PanARMENIAN.Net - Շուշիում մեկնարկեց BarCamp Արցախ 2013-ը: Սա Արցախում կազմակերպված 3-րդ BarCamp-ն է, նախորդ տարի արցախյան չկոնֆերանսը տեղի չունեցավ որոշ տեխնիկական խնդիրների պատճառով, սակայն այս տարի ավանդույթը վերականգնվեց: Ինչպես միջոցառման բացման ժամանակ ասաց Արցախի կրթական հիմնադրամի տնօրեն, BarCamp-ի կազմակերպիչներից Վլադիմիր Գրիգորյանը, ի սկզբանե նախատեսված էր այս տարվա BarCamp-ն անցկացնել բնության գրկում' վրաններում, սակայն Ղարաբաղ Տելեկոմից հայտնել են, որ չեն կարողանա մասնակիցներին ապահովվել ինտերնետով, ինչից հետո կազմակերպիչները որոշել են վերադառնալ հին ու բարի ավանդույթներին, որտեղ հանդիպման վայրը Շուշին է:
Այս տարի արցախյան BarCamp-ում մի քանի նորամուծություններ կան. նախ, այն ավելի երկար կտևի, քան նախորդ տարիներին, մասնակիցները իրենց նյութերը ներկայացնելու համար մեկ օր ավել ունեն: Երկրորդ նորամուծությունը խմբերի կրճատումն է: Եթե նախորդ տարի մասնակիցները 3-4 խմբերով էին աշխատում, այս տարի դրանք երկուսն են' ՏՏ և Մեդիա: Սա ըստ կազմակերպիչների' արվել է' հաշվի առնելով նախորդ տարիների առաջարկությունները, երբ մասնակիցները խնդրել են կրճատել խմբերը, քանի որ միաժամանակ 3 և ավել հետաքրքիր բանախոսություններ են լինում, որոնցից ստիպված են ընտրել մեկը:
BarCamp Արցախ 2013-ի մասնակիցներին, ինպես նախորդ տարիներին, այս տարի էլ ողջունելու էր եկել ԼՂՀ մշակույթի նախարարը: Նարինե Աղաբաբյանն իր խոսքում կարևորեց նման հավաքների կազմակերպումը' նշելով, որ դրանք նաև ճանաչողական բնույթ ունեն և հույս հայտնեց, որ այս տարվա BarCamp-ի մասնակիցները ևս նախարոդ տարվա մասնակիցների նման ակտիվ կլինեն և համացանցում կկիսվեն իրենց տպավորություններով. «Այն, ինչ կներկայացվի այստեղ, շատ օգտակար կլինի մեզ համար, մենք ձգտում ենք ծանոթանալ այն ժամանակակից գործիքներին, որոնցով կկարողանանք ճիշտ ներկայացնել Արցախը համացանցում: Ցավոք, այսօր վիրտուալ դաշտում մեր հարևաններն Արցախի մեկ այլ կերպար են ներկայացնում: Մենք պետք է համատեղենք ուժերը, որ ներկայացվի իրական Արցախը: Ես հույս ունեմ, որ այն, ինչ կտեսնեք այս օրերին, կհետաքրքրի ձեզ ու դուք կկիսվեք ձեր ընկերների հետ, ինչու չէ նաև կգրեք այդ մասին»:
Նախարարը նշեց, որ իր համոզմամբ' այս տարվա BarCamp-ի մասնակիցների համար ևս Արցախում ու Շուշիում շատ բացահայտումներ կլինեն:
Նշենք, որ BarCamp Արցախ 2013-ը կազմակերպելուն աջակցել է նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նածարարությունը: Այ տարի չկոնֆերանսը երկու հատուկ հյու ունի'Արմեն Հայրյանը ԱՄՆ-ից և Գերթ Լոուրսենը'Դանիայից:
Հավելենք, որ BarCamp-ը միջոցառումներ կազմակերպելու նոր ձևաչափ է, որն առաջին անգամ կիրառվել է 2005 -ին ԱՄՆ-ում՝ Silicon Valley-ում, և հետո ստացել է լայն տարածում ամբողջ աշխարհում։ Սովորաբար Barcamp են անվանում Տեղեկատվական տեխնոլոգիաների, Ինտերնետի և Նոր մեդիաների թեմաներով չկոնֆերանսները։ Չկոնֆերանս, քանի որ միջոցառումն անցնում է ոչ ֆորմալ մթնոլորտում, որն ապահովում է բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում։ Barcamp-ում չկան հատուկ հրավիրված բանախոսներ, մասնակիցներն իրենք և զեկույցներ են տալիս, և քննարկում դրանք։ Հակառակ ավանդական կոնֆերանսի՝ այստեղ օրակարգը ձևավորվում է մասնակիցների կողմից և վերջնական տեսք է ստանում միայն միջոցառման բացումից հետո. մասնակիցները սպիտակ թղթի վրա, ըստ ժամերի, դասավորում են իրենց զեկույցների թեմաները: