Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման արդյունքում ԱՄՆ ավելի քան 1.400 քաղաքներ մինչև 2100 թվականը կարող են հայտնվել ջրի տակ, հաղորդում է Интерфакс-ը՝ հղում կատարելով PNAS ամերիկյան գիտական ամսագրին, որը այս տեղեկությունները ստացել է Climate Central անկախ կազմակերպության հետազոտող Բենջամին Ստրաուսի աշխատությունից:

Նրա հետազոտության մեջ նշվում է, որ գլոբալ տաքացման արդյունքում Համաշխարհային օվկիանոսի մակարդակը կբարձրանա 127 սմ-ով: Իր աշխատանքում Ստրաուսը մեծ ուշադրություն է դարձրել Ֆլորիդա և Լուիզիանա նահանգներին, որովհետև կարծում է, որ այդ նահանգների բնակչությունն առավելագույնը կտուժի ջրի մակարդակի բարձրացումից: Աշխատանքում նշվում է, որ Ֆլորիդայի 150 քաղաքներ՝ 2.7 միլիոն ընդհանուր բնակչությամբ և Լուիզիանայի 114 քաղաքներ՝ 1.2 միլիոն ընդհանուր բնակչությամբ, գտնվում են մեծ վտանգի տակ:

Հեղինակը նաև նշում է, որ ջրի տակ հայտնվելու վտանգի առաջ են կանգնած նաև Կալիֆորնիան, Նյու-Ջերսին, Հյուսիսային Կարոլինան և այլ շրջաններ: