«Երբ կինը դառնում է լեգենդ, արդեն կարևոր չէ, թե նրա մասին ինչ են խոսում»:
Ժակլին Քենեդի
ԱՄՆ-ի 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի տիկինը' Ժակլին Լի Բուվյեն ծնվել է 1929թ. բավականին հայտնի և արիստոկրատ ընտանիքում: Ապահով մանկությունը, խիստ դաստիարակությունն ու լավագույն ուսումը Ժակլինին դարձրին Ամերիկայի ամենահայտնի, պատվավոր և խելացի լեդիներից մեկը: Չնայած նրան, որ ընտանիքն ամեն ինչով ապահովել էր Ժակլինին, բայց պակասում էր մի բան' ընտանեկան ջերմություն, որն այդպես էլ չստացավ փոքրիկ Ժակլինը: Նրա ծնողները բաժանվել էին, և շուտով նրանցից յուրաքանչյուրը գտավ ուրիշ մեկին: Ավելի մեծ է եղել հոր և Ժակլինի կապը, քանի որ աղջիկը մեղադրում էր մորը ամուսնալուծության համար: Հայրը վճարում է երկու աղջիկների ուսման վարձը, ապահովում նրանց ամեն ինչով, սակայն երբ մայրն ամուսնանում է միլիարդատիրոջ հետ, երեխաների հետ կապված բոլոր ծախսերը վերցնում է իր վրա: Ժակլինը ուսում է ստանում ամենահեղինակավոր համալսարաններում, ամենահայտնի պրոֆեսորների մոտ: Ժամանակին աղջնակը փորձում է իր ուժերը բալետի ասպարեզում, սակայն նրա կարիերային խանգարում են մեծ ոտնաթաթերը' 40 համարի: «Շատ ուժեղ լաց եղա, երբ ժյուրիի անդամներից մեկն ինձ ասաց, որ այսպիսի ոտնաթաթերով ես կարող եմ միայն ֆուտբոլ խաղալ»:
Ավարտելով ուսումը' Ժակլինն ասում է. «Ես չեմ պատրաստվում տնային տնտեսուհի դառնալ»: Նրա ցանկությունը գերակատարվեց. Ժակլինը դարձավ ոչ թե տնային տնտեսուհի, այլ ամբողջ ամերիկայի կուռքը:
Երիտասարդ տարիքում Ժակլինը երթևեկում էր մի հին մեքենայով, հագնվում ամենահասարակ ձևով այնպես, որ ոչ ոք չէր էլ մտածի, թե աղջիկը ապահովված ընտանիքից է: Այն ժամանակ Ժակլինին ճանաչողները նրան «հրաշք» էին անվանում: Աղջիկը ազատ էր, թեթևամիտ, տարբերվում էր իր սուր հումորներով և հիանալի սրամտություններով: Ժակլին Բուվյեն աշխատում էր ֆրանսիական թերթում' ստանալով շաբաթական 56 դոլար:
Ժակլին Բուվյեի և Ջոն Քենեդիի հանդիպումը շատ չի ուշանում: Չնայած նրան, որ Ժակլինն արդեն նշանվել էր Ջոն Հասթեդի հետ, դա չի խանգարում աղջկան հանդիպել Քենեդիի հետ: «Շատերը դա հաշվարկ համարեցին, շատերի համար էլ ես պարզապես փառքի էի ձգտում, բայց իրականում ես մի աղջիկ էի, ով ուներ սիրո, պաշտպանվածության, անկախության կարիք, ով հեշտությամբ սիրահարվեց Ջոնին»: Այս ժամանակ Ջոն Քենեդին արդեն հեռանկարային քաղաքական գործիչ էր' ահռելի եկամուտներով և «կնամոլի» համբավով:
«Ես երբեք չեմ հանդիպել Ջեկիի նման կնոջ: Նա տարբերվում է բոլոր այն կանանցից, ում ես ճանաչում եմ»,- ասում է Ժակլինով հիացած Քենեդին:
Ժակլինն իսկապես տարվել էր Քենեդիով, անգամ իմանալով Քենեդիի լուրջ հիվանդությունների մասին' երիկամի խնդիր և այլ, Ժակլինը ետ չի կանգնում իր մտքից' լինել Քենեդիի կողքին: Ժակլինը չէր կարող առանց թատրոնի, նորաձևության ցուցադրությունների, բարձրաշխարհիկ երեկույթների, իսկ Ջոնը բացի քաղաքական թերթերից, ուրիշ ոչինչ չէր կարդում, հետաքրքրվում էր միայն սպորտով, քաղաքականությամբ և կանանցով: Հավանաբար հոր հետ նմանությունները նույնպես մեծ դեր են խաղում աղջկա ընտրության հարցում: «Նա ամենագրավիչ երիտասարդն էր, ում ես երբևէ հանդիպել եմ, սիրահարվեցի շատ անսպասելի»,- ասում է Ժակլինը: Նրանց հարաբերությունները խորանում էին, իսկ Քենեդիին պետք էր անհապաղ ամուսնանալ' քաղաքական համբավը չխոչընդոտելու համար:
1953թ. Ջոնը վերջնականապես հասունացավ ամուսնության համար, և քանի որ Ժակլինը Բրիտանիայում էր, Ջոնը նրան առաջարկություն է անում հեռագրով: Նշանադրությունը կայացավ հունիսի 25-ին: Նույն տարվա սեպտեմբերի 12-ին տեղի ունեցավ նրան միությունը, որը բոլոր թերթերը որակեցին որպես «տարվա իրադարձություն»:
Նրանց ամուսնությունը դարձավ տարվա իրադարձություն, բոլոր թերթերն ու ամսագրերը գրում էին նշանադրության մանրամասների մասին, հրապարակում լուսանկարներ և իհարկե անթիվ-անհամար բամբասանքներ: Ջեկն ու Ջեկին, ինչպես անվանում էին նրանց ընկերները, դարձան ամուսին և կին: Հենց ամուսնության օրից Ժակլինը դառնում է Քենեդու հոր սիրելի հարսը: Հարսանեկան արարողությունից անմիջապես հետո Ժակլինը հասկացավ, որ Քենեդու կինը լինելը դրական կողմերի հետ մեկտեղ բացասական շատ կողմեր ունի:
Բոլորին թվում է, թե այս զույգը Ամերիկայի ամենաերջանիկ և ամուր զույգն է, ոչ ոք չի էլ կռահում, որ ամուսնությունից անմիջապես հետո սկսվում են Ջոն Քենեդու դավաճանությունները: Ամենամեծ սկանդալներից մեկը եղավ, երբ Ժակլինն իմացավ Քենեդու սիրուհի Մերիլին Մոնրոյի մասին:
Վերջինս տաքարյուն, թեթեևամիտ կին, իսկ Ժակլինը՝ սառը և զուսպ: Թերթերը նույնիսկ մեղադրում էին Ժակլինին սառնության, Քենեդիին դավաճանության դրդելու մեջ:
Ժակլինը ստանում է ֆինանսական այն վիճակը, որին միշտ ձգտել է, ստանում է այն փառքը, որի մասին երազել կարող էր: «Տեսախցիկների առաջ ժպտացող Ժակլինն իրականում ամեն գիշեր լաց էր լինում»,- խոստովանում է հենց Ժակլին Քենեդին: Երբ 1956թ. Ժակլինը մահացած երեխա լույս աշխարհ բերեց, Քենեդին զբոսնում էր իր նավերից մեկով' շրջապատված կանանցով: Իմանալով այդ մասին' Քենեդին իհարկե վայրկյան անգամ չէր հեռանում կնոջից, սակայն վերջինս այդպես էլ չի կարողանում ներել Ջոնին: Վերջինս շատ լավ գիտակցում էր, որ ամուսնալուծված տղամարդուն դժվար թե թողնեն Սպիտակ տուն:
Ջոնը ժամանակավորապես թողնում է իր բոլոր հաճույքներն ու դառնում հավատարիմ տղամարդ: 1957թ. նոյեմբերի 27-ին Ջոնն ու Ժակլինը դառնում են փոքրիկ Կարոլինայի ծնողները: «Մի պահ ամեն ինչ իդեալական էր թվում, ես գտա այն հանգստությունը, որ փնտրում էի»,- պատմում է Ժակլինը:
1960թ. այս ընտանիքում ամենահաջող տարին էր: Ջոն Քենեդին դառնում է Ամերիկայի ամենարիտասարդ նախագահը, իսկ Ժակլինը որդի է նվիրում ամուսնուն:
Այս զույգը համառորեն հաղթահարում էր բոլոր փորձությունները մինչև 1963թ. Քենեդու առեղծվածային մահը…
Սա իսկական ողբերգություն էր Ժակլինի համար: Ամերիկացիները ցնցված էին նախագահի մահով և ցավում էին Առաջին տիկնոջ դառը դրության համար: Բոլոր Առաջին լեդիներից ամենասիրելին' Ժակլին Քենեդին, Սպիտակ տանը ապրեց 1037 օր: Ամուսնու մահից հետո Ժակլինը դառնում է լեգենդ: Իսկ ինչպես գիտեք, լեգենդները երջանկության իրավունք չունեն:
Քենեդու մահը ստիպում է Ժակլինին հուսահատության գիրկն ընկնել: Ժակլինն իր քրոջը գրում է. «Երբեմն ես ատում եմ Ամերիկան, նա սպանում է ամենալավ մարդկանց: Կգա ժամանակ, երբ այն կսպանի նաև ինձ և իմ երեխաներին»:
Քնեդու մահից դեռ մեկ ամիս առաջ Ժակլին Քենեդին ծանոթացել էր հույն մուլտիմիլիարդատեր Արիստոտել Օնասիսի հետ: Բոլորն էին հասկանում,որ Օնասիսը Ժակլինի համար միայն ընկեր չէ: Հետզհետե նրանց հարաբերությունները լրջանում են, իսկ մարդիկ սկսում են չարախոսել: Բոլորը դուրս են գալիս Օնասիսի դեմ, որն ուզում է Ամերիկայից խլել ամենասիրելի Ժակլին Քենեդուն:
Ամուսնու ողբերգական մահվանից հետո 5տարվա ընթացքում բոլորը հիանում էին Ժակլինով, մեղքի զգացում տածում նրա մահացած ամուսնու համար: Երբ հայտնի է դառնում, որ Ժակլինն ու Օնասիսը ամուսնանում են, հասարակությունն իսկական շոկ է ապրում: «Ես նախընտրում էի չանցնել թերթի կրպակների կողքով, քանի որ ամենուրեք իմ նկարներն էին ու այնպիսի վերնագրեր, որ ես չէի կարողանում առանց լաց լինելու կարդալ: Բոլորը մեղադրում էին ինձ երջանիկ լինելու փորձի համար»:
Այս միությունը եւս մարդիկ համարեցին հաշվարկված: Ասում էին, թե Ժակլինը հոգում է երեխաների ապագան: «Իսկ ինչո՞ւ ոչ: Այո, ես մտածում էի նաև իմ երեխաների մասին: Օնասիսն ինձ տվեց այն կյանքը, որ ես չունեցա Քենեդիի կողքին»:
Իսկապես, Օնասիսը նվիրում է Ժակլինին ամեն ինչ: Վերջինս միայն մի քանի ամսվա ընթացքում այնքան գումար է ծախսում հագուստի, թանկարժեք իրերի վրա, որ Օնասիսն ասում է. «Թող ծախսի այնքան, ինչքան ուզում է: Ճիշտ է, ես այդ գումարը, որ նա ամսվա ընթացքում է ծախսում, տարիների ընթցքում եմ ծախսում, բայց միևնույն է: Ինձ հաճելի է նրան երջանիկ տեսնել»: Ժակլինը ձեռք բերեց ամեն ինչ' առանձնատներ, նավեր, թանկարժեք իրեր, ապահովեց երեխաների փայլուն ապագան: Ժակլինի աննկարագրելի ոճի մասին են երազում բոլոր կանայք:
Նրան փորձում են նմանվել, նրան մեծարում են: Ժակլինը դառնում է ոճի խորհրդանիշ: Անգամ նրա մահից հետո այդ զգեստները վաճառվում էին ահռելի գումարներով:
Սակայն իդեալական չէր նաև այս զույգի կապը: Օնասիսին անկողնային հիվանդ է դարձնում նախկին կնոջ և երեխայի մահվան մասին լուրը: Սկսում են տարաձայնություններ նաև Ժակլինի և Օնասիսի միջև: Վերջապես զույգը բաժանվում է: 1975թ. , երբ մահանում է Արիստոտել Օնասիսը, նրա կողքին է լինում միայն աղջիկը' Քրիստինան, իսկ բոլոր այն կանայք, ովքեր նրա կողքին էին կյանքում, անգամ հրաժեշտի չեն գալիս: Նրա մահվան օրը բոլոր թերթերը գրեցին. «Ժակլին Քենեդին նորից այրի է»:
Ժակլին Քենեդի-Օնասիսը մահանում է 1994թ.: Մահվան պատճառ է դառնում ծանր հիվանդությունը: Սակայն Ժակլինը հասցնում է տեսնել իր երկու թոռներին, հիանալ տղայի քաղաքական ձեռքբերումներով: Կյանքի վերջին տարիները Ժակլին Քենեդին անցկացնում է Փարիզում' հավաքելով հին իրերի հսկայական հավաքածու, այցելելով թանգարաններ, մասնակցելով բարեգործական միջոցառումների:
Օնասիսից հետո ուղիղ 20 տարի նրա կողքին էր Մորիս Թեմ Թեմպլտոնը, ով արտաքնապես Ջոն Քենեդու նմանակն էր: «Իմ հոգին խաղաղվեց միայն Մորիսի կողքին. նա հարուստ չէր, նա իդեալական չէր թվում, բայց նա հասկանում էր ինձ»:
Ժակլինն ամերիկացիների և ամբողջ աշխարհի համար դառնում է լեգենդար լեդի, ում կյանքի պատմությունը միշտ նորանոր փաստերով է համեմվում, հուզում և հիացնում մարդկանց:
Միակ կանոնն ինձ համար կանոններին չհետևելն է:
Կյանքում յուրաքանչյուր պահ նախորդից տարբերվում է: Լավ, վատ, դժվար, հուսահատ, ողբերգական, սեր, երջակություն. այս ամենը կյանք է:
Կանայք բաժանվում են երկու խմբի. մի մասին հարկավոր է իշխանություն աշխարհի վրա, իսկ մյուս մասին՝ միայն անկողնում:
Առաջին անգամ ես ամուսնացա սիրով, երկրորդ անգամ' հանուն լավ կյանքի, իսկ երրորդ անգամ ' հանուն ընկերակցության:
Ես միշտ ցանկացել եմ լինել գրող կամ լրագրող, բայց քոլեջից հետո ես ընտրեցի բոլորովին այլ ուղի:
Սեքսը վատ բան է, դրա պատճառով ճմռթվում է հագուստը:
Աշխարհում չկա մի տղամարդ, որ հավատարիմ լինի կնոջը:
Նելլի Ղարիբյան