Շանհայի Incake հրուշակեղեն արտադրող ընկերությունը ստիպված է դադարեցնել իր «նորարարական» նախագիծը՝ տորթերի և թխվածքների առաքումը հաճախորդներին ռադիոկառավարվող ուղղաթիռներով, հայտնում է Russia Today-ը։ Տեղական իշխանություններն այս գաղափարը վտանգավոր են համարել և կոչ են արել ընկերությանը թույլտվություն ստանալ նախևառաջ ավիացիոն ծառայությունից։
Ինչպես գրում է Shanghai Daily-ն, Incake-ն արդեն սկսել էր իրականացնել իր անսովոր ծառայությունը: Մեկ մետրից փոքր և մոտ 10 կիլոգրամ կշռող ուղղաթիռներն արդեն անցել էին փորձությունները՝ թռչելով Շանհայի ծայրամասային երկնաքերերի մեջտեղով:
Այս նորույթը գրավել է բազմաթիվ անցորդների ուշադրությունը, որոնցից ոմանք հավանություն չեն տվել այդ գաղափարին՝ մեկնաբանություններ թողնելով համացանցում: «Իսկ եթե տորթը վերևից ընկնի մեկի վրա՞»,-գրել է բլոգերներից մեկը:
Ընկերության մարքեթինգի գծով մենեջերի խոսքով՝ տորթերի առաքումն ուղղաթիռներով իրականացնելու գաղափարը նպատակ ուներ ավելի վառ և հիշվող դարձնել ծառայությունը: