Կարիճը անհավանականորեն գունափոխվում է ուլտրամանուշակագույն լույսի ներքո: Laos Black Forest Scorpion անունով հայտնի կարիճի այս տեսակը փոխում է գույնը՝ ցերեկային լույսի ներքո երևացող սովորական սև գույնից վերածվելով վառ կապույտի, գրում է Daily Mail-ը:
Գիտնականները չեն կարողանում հստակ բացատրել հոդվածոտանի գիշատչի գունափոխության պատճառը, սակայն առաջարկում են որոշ տարբերակներ:
Կալիֆոռնիայի պետական համալսարանի գիտնականները առաջարկում են մի քանի վարկածներ: Նրանց կարծիքով՝ գունափոխությունը ուլտրամանուշակագույն լույսի ներքո կարող է կարիճի համար պաշտպանիչ գործառույթ կատարել գիշերային լույսերի պայծառության ժամանակ անտեսանելի մնալու համար:
Սակայն գիտնականները փաստում են, որ կարիճները չեն կարող տեսնել ուլտրամանուշակագույն լույսը: Համենայն դեպս, նրանց կարծիքով՝ կարիճի մոտ կարող է զարգանալ գունափոխվելու հատկությունը, քանի որ վերջիններս վտանգ զգալիս սովորաբար կանաչ գույն են ստանում:
Գիտնականների մեկ այլ վարկածի համաձայն՝ գունաթափությունը կարող է արևի ճառագայթներից պաշտպանվելու միջոց հանդիսանալ: