Այն, որ հանճարները հանճարեղ են ամեն ինչում, բազմիցս հաստատված է: Հումորն էլ, սրամիտ պատասխաններն էլ նույնքան հզոր են, որքան նրանց ստեղծագործությունները: Գուցե հենց այդ սրամտության շնորհիվ ժամանակակիցները Հովհաննես Շիրազին անվանում էին խելագար: Նրանք լավ գիտեին, որ վարպետի սուր միտքը կարող է տասով զրո անել նրան, ով կփորձեր նեղը գցել իրեն: Ճանաչի´ր Շիրազին և մյուս դասականներին հումորային և հետաքրքիր տարբեր իրավիճակներում:

Հովհաննես Շիրազ
Ավետիք Իսահակյանի մահվան տարելիցին, որին մասնակցում էին նաև Շիրազն ու մի քանի գրաքննադատներ, ներկաներից մեկն առիթը բաց չի թողել Շիրազի կենացը խմելու համար: Սեղանի մյուս ծայրից նա անընդհատ ձգվում էր, ուզում էր բաժակը շրխկացնել, բայց չէր ստացվում: Վերջը դիմում է համարձակ քայլի. կանգնում է սեղանի վրա և, խորտիկները կոխ տալով, մոտենում Շիրազին.
-Շիրա´զ ջան, քու ցավը տանեմ, եկել եմ, որ մոտիկից քու կենացդ խմեմ: Դու շատ մենծ մարդ ես ու մենծ գրող: Հմը՜…խասյաթդ քիչմը ք… է:
Շիրազն իրեն չի կորցնում և պատասխանում է.
- Էդ ըսածիդ առաջին մասը ամեն տեղ տարածիր, իսկ երկրորդ մասը պահիր բերանիդ մեջ և ատամներդ ամուր սեղմիր վրան:
Ներկաները քահ-քահ ծիծաղում են և տեղերից բղավում.
- Տասով զրո' հօգուտ Շիրազի:
Մի անգամ երևանյան սրճարաններից մեկում Շիրազը արքայավայել սուրճ էր խմում, երբ նրան է մոտենում մի գրաքննադատ և ասում.
- Շիրազ ջան, քեզանից պիտի խնդրեմ քո կյանքի և գրական գործունեության վերաբերյալ առանձին տվյալներ:
- Իսկ ինչո՞ւ,- հարցնում է Շիրազը:
- Քո մասին մի գիրք եմ գրելու,- պատասխանում է գրաքննադատը:
- Դու նապաստակի սիրտ ունես, ինչպե՞ս ես առյուծի մասին գիրք գրելու: Իմ մասին գիրք գրողը նախ պետք է լավ հասկանա իմ գործերի բուն ոգին, ապա կարենա տասնյակ «պատռած» բերաններ փակել:

Վիլյամ Սարոյան
Գրող Վիլյամ Սարոյանը, հիշելով իր դպրոցական տարիները, պատմել է դրվագներ, որոնք լավագույնս բացահայտում են նրա ճարպկությունը:
«Սխտորը եղավ պատճառը, որ ես քիչ գացի դպրոց: Ամեն առավոտ սխտորով կերակուր կուտեի, կերթայի դպրոց: Հոտ դասարան կբռներ…Ուսուցիչ կմտներ, հոտ կքաշեր ու վրաս կպոռար.
- Նորե՞ն սխտոր կերած ես:
- Այո´,- կըսեի,- սխտոր կերած եմ, հապա ի՞նչ ուտեի:
- Հոտ սենյակ բռնած է:
- Է¯, լուսամուտ բաց,- կըսեի:
Կկատղեր, դուրս կըներ: Իմ ուզած ալ այդ էր, կերթայի տուն: Մայրս կհարցներ, թե ինչու նորեն շուտ եկա:
- Ուսուցիչ դուրս ըրավ, ըսավ' սխտոր կերած ես:
- Խողեմ ատոնց գլուխ,- կըսեր մայրս,- Բիթլիսի ճաշեր չեն հավնիր, իրենց կերա՞ծն ինչ է:
Բայց կատակ կանեմ, հիմնական պատճառն այն էր, որ ես արագ կսովորեի, անոնք' դանդաղ»:

Սարոյանն իր ծանոթներից մեկին պատմում է.
- Երկու անգամ ամուսնացա:
- Առաջին կնոջից քանի՞ զավակ ունեք:
- Երկու:
- Իսկ երկրորդի՞ց:
- Երկու:
- Չորս զավակ ունե՞ք:
- Ո´չ, երկու:
- Այդ ինչպե՞ս:
- Երկրորդ անգամ դարձյալ առաջին կնոջս հետ ամուսնացա: Մտածեցի, խորհեցա' առաջին կնոջմես աղեկ կին որտեղե՞ն պիտի գտնամ… Ու նորեն անոր հետ ամուսնացա:

Ավետիք Իսահակյան
Մի անգամ ճաշկերույթներից մեկի ժամանակ դպրոցի տնօրենը բարձրացնում է բաժակը և խմում Իսահակյանի կենացը.
- Վարպե´տ ջան, Ձեր թանկագին կենացը, ցանկանում եմ Ձեզ առողջություն և ուզում եմ, որ ապրեք 125 տարի:
- Իսահակյանը ձեռքը բարձրացրեց և ազդու ասաց.
- Կա°ց…
Տնօրենը, խոսքը կուլ տալով, սառած կանգնեց մնաց տեղում' մտածելով, թե ի՞նչ վատ արտահայտություն է թույլ տվել:
- Խնդրում եմ' Աստծո գործերի մեջ չխառնվես,- ասաց վարպետը' բառերը հատ-հատ արտահայտելով:
- Լավ,- ասաց տնօրենը պարտված ձայնով:
- Ցանկանում եմ Ձեզ առողջություն և երկար տարիների կյանք:

Սրամիտ մեծերին անդրադարձավ Աղավնի Սուքիասյանը