Բոլորիս հետ էլ պատահում է, երբ ծանր օրվանից հետո տուն ենք վերադառնում շատ հոգնած, կարծես «քամած կիտրոն» լինենք: Իսկ ավելի վատ է, երբ նման զգացում ամեն օր ենք ունենում:

Ժամանակակակից կինը հասցնում է ամեն ինչ անել' ճաշ պատրաստել, տունը մաքրել, երեխային մանկապարտեզ տանել ու բերել, գնումներ անել, մասնագիտության մեջ պրոֆեսսիոնալ լինել և առաջընթացներ ունենալ: Բայց ինչքա~ն ենք ուզում ուղղակի խաղալ երեխայի հետ, նրա համար գիրք կարդալ՝ չմտածելով , որ խոհանոցում ինչ-որ բան է այրվում: Կամ ինչքան հաճելի է դիմավորել սիրելիին, ընթրել միասին և լավ ժամանակ անցկացնել' չմտածելով վաղվա հաշվետվության մասին:

Այսօր կինը պիտի ամեն ինչ հասցնի, իսկ հետո էլ լավ տրամադրություն ունենա…

Ինչ անել, եթե ներսում' ներաշխարհում, ինչ-որ բան կոտրվել է:

Չգիտես, թե ինչու ոչինչ անելդ չի գալիս, ձեռքերդ թույլ են և միայն ուզում ես ամբողջ օրը նստել համակարգչի դիմաց, թափառել ինտերնետում, իսկ որ ավելի հավանական է, ուղղակի քնել:

Այս ախտանիշները ծանոթ են բոլորիս' շուտ հոգնել, մոռացկոտություն, նյարդայնություն, քնկոտություն առավոտները , իսկ գիշերները՝ անքնություն:

Սրանց դեմ պայքարի համար առաջարկում ենք միջոցներ, որոնցով ինքներդ փորձեք կարգավորել Ձեր առողջությունը մինչեւ բժշկի դիմելը:

1. Օրվա ռեժիմը շատ կարևոր է: Հստակ սահմանազատեք Ձեր արթնանալու, հանգստի, ուտելու և քնի ռեժիմները: Եթե նույնիսկ քնի համար ժամանակը քիչ է, կամաց-կամաց սովորեցրեք օրգանիզմին, որ հետո խնդիրները ավելի ծանր չլինեն:

2. Սառը ցնցուղը հիանալի նվեր է ինքներդ Ձեզ մինչև նախաճաշը: Սառը ջուրը լավացնում է սիրտ-անոթային համակարգի աշխատանքը: Եթե աշխատում եք տանը, ապա օրվա ընթացքում սառը ցնցուղը Ձեզ միանգամից կսթափեցնի:

3. Ֆիզկուլտուրա: Մի շտապեք այս կետի վրա խաչ քաշել: Նույնիսկ օրվա սկզբում 5-10 րոպե վարժություն անելը լրիվ հերիք է Ձեզ: Մեծ ուշադրություն դարձրեք ողնաշարից գլուխ հատվածին, մանավանդ երբ Դուք նստակյաց աշխատանքով եք զբաղված: Երբեմն ուղղակի ձգվեք մարմնով, մի քանի պտույտ գլխի համար և վերջ:

4. Վատ սովորությունները: Պիտի թողնեք ծխելը, ալկոհոլ օգտագործելը: Դրանք վատ են անդրադառնում առողջության վրա:

5. Կարգավորեք սնունդը: Աշխատեք չուտել չափից շատ, քանի որ ուտելուց հետո բոլորիս էլ դուր է գալիս քնելը: Օգտագործեք վիտամինառատ, սպիտակուցներով հարուստ սնունդ:

6. Հետևեք քաշին: Գեր մարդիկ ավելի շուտ են հոգնում, քանի որ գիրությունը ազդում է սիրտ-անոթային համակարգի, շնչառության վրա: Հետևեք կիլոգրամներին:

7. Ֆիտոթերապիա: Օգտագործեք տարբեր թուրմեր' եզան լեզվից, ժենշենից, ելակից և այլն: Իսկ երեկոյան խորհուրդ է տրվում մեկ բաժակ թեյ խմել, օրինակ՝ դաղձով կամ նանայով: