Դերասան, ռեժիսոր, սցենարիստ Երվանդ Մանարյան ծնվել է 1924թ. օգոստոսի 10-ին, Իրանի Արաք քաղաքում: Սովորել է տեղի Հայկազյան դպրոցում, ապա' Թեհրանի ամերիկյան և պարսկական քոլեջներում: 1946թ. ներգաղթել է Հայաստան:

1952թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: Որպես դերասան և ռեժիսոր՝ աշխատել է Երևանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի և Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոններում: 1957-59թթ ղեկավարել է Գորիսի դրամատիկական թատրոնը: 1970-80թթ եղել է Երևանի Թումանյանիանվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը, ապա՝ «Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավարը։ Հետագայում աշխատել է Երևանի փաստագրական ֆիլմերի ստուդիայում և «Երևան» կինոմիավորումում: Նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր՝ «Հայկական մանրանկարչություն», «Միքայել Նալբանդյան», «Կառամատույցի կրպակը», «Լույս», «Դեղերի ծնունդը», «Նորից եկավ ամառը» և այլն:

Գրել է սցենարներ «Տժվժիկ», «Տերն ու ծառան», «Սպիտակ ափ» և այլ ֆիլմերի համար։ Մամուլում հրատարակել է պատմվածքներ և հոդվածներ։ Խաղացել է բազմաթիվ ֆիլմերում՝ «Կարինե» (1967թ.), «Քաոս» (1973թ.), «Հարսնացուն հյուսիսից» (1975թ.), «Խոհարարները եկել են մրցույթի» (1977թ.), «Կապիտան Առաքել» (1985թ.) և այլն: Շուշիում բացվել է Երվանդ Մանարյանի անվան տիկնիկային թատրոն: 2003թ. արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը: