PanARMENIAN.Net - Այսօրվանից մինչև օգոստոսի 10-ը, Ծաղկաձորում կկայանա DigiCamp ամառային տեխնոլոգիական ձեռներցության ճամբարը: Միջոցառումը նպատակ ունի համախմբել ինովացիաներով հետաքրքրվող երիտասարդներին, ստեղծել մոտիվացնող և կրթական միջավայր, ուղղորդել նրանց դեպի սեփական ծրագրերի իրականացումը և սեփական բիզնեսի ստեղծումը:
DigiCamp-ի ընթացքում մասնակիցները կծանոթանան ոլորտի առաջնորդների հետ, կլսեն նրանց հաջողության պատմություններն ու կբացահայտեն առաջատար ընկերությունների հաջողության գաղտնիքները: Նրանք հնարավորություն կունենան մասնակցելու ոլորտին քաջատեղյակ մասնագետների դասընթացներին և ձեռք բերել կիրառական գիտելիքներ, ինչպիսիք են' նոր ընկերության գրանցում, հարկային օրենսդրություն, բիզնես պլանավորում, նորաստեղծ կազմակերպությունների առաջխաղացումը և այլն:
Մասնակիցները կունենան 10 օր ժամանակ' մասնագետների խորհուրդներով իրենց բիզնես գաղափարը զարգացնելու և իրականացման համար պատրաստ բիզնես նախագիծ ունենալու համար:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից հայտնում են, որ ճամբարին մասնակցում են 16-30 տարեկան անձիք, ովքեր ներկակացրել են ինովացիոն լուծում պարունակող բիզնես գաղափար: Լավագույն գաղափարների հեղինակները կստանան դրամական մրցանակներ, հնարավորություն կունենան մասնակցել բիզնեսի զարգացմանը նպաստող միջոցառումների, մասնավորապես'կմասնակցեն հոկտեմբերի 4-6 կայանալիք DigiTec 2013 տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսին:
Նշենք, որ DigiCamp' ամառային տեխնոլոգիական ձեռներեցության ճամբարի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը: Ծրագրին իրենց աջակցությունն են ցուցաբերել նաև «Դ-Լինկ» ընկերությունն ու Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, գլխավոր գործընկերը «ԱրմենՏել» ընկերությունն է: