Սեպտեմբերի 24-29-ը Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կանցկացվի «Երաժշտական շաբաթ Երեւանում» խորագրով փառատոնը:

Yerkir.am-ի հետ զրույցում «Forpostart» ընկերության երեւանյան գրասենյակի տնօրեն Մարիա Ղուկասյանը տեղեկացրեց, որ շաբաթվա ընթացքում յուրաքանչյուր օր լինելու է երաժշտական որեւէ ոճի նվիրված համերգ: Համերգի կազմակերպիչները Էմիլ Կառատն ու Զառա Մխեյանն են, աջակիցը' Երեւանի քաղաքապետարանը:

Ըստ Ղուկասյանի' սեպտեմբերի 24-ին կլինի ազգային երաժշտությանը նվիրված երեկո, իսկ սեպտեմբերի 25-ին' ռոք, սեպտեմբերի 26-ին' դասական, սեպտեմբերի 27-ին' ջազ, սեպտեմբերի 28-ին' էստրադային երաժշտությանը նվիրված համերգ: Համերգային շաթաբը կեզրափակվի սեպտեմբերի 29-ին' գալա համերգով:

«Հանդիսատեսի համար մենք մի շարք անակնկալներ են պատրաստել, օրինակ' յուրաքանչյուր համերգից առաջ կլինի Էմիլ Կառատի «Գրիմանոցում» թոք շոուն: Ծրագրի մտահղացման հեղինակը հենց Կառատն է, ով տարբեր երկրներում նմանատիպ միջոցառումներ է կազմակերպում: Եթե ամեն ինչ լավ անցնի, միգուցե փառատոնը դառնա ամենամյա»,- ասաց Ղուկասյանը:

Ըստ նրա' նախապես որոշված էր, որ Ֆլորա Մարտիրոսյանը պետք է համերգային ծրագրի բացումը կատարեր, սակայն երգչուհու անժամանակ մահվան պատճառով ծրագրի մեջ ինչ-ինչ փոփոխություններ եղան: Ղուկասյանի հավաստմամբ' համերգն, իհարկե, անհնար կլիներ իրականացնել' առանց Ֆլորա Մարտիրոսյանի երգերը հնչեցնելու. «Սեպտեմբերի 24-ին կհնչեն Մարտիրոսյանի երգերը, որոնք կկատարեն այն ստեղծագործողները, ովքեր ինչ-որ կերպ առնչվել են Մարտիրոսյանի հետ: Կցուցադրվի նաեւ Ֆլորա Մարտիրոսյանի մասին պատմող տեսաշար: Սպասվում է նաեւ հաճելի անակնկալ, որի մասին չենք ուզում դեռ բարձրաձայնել»:

Ի դեպ, փառատոնը պետք է համապատասխան լինի միջազգային բոլոր չափանիշներին, ինչի պատճառով էլ, եթե այստեղ անհրաժեշտ տեխնիկա եւ դեկորացիաներ չգտնվեն, փառատոնի կազմակերպիչները դրանք արտերկրից կբերեն:

Փառատոնի ընթացքում ելույթով հանդես կգան Ռուբեն Մաթեւոսյանը, Օֆելյա Համբարձումյանը, Գուրգեն Դաբաղյանը, Մավր Մկրտչյանը, «Դորիանսը», Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, Վահագն Հայրապետյանը, Արմեն Ուսնունցը:

Սեպտեմբերի 29-ին կայանալիք գալա համերգին էլ ելույթ կունենան Էռնա Յուզբաշյանը, Սյուզան Մարգարյանը, Սիրուշոն, Թաթան, Հայկոն, Անահիտ Սիմոնյանը, Ռազմիկ Ամյանը, Էմմին, Սոֆի Մխեյանը, Արամեն, Էրիկը, Միհրան Ծառուկյանը, Արմինկան, Մաշա Մնջոյանը, Արթուր Գրիգորյանը, Երգի պետական թատրոնը:

Կ. Հ.
Լուսանկարը' Լուսի Սարգսյանի