան է, ընդ որում՝ գիտակցված: Մարդը գիտակցաբար “քիթը կախում է”՝ դիմացինի մոտ մեղքի զգացում առաջացնելու համար: Ամենից հաճախ այդ կերպ վարվում են աղջիկները, երբ ցանկանում են իրենց ուզածին հասնել տղամարդուց: Երկրորդ պատճառը ներելու անկարողությունն է: Ցավոք, հենց սա է վիրավորանքների մեծամասնության առիթ հանդիսանում: Եթե այս պատճառը դիտարկենք հակառակ կողմից, ապա այն նույնպես կարելի է անվանել մանիպուլյացիա,, միայն թե՝ չգիտակցված: Այս դեպքում մարդը հաճախ ինքն էլ չի հասկանում, թե ինչու է վիրավորվել: Ուղղակի վիրավորվել է և վերջ: Սակայն նա շատ լավ գիտի, թե ինչպես կարող է վիրավորողը հարթել իր մեղքը: Եվ վիրավորանքների երրորդ պատճառը չարդարացված սպասումներն են: Օրինակ, մարդը հույս ունի, որ դժվար իրավիճակում ընկերներն օգնություն կառաջարկեն՝ առանց իր խնդրանքի, իսկ նրանք չեն առաջարկում: Այստեղից էլ ծնվում է վիրավորանքը:
Մարդիկ նեղացկոտ են դառնում հիմնականում սթրեսի, դեպրեսիայի, մտերիմների հետ վիճաբանության ժամանակ: Սովորաբար առավել նեղացկոտ են լուրջ հիվանդություն ունեցող մարդիկ. նրանք հաճախ նեղանում են ոչ միայն մտերիմներից, այլև ողջ աշխարհից: Այս զգացողությունը հիմնականում բնորոշ է տարեցներին և ծանր հաշմանդամություն ունեցող մարդկանց: Հաճախ ամեն ինչից վիրավորվում են նաև այն մարդիկ, ովքեր իրենք իրենց չափից ավելի են խղճում ու սիրում: Նրանց կարող են վշտացնել իրենց հասցեին ասված անգամ ամենաչնչին կատակներն ու նկատողությունները:
Նեղացկոտությունից հնարավոր չէ ամբողջովին ազատվել, քանի որ այս զգացողությունը, թեև երբեմն, բայց կպատի մեզ: Իսկ ահա վերահսկել այս հույզը մենք կարող ենք, չնայած միևնույնն է, հոգու խորքում կշարունակենք մեզ խոցված զգալ: Եթե դա չլիներ, մարդիկ կվերածվեին անզգա տիկնիկների: Սակայն հարկ է հիշել, որ հոգեբանության մեջ նեղացկոտություն հասկացությունը կա նաև որպես ամենքից և ամեն ինչից մշտապես վիրավորվելու հակում: Այս նեղացկոտությունից կարելի է և պետք է ազատվել: Չէ՞ որ սա արդեն ոչ այնքան զգացում է, որքան բնավորության բացասական գիծ, անցանկալի տրամադրվածություն: Հոգեբանները պնդում են, որ նեղացկոտությունը մեր մանկական էգոյի արտահայտումն է: Անգամ եթե մարդը 40, 50 կամ 60 տարեկան է, հոգու խորքում նա կարող է իրեն զգալ որպես վախեցած փոքրիկ կամ ըմբոստ դեռահաս: Անգամ կարծիք կա, որ հասուն մարդու մեջ միշտ երեխա է ապրում, որը կարող է լինել կա՛մ ուրախ ու երջանիկ, կա՛մ նեղացկոտ ու միայնակ: Բարեբախտաբար, մենք երբեք չենք կարողանա ազատվել մեր հոգում եղած այդ երեխայից: Պետք է ուղղակի ստեղծել պայմաններ, որոնցում նրան հաճելի և հարմարավետ կլինի ապրել: Սակայն բացի երեխայից, որն առկա է մեր ենթագիտակցականում, գիտակցական մակարդակում մեր մեջ պետք է ապրի հասուն մարդը, որը և կկառավարի մեր զգացմունքներն ու կյանքն ընդհանրապես: Այսպես, հասուն մարդը՝ հույզերի թռուցիկ պոռթկումից հետո, կարող է հանգիստ ու ողջամտորեն շարունակել զրույցը՝ չվիրավորվելով զրուցակցի խոսքերից (անգամ եթե նրան փոքր-ինչ խոցել են) և հագիստ պատմել իր զգացողությունների մասին: Օրինակ՝ “Ների՛ր, բայց քո խոսքերն ինձ ցավ պատճառեցին: Հուսով եմ, որ դու ինձ անգիտակցաբար վիրավորեցիր”: Նման արտահայտությունից հետո զրուցակցի մոտ, ամենայն հավանականությումբ, մեղքի և զղջման զգացում կառաջանա, անգամ եթե մինչ այդ նա շատ լավ էլ գիտակցում էր, որ վիրավորում է Ձեզ: Սակայն, մենք հաճախ միմյանց վիրավորում ենք այնուամենայնիվ չգիտակցելով, և եթե դա տեղի է ունեցել, նա՝ ում վիրավորել են, ճիշտ կանի միանգամից արտահայտի իր զգացմունքները՝ կոռեկտ և քաղաքավարի կերպով: Այս դեպքում բազում տհաճ իրավիճակներ ակնթարթորեն կպարզաբանվեն, իսկ Ձեր հոգում վիրավորանք չի մնա, և Դուք կկարողանաք բարի ընկերական հարաբերություններ պահպանել անգիտակցաբար Ձեզ վիրավորած մարդու հետ: Սակայն, ցավոք, հաճախ մենք չենք ցանկանում լսել միմյանց: Մենք լսում ենք միայն ինքներս մեզ և մեր ներսում “վիրավորված երեխային”: Բայց եթե Դուք հարգում եք զրուցակցին և իրոք ցանկանում եք լավ հարաբերություններ պահպանել նրա հետ, ապա անպայման պետք է պարզաբանեք ստեղծված տհաճ իրավիճակը՝ անգամ եթե դրա քննարկումը Ձեզ ցավ է պատճառում. դա մեծ, հասուն մարդու դիրքորոշում է: Վիրավորանքներն ու նեղացկոտությունը հաղթահարելու ունակություն ձեռք բերելու համար պետք է առաջին հերթին սովորել արտահայտել սեփական զգացմունքները: Շատ հաճախ մարդիկ ասում են՝ “Դու վատ ես վարվում, դու ինձ վիրավորում ես, դու հանում ես ինձ հունից”, այսինքն՝ մեղքը բարդում են դիմացինի վրա: Շատ ավելի լավ է ասել՝ “Ինձ տհաճ է, երբ դու այսպես ես վարվում, ինձ վիրավորում են քո խոսքերը”: Եթե մենք սկսենք ավելի հաճախ խոսել այն մասին, թե ինչ ենք զգում տվյալ պահին, ապա կսկսենք ինքներս մեզ հաշիվ տալ, որ մշտապես ինչ-որ զգացում ենք ապրում. դա շատ կարևոր է հասկանալ: Հոգեբանության մեջ գոյություն ունի նաև հոգեկան վիրավորանք հասկացությունը: Դա այնպիսի վիրավորանք է, որը երբեք չի անցնում, և մարդը մշտապես ինչ-որ բանից նեղացած է: Հավանաբար, մեր ընթերցողներից ոմանք կվրդովվեն և կասեն, որ նման բան չի կարող լինել: Սակայն, ցավոք, սա ճշմարտություն է: Ինչպես արդեն ասացինք, վիրավորվելու հակվածությունն ի հայտ է գալիս մանուկ հասակում, քանի որ “քթիկը կախած” երեխային ծնողներն ավելի շուտ են ուշադրություն դարձնում, քան հանգիստ և գոհ երեխային: Փոքրիկը շատ շուտ հասկանում է, որ լսված լինելու և ուշադրության արժանանալու համար պետք է միշտ ձևացնել, թե նեղացած ես: Հոգեկան նեղացկոտությամբ մարդկանց մոտ դեռ մանկուց ձևավորվում է մշտապես “ճնշված և վիրավորված” վիճակի սովորությունը: Արդեն մեծահասակ տարիքում նման մարդը սկսում է մանիպուլյացիայի ենթարկել շրջապատողներին՝ նրանց մոտ մեղքի զգացում առաջացնելով: Հոգեկան նեղացկոտությունից ազատվելը բավական բարդ է: Դա արդեն հանդիսանում է մարդու բնավորության գիծ, նրա կյանքի մի մաս, իսկ ահա վիրավորվածության մյուս տեսակներից ազատվել կարելի է:
Հաճախակի վիրավորանքների հետևանքները
Եթե մարդը չզբաղվի ինքնազարգացմամբ և շարունակի վիրավորվել ամեն ինչից անխտիր, դա կարող է ոչ միայն շատ հիվանդությունների պատճառ դառնալ, այլև հանգեցնել ընկերների կորստի և ընտանիքում մշտական տարաձայնությունների, մինչև անգամ՝ ամուսնալուծման: Զուր չէ, որ Ավետարանը գոռոզությունն անվանում է ամենածանր մեղքերից մեկը, չէ՞ որ հենց գոռոզության պատճառով է մարդն ամենից հաճախ վիրավորվում: Հոգին կրծող չներված վիրավորանքի պատճառով մարդը կարող է երկար ժամանակ զբաղվել հիմնականում իրեն վիրավորողից վրեժ լուծելու փորձերով՝ դրա համար զանազան ծրագրեր հորինելով: Նրա բոլոր մտքերը տարված կլինեն դրանով, իսկ այդ ընթացքում իր սեփական կյանքը կողքով կանցնի: Իսկ երբ նա, վերջապես, հասկանա դա, կարող է չափազանց ուշ լինել: Նրա մոտ, ով հոգում մշտապես վիրավորանք է կրում, աստիճանաբար ձևավորվում է կյանքի հանդեպ անբավարարվածություն, նա չի նկատում նրա ողջ հմայքն ու գույները, իսկ բացասական զգացումներն ավելի ու ավելի են կրծում նրա անձը: Այնուհետև կարող են առաջանալ դյուրագրգռություն, շրջապատի հանդեպ զայրույթ, նյարդայնություն և մշտական սթրեսային վիճակ: