Երկգլխանի կրիան, որը ծնվել է ԱՄՆ Տեխաս նահանգի Սան Անտոնիո կենդանաբանական այգում, արդեն սեփական էջն ունի Facebook սոցիալական ցանցում, տեղեկացնում է Lenta.ru-ն։

Կրիային գրանցել են հուլիսի 18-ին՝ Թելմա և Լուիզա անվանումով՝ ի պատիվ Ռիդլի Սքոթի 1991թ.-ի ֆիլմի, որն արժանացել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակներին՝ լավագույն սցենար անվանակարգում։

Կենդանաբանական այգու տնօրինությունից տեղեկացել են, որ Թելմա անվանում են աջ գլխին, իսկ Լուիզա՝ ձախին։

Էջում առաջին գրառումը հայտնվել է հուլիսի 23-ին։ Նրանք տեղադրել են հոդված՝ կրիաների մասին, ինչպես նաև լուսանկար, որտեղ «երկու գլուխները» զրուցում են։

Օգտատիրոջ տեղեկությունների մեջ նշվում է, որ կրիան ավարտել է կրիաների դպրոցն ու համալսարանը։

Կենդանաբանական այգու ներկայացուցիչ Քրեյգ Փելքը պատմել է, որ Թելման և Լուիզան իրենց լավ են զգում և ուտում են երկու բերաններով։